«Ֆեյսբուքը» կրկին սկանդալի կիզակետում է հայտնվել

«Ֆեյսբուքը» կրկին սկանդալի կիզակետում է հայտնվել

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը թույլատրել է Netflix եւ Spotify ստրիմինգ ծառայություններին հասանելիություն ունենալ իր օգտատերերի անհատական նամակներին։ Բացի այդ, օգտատերերի անհատական տվյալները փոխանցվել են ավելի քան 150 ընկերությունների, ներառյալ նաեւ ռուսական «Յանդեքս»-ը։ Այս մասին գրում է ամերիկյան New York Times-ը։ RTVI-ն էլ մանրամասնում է, որ օրինակ Microsoft Bing որոնողական համակարգին թույլատրվել է օգտատերերի ընկերների ցանկերը ունենալ գովազդային նպատակներով, առանց օգտատերերի համաձայնության։ Ինքնին հասկանալի է, որ այս ամենից հետո սոցկայքը կրկին հայտնվելու է սկանդալի կենտրոնում, կապված անհատական նամակագրության եւ տվյալների գաղտնիության խախտման հետ։ Ռուսական «Յանդեքս»-ից էլ պարզաբանել են, որ իրենք տեղեկություն չունեն, որ իրենց փոխանցվել են անհատական տվյալներ «Ֆեյսբուքից» եւ նաեւ չեն կարող ասել, թե եթե նման բան նույնիսկ եղել է, ապա ինչ նպատակով է սոցկայքի ղեկավարությունը դա արել։