Վերմիշյանը շփոթեցրել է բոլորին

Վերմիշյանը շփոթեցրել է բոլորին

Օրեր առաջ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հայտարարեց, թե մինչեւ 2021 թվականը աղետի գոտու բոլոր շահառուները կապահովվեն բնակարաններով։ Ըստ Վերմիշյանի բերած վիճակագրության, երկրաշարժի հետեւանքով տնակներում ապրող քաղաքացիների թիվը 457 է, վերջիններիս բնակարաններով ապահովելու համար 3 միլիարդ դրամ է անհրաժեշտ։

Վերմիշյանը նաեւ պնդեց, որ նախկին իշխանությունների ժամանակ որպես աղետի գոտու շահառու է հաշվառվել 5 հազար 396 ընտանիք, մինչդեռ 2008 թվականից մինչ այսօր 4 հազար 943 ընտանիք ստացել է բնակարան։ Իսկ թե ինչպես է ստացվում, որ տնակներում ապրողների թիվն ավելի մեծ է, իսկ շահառու ճանաչվածներինը՝ անհամեմատ ավելի փոքր, Վերմիշյանը բացատրեց նրանով, որ մարդիկ բնակարան են ստացել, հետո վաճառել ու կրկին ապրում են տնակում․ «Նույնիսկ կան այսպիսի կատեգորիաներ, որ ունեն բնակարան, ուղղակի ընտանեկան ներքին խնդիրների պատճառներով բաժանվել են 2 մասի, ասենք, կեսուր-հարս հարաբերություններ, քույր ու եղբայր։ Մեկը գնացել, տնակում է ապրում»։

«Շիրակ Կենտրոն» կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը, որը վարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խմբի անդամ է, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ 3 միլիարդ եւ 457 թվերը վերաբերում են Լոռու մարզի 12-13 գյուղական բնակավայրերում կիսատ մնացած անհատական բնակարանների կառուցմանը միայն, իսկ իրականում, եթե խոսքն աղետի գոտու մասին է, ապա շուրջ 8 հազար անօթեւան ընտանիքի մասին պետք է խոսել․ «2008 թվականին, երբ բնակարանաշինության վերջին փուլը եղավ, Գյումրիում «Մուշ 2» թաղամասը կառուցվեց, Սպիտակում, Վանաձորում բնակարաններ կառուցվեցին։

Նաեւ գյուղերում բնակարանաշինության ծրագիր էր իրականացվում։ Գործընթացը հետեւյալն է՝ սկզբից անօթեւան են ճանաչվում, հետո նորից փաստաթղթեր են ուզում, շահառու են ճանաչում։ Այս պարագայում խոսքը չի կարող լինել ամբողջ աղետի գոտու կամ անօթեւանության մասին։ Այդ 457-ը վերաբերում է հիմնականում Լոռու մարզի գյուղական բնակավայրերին։ Այսինքն՝ դա չի վերաբերում Շիրակի մարզին առհասարակ, Գյումրիին չի վերաբերում, այլ վերաբերում է նրան, որ սկսվել է անհատական բնակարանաշինությունը, կիսատ է մնացել, հիմա գումարