Շակալի դերը մի ստանձնեք՝ մարդուն վայել չէ

Շակալի դերը մի ստանձնեք՝ մարդուն վայել չէ

Մի հնարքով հնարավոր լիներ բոլոր էն մարդկանց, ովքեր ժամանակին լռել են, հանդուրժել են նախկին իշխանություններին, քվեարկել են նրանց օգտին, ինչ որ ձեւով արգելվեր այսօր նախկինններին քննադատելը։ Կարծում եմ՝ շատ բարոյական կլիներ, որ մի հանձնաժողով գործեր եւ ամեն մեկն, ով ուզենար քննադատել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, այդ հանձնաժողովը նախ պահանջեր եւ պարզեր՝ եթե մարդը կարողանար ցույց տալ, որ վերջին 20 տարում որեւէ բառով արտահայտել է իր դժգոհությունը՝ քննադատել է վերջին երկու նախագահներին, ընդվզել է գործող ռեժիմի դեմ, միայն նրանք  իրավունք ունենային այսօր խոսելու-քննադատելու։ Կամ բոլոր նրանք, ովքեր 2017 թվականին քվեարկել են Հանրապետական կուսակցության օգտին, այսօր այդ մարդկանց արգելվեր խրոխտ ու քննադատական ստատուսներ-հոդվածներ գրելը ՀՀԿ-ի, Արմեն Աշոտյանի ու Էդուարդ Շարմազանովի դեմ։

Միանգամայն արդար ու ազնիվ կլիներ, որ այն բոլոր մարդիկ, ովքեր ժամանակին վախեցել են իրենց կարծիքը հայտնելուց, այսօր էլ նման հնարավորություն չունենային։ Եւ խոսեին, արտահայտվեին միայն նրանք, ովքեր ժամանակին չեն վախեցել, եւ ում՝ վախը երբեւէ չի առաջնորդել։ Իսկ որտեղ կա վախ, այնտեղ կա նաեւ քծնանք ու կեղծիք։ Ակնհայտ է, որ այդ մարդկանց կողմից գործող իշխանությունների հասցեին շողոքորթությունն ու քծնանքով լի գրառումները ոչ մի արժեք չունեն։ 
Թե չէ տեսնում ես՝ մարդը ժամանակին թախտի տակից դուրս չի եկել, առիթը բաց չի թողել երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձանց քծնելու, մեծարելու, նրանց հագուստի քղանցքը համբուրելու համար, հիմա թուրն առել է ձեռը եւ դատարանի առջեւ կանգնած Ռոբերտ Քոչարյանի հասցեին վերջին վիրավորական բառերն է գրում։ Իսկ նրանք, ովքեր ժամանակին չեն վախեցել եւ քննադատել են Քոչարյան-նախագահին, Սերժ Սարգսյան-նախագահին, հիմա ստիպված են այս ամբոխից պաշտպանել նրանց, քանի որ ընկածին խփելը մեծ հերոսություն չէ եւ երբ մի ողջ պետական մեքենա՝ իր վարչապետով, ՀՔԾ-ԱԱԾ-ով, դատարանով դուրս է եկել նրանց դեմ, այլեւս քո մասնակցության, քո աքացիի կարիքը չկա։ 

Ասել կուզի՝ մաուգլիի շակալներ՝ ինչքան ասես կան մեզանում, բայց ինձ համար ավելի հասկանալի եւ ընդունելի է Շերխանի, բայց ոչ շակալի դերը։ 

Վրեժ Գալստյան