Ցավն այն է, որ այդ հանգամանքները մինչեւ վերջ մնում են չպարզված

Ցավն այն է, որ այդ հանգամանքները մինչեւ վերջ մնում են չպարզված

Ամեն ամիս առնվազն մի քանի զինվոր բանակում մահանում է «չպարզված հանգամանքներում»: Մի կողմից թշնամին է, մյուս կողմից` «չպարզված հանգամանքները»: Սարսափելին այն է, որ ամիսներ, տարիներ, նույնիսկ տասնյակ տարիներ են անցնում, սակայն այդ «հանգամանքներն» այդպես էլ չեն բացահայտվում: Ըստ վիճակագրական տվյալների` 2018-ից ի վեր հայկական բանակում աննախադեպ թվով զինվորներ են մահացել՝ ավելի շատ, քան նախորդ 30 տարիներին: Երեկ էլ տեղեկացանք, որ զինված ուժերում երկու զինվոր է մահացել: Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Հրապարակի» հետ զրույցում հավաստիացնում է, որ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում մշտապես այս պատկերն է եղել, իսկ վիճակագրական տվյալների առնչությամբ իրավապաշտպանը նշում է, որ դրանք խիստ մանիպուլյատիվ կարող են լինել ու ոչ այնքան վստահելի:

- Անվերջ լսում ենք խաղաղ պայմաններում զինվորների մահերի մասին, որոնք, ըստ ՊՆ-ի, տեղի են ունեցել չպարզված հանգամանքներում, կամ էլ շատ հաճախ լսում ենք, որ զինվորը զորամասում ինքնասպան է եղել: Ինչո՞վ է պայմանավորված այս պատկերը, եւ, վերջապես՝ մի՞թե իշխանությունների եւ բանակի ղեկավարության համար առոչինչ է զինվորի կյանքը: Նախկինում ե՞ւս պատկերն այսպիսին էր:

- Մենք մշտապես ունեցել ենք գրեթե նույն պատկերը, թվերի առումով՝ մի փոքր պակաս, սակայն զինվորին, առհասարակ՝ քաղաքացուն չի կարելի գլխաքանակով հաշվել: Յուրաքանչյուր նման դեպք ինքնին ողբերգությունից զատ նաեւ անվտանգության տեսանկյունից է մեծ խնդիր Հայաստանի համար, հետեւաբար՝ բոլոր ժամանակներում հայտարարված բարեփոխումները ոչ մի արդյունք չեն տալիս, որովհետեւ դրանք իմիտացիոն բնույթ են կրում, եւ իրականում ոչ մի բարեփոխում էլ տեղի չի ունեցել: Չունեմ այլ բացատրություն: Իրական բարեփոխումների արդյունքում չէր կարող նման պատկեր լինել:

- Ինչո՞ւ են զինվորները չպարզված հանգամանքներում մահանում: Բանակում չկա՞ վերահսկողություն, զինվորի կյանքի համար պատասխանատվություն կրող մարմիններ չունե՞նք:

- Նախաքննության տեսանկյունից, քանի դեռ այն ավարտված չէ, այս տերմինը կիրառելի է, սակայն ցավն այն է, որ մեծ մասամբ այդ գործերի հանգամանքները մինչեւ վերջ մնում են չպարզված: Անգամ այն պարագայում, երբ հայտարարվում է, որ գործն ավարտված է, կարճվում է գործը եւ այլն, սակայն, ամեն դեպքում, մեծ մասամբ հանգամանքները ոչ համոզիչ են ու չհիմնավորված, ավելին` առանձին դեպքերում այն ծնողները, որոնք փորձում են մինչեւ վերջ գնալ, ի վերջո կարողանում են հիմնավորել, որ իրականում պաշտոնական տեսակետը չունի ոչ մի աղերս իրականության հետ:

