Քոչարյանի դատի դռնփակ հատվածներում ի՞նչ նյութեր կարող են լինել փաստաբանների ձեռքի տակ

Քոչարյանի դատի դռնփակ հատվածներում ի՞նչ նյութեր կարող են լինել փաստաբանների ձեռքի տակ

Մայիսի 16-ին դատարանը բավարարեց սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը` դատական նիստը դռնփակ շարունակելու վերաբերյալ։ 

Պաշտպանական կողմը նշեց, որ իրենց խոսքում հնարավոր է պետական գաղտնիքին առնչվող տեղեկություններ լինեն, ինչի համար էլ ներկայացրել են միջնորդությունը։

Hraparak.am-ը Քոչարյանի պաշտպանական խմբից Հովհաննես Խուդոյանից հետաքրքրվեց՝ միայն իրենց խոսքի հետ կապվա՞ծ է դռնփակության միջնորդությունը, հնարավո՞ր է՝ նաև ինչ-որ նյութեր են հրապարակելու։ Նա նշեց, որ գործը մասնակի դռնփակ կլսվի միայն զինված ուժերի տեղաշարժին, ինչ-որ երթուղիների կամ 0038 հրամանին վերաբերող հարցերով, նիստերը կարճ ժամանակահատվածով փակ կլինեն։ Հարցին, թե ունե՞ն ձեռքի տակ նյութեր այդ մասով, փաստաբանը պատասխանեց․ «Կոնկրետ հրամանի մասով՝ ոչ, այլ նյութեր, ձայնագրություններ, տեսանյութեր կան, էն, ինչ վերաբերում է զինվորականների շարժին, չեմ կարծում, որ ինչ-որ տեսանյութ լինի»։

Փաստաբանը մանրամասնեց, որ եթե խոսքը մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններին՝ կոնկրետ զինծառայողների մասնակցությամբ դրվագներին է վերաբերում, առանձին նյութեր կարող են երևալ, իհարկե, հեռվից նկարված ու վատ որակով։

Հարցին, թե ինչ կասի այն մեկնաբանությունների վերաբերյալ, որ երեկ իր ցուցմունքում Քոչարյանը մեղքը բարդեց Սերժ Սարգսյանի վրա, Հովհաննես Խուդոյանն ասաց․ «Բացարձակ, չի կարող տենց մեկնաբանության փորձ լինի»։