Սխալ ես գրել, ասի՝ սխալ եմ գրել, ոնց որ մնացածները «շեշ ու բեշ են անում»

Սխալ ես գրել, ասի՝ սխալ եմ գրել, ոնց որ մնացածները «շեշ ու բեշ են անում»

Նոր իշխանավորների մոտ դիմացինի կարծիքը չընդունելու, իրենց անսխալական համարելու միտում կա։ Չես կարող մեկին համոզել, որ մինչև իշխանությանդ գալը այսինչ բաները խոստացել և այդ խոստումներով ես եկել իշխանության։ Մի այնպիսի բարձրահարկ բացատրություն կտան, որ բարձրությունից գլուխդ կֆռռա ու ինքդ քեզ կասես՝ տո լավ են արել, ո՜չ հավատայիր, ո՜չ էլ խաբվեիր։

Ես, օրինակ չեմ պատկերացնում, որ նոր իշխանություն եկածներին մի բանում կարող ես «սխալ հանել»․․․ Դա ողբերգություն է ուղիղ իմաստով։ Երբ մարդ իրեն անսխալական է համարում և անընդհատ իր շուրջը մեղավորներ մատնացույց անում։

Երբեմն, երբ լրագրողը ուշադրություն է դարձնում փոքրիկ դիպվածներին, դա հենց այնպես չի լինում։ Ինչքան էլ քննադատեն, որ մանրիկ հարցի ես անդրադարձել, վստահ եղիր, որ փոքրով ավելի հեշտ է բացահայտել մարդու էությունը։ Հոգեբանության մեջ նույնիսկ լվացվելու, ուտելու  ձևով կարող են բնորոշել մարդուն։ Բայց քանի որ նման բաները կարելի է հղկել, ուշադիր լինենք էական չթվացող բաների վրա։

Երկրորդ օրն է՝ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել «իր վերարկուի ու կառավարական ամառանոց տեղափոխվելու մասին»։ Նախաբանում կոպիտ սխալ կար՝

Ararat Mirzoyan

Սիրելի ընկերներ, բարեկամներ և չարեկամներ․․․

Մտածում էի՝ կուղղի երևի, այդքան բարեկամների մեջ մեկը կգտնվի ու կհուշի, որ չարեկամ բառ չկա։ Ինչ անենք, որ պաշտոնյա է, ինչ անենք, որ պետական համալսարանում դասախոսություն է կարդացել։ Կնայի ու կուղղի։ Իսկ եթե միտումնավոր է արել, ինչպես ինքն է ասում, դրա համար համապատասխան ձև կա։

 Հաջորդ օրը նայեցի՝ նույնն էր։ Ուզում էի մեսիջով գրել, մեկ էլ ուշադրությունս գրավեց այս գրառումն ու Արարատ Միրզոյանի պատասխանը․

Asatryan Marine

Չարակամներ, պրն Միրզոյան,,,
Իրերը իրենց անունով ՝ ՉԱՐԱԿԱՄՆԵՐ

Ararat Mirzoyan

շնորհակալ եմ դիտարկման համար, հատուկ եմ էդպես գրել

Իմաաա՜ստը․․․ Հատուկ գրելու իմաաա՜ստը։ Սխալ ես գրել, ասի՝ սխալ եմ գրել, ոնց որ մնացածները «շեշ ու բեշ են անում»։

Տեսա՞ք ինչ փոքրիկ բան է։ Բայց մարդն ինքն իրեն, իր էությունը  բացահայտեց՝ ինքը հատուկ է այդպես գրել։ Ինքը անսխալական է, «վիզ չի առնի», որ սխալվել է։ Ինքն իր եսը, ինչ էլ ասեք՝ առաջ է տանելու։

Նորից եմ ասում՝ խոսքը կոպիտ տառասխալի մասին չէ, այլ այն մասին, որ ինքը չի ընդունի՜․․․ Այդ տեսակն է։ Անսխալակա՜ն․․․ Հետագայում չփորձեք նրան ինչ որ բան համոզել և ոչ էլ սպասեք, որ ինքը երբևէ դիմացինի կարծիքը հաշվի կառնի։

Կասի՝ այդպես է ու՝ վերջ։