- Իշխանությունները տարիներ շարունակ խոսում են բանակում բարեփոխումների մասին, սակայն այն հանգում է մայկա-տռուսիկ եւ ելակ մատակարարելու թեմային: Իսկ անվտանգային առումով պատկերը լրիվ հակառակ բանի մասին է փաստում: Իրականում ի՞նչ բարեփոխումներ են հարկավոր՝ բանակում կարգուկանոն հաստատելու եւ նման դեպքերից մաքսիմալ զերծ մնալու համար:

- Մոտեցումն ու տրամաբանությունը պետք է փոխվեն նախ՝ մարդու, հետո՝ բանակի նկատմամբ: Չի կարելի զինվորին վերաբերվել գլխաքանակով: Մեզ մոտ մարդուն հաշվարկում են զուտ որպես ռեսուրս, էսքան սապոգ ծախել, էսքան տանկ գնել ու այսքան մարդ…. Մարդը որեւէ կերպ ո՛չ նախկինում է արժեւորվել, ո՛չ էլ հիմա:

- Չկարծեք, թե փորձում եմ անցյալի սխալներն արդարացնել, սակայն ես չեմ հիշում, որ առաջ այսքան շատ զինվորներ մահանային բանակում:

- Աննկարագրելի թվով էին դրանք: Ես մի մարդ եմ, ով 25 տարուց ավելի է՝ աշխատում է այդ ոլորտում եւ զբաղվում է հենց այդ գործերով: Աննկարագրելի թվով ունեցել ենք, ունենք եւ դեռ ունենալու ենք նման գործեր: Սեւազգեստ մայրերը դրա վառ ապացույցն են: Մարդիկ կան, որոնք արդեն 20 տարի է՝ պայքարում են իրենց երեխաների գործերով, եւ արդեն ապացուցված է, որ պաշտոնական տեսակետն ունի զրո արժեք, որովհետեւ չունի հիմնավորում: Այսօր տեղի ունեցողը վատթարագույն ավանդույթների շարունակությունն է: Չկա ոչ մի փոփոխություն:

- Կան վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ 2018-ից մինչ օրս մի քանի անգամ ավելի շատ զինվոր է մահացել:

- Վիճակագրական տվյալներին հակված եմ չհավատալ, որովհետեւ վիճակագրությունն ամենահեշտ մանիպուլացվող գործիքն է, եւ հետո՝ երբեք ստատիստիկան չի եղել նորմալ մակարդակի վրա: Անգամ մեկ զինվորի մահը ոչ ռազմական պայմաններում խիստ անհանգստացնող պետք է լիներ, սակայն համակարգում ոչինչ չի փոխվել: Ինչպես 30 տարի գործել են, այնպես էլ հիմա են աշխատում: Խոսքը վերաբերում է նաեւ գործերը քննող մարմիններին:

- Ո՞րն է պատճառն այդ անգործության. ցանկությո՞ւն չկա, թե՞ բանակի ղեկավարներն են անփորձ ու դիլետանտ:

- Շատ կարեւոր է, որ ինստիտուտները գործեն, բայց, նախ, դրա համար անհրաժեշտ են մարդիկ, որոնք կգիտակցեն, թե ինչ են անելու` լավ իմաստով: Պետք է ցանկանալ հասնել այդ փոփոխություններին, սակայն գործող պաշտոնյաները, մեղմ ասած, ո;չ ոլորտից են բան հասկանում, ո;չ էլ փոփոխություններ անելու ցանկություն ունեն: Դրանք ապացուցում են նաեւ իրենց նախկինում զբաղեցրած պաշտոնները: Առհասարակ, պետական կառավարման տեսանկյունից փոփոխությունները մեծ ծավալի եւ ծանր աշխատանք են պահանջում, նաեւ՝ պատասխանատվություն: Ծանր հետեւողական աշխատանք է անհրաժեշտ, ինչն իշխանությունները չեն իրականացնում, անկախ իրենց խոստումներից: