«Հրապարակ». Եթե լինի զորակոչ, չկասկածեք, որ զենքը ձեռքիս կպաշտպանեմ իմ հայրենիքը

«Հրապարակ». Եթե լինի զորակոչ, չկասկածեք, որ զենքը ձեռքիս կպաշտպանեմ իմ հայրենիքը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ում լիազորությունները մեկ տարուց ավելի է՝ ապօրինաբար կասեցրել են եւ պաշտոնը նույնքան ապօրինաբար փոխանցել Գագիկ Ջհանգիրյանին, երեկ հանդիպեցինք ցույցերի ու միտինգների կենտրոն Ազատության հրապարակից քիչ հեռու՝ Սայաթ-Նովա փողոցով զբոսնելիս։ Հետաքրքրվեցինք՝ հետեւո՞ւմ է երկրում ընթացող գործընթացներին, մասնավորապես՝ Ազատության հրապարակում հավաքված քաղաքական ուժերի քայլերին, այդ թվում՝ իր ընկեր Արթուր Վանեցյանի եւ մյուսների նախաձեռնած ակցիաներին՝ ընդդեմ այս իշխանությունների, եւ ի՞նչ կարող է ասել դրանց վերաբերյալ։

«Տեղյակ եմ, հետեւում եմ հեռուստացույցով եւ յութուբյան ալիքներով, բայց չեմ մասնակցում՝ պարզ պատճառով, որովհետեւ ես քաղաքական գործիչ չեմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Իսկ այն, ինչ մտահոգում է այսօր մեր հայրենակիցներին, դա Արցախի հնարավոր կորուստն է, դա, իհարկե, մտահոգում է, ինչպես բոլոր առողջ մտածողություն ունեցող մարդկանց»,- ասաց նա։

- Բայց որպես քաղաքացի՝ կարող եք, չէ՞, Ձեր բողոքի ձայնը բարձրացնել կամ մասնակից դառնալ այս ակցիաներին, եթե Ձեզ էլ է մտահոգում Արցախի եւ Հայաստանի ճակատագիրը։

- Շատ ճիշտ եք ասում, միանշանակ մտահոգում է, բայց հաշվի առնելով իմ կարգավիճակը՝ ԲԴԽ նախագահ, թեկուզեւ կասեցված լիազորություններով, ես որեւէ իրավունք չունեմ մասնակցելու որեւէ քաղաքական ակցիայի։ Ինչ վերաբերում է իմ քաղաքացիական դիրքորոշմանը, ապա ընտրությունների դեպքում ես միանշանակ կհայտնեմ այն։

- Որքանով որ թույլ կտա Ձեր կարգավիճակը, խնդրում եմ պատասխանել իմ հարցին՝ կուզեի լսել Ձեր կարծիքը Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթի վերաբերյալ, երբ նա ԱԺ ամբիոնից խոսում էր Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին, ինչպես նաեւ գնահատել այն հայտարարությունը, որ կարող էր կանխել պատերազմը, եւ նույն իրավիճակը կլիներ՝ իհարկե, առանց զոհերի։

- Նիկոլ Փաշինյանի ասածները եւ ելույթները մեկնաբանելու որեւէ ցանկություն չունեմ։ Ընդամենը մեկ բան կարող եմ ասել, որ եթե լինի զորակոչ, եւ իմ անհրաժեշտությունը լինի, կամ ես զգամ այդ անհրաժեշտությունը, ապա մեկ վայրկյան անգամ չկասկածեք՝ կգնամ զինկոմիսարիատ, կհավաքագրվեմ եւ զենքը ձեռքիս կպաշտպանեմ իմ հայրենիքը։