Ադրբեջանցիներն այսօր նորից կբանակցեն ռուս խաղաղապահների հետ 

Ադրբեջանցիներն այսօր նորից կբանակցեն ռուս խաղաղապահների հետ 

Ադրբեջանցի մասնագետների խումբը, որն ուղարկվել է Ղարաբաղ՝ «հետաքննելու և վերահսկելու ԼՂ տարածքում բնական ռեսուրսների ապօրինի շահագործման և դրա համատեքստում բնապահպանական հետևանքների հետ կապված իրավիճակը, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Խոջալուում կշարունակի քննարկումները ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ», հայտնում է ԱՊԱ-ն։

Գործակալության տվյալներով՝ Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության, Էկոնոմիկայի նախարարությանն առընթեր գույքային հարցերի պետական ​​ծառայության և «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ի աշխատակիցները, դեկտեմբերի 3-ին կայացած խորհրդակցությունից հետո, այս անգամ բանակցություններ կվարեն ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ՝ Խոջալուում տեղակայված նրանց շտաբում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ի կեսօրից մի խումբ ադրբեջանցիներ փակել էին Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ պատճառաբանելով բնապահպանական խնդիրները։ 

Ավելի ուշ կենսական ճանապարհը բացվել էր, իսկ Ադրբեջանի բնապահպանության նախարարության հաղորդմամբ՝ քննարկումների արդյունքում սկսվել է վերոնշյալ աշխատանքների իրականացման համար ճանապարհային քարտեզի նախապատրաստումը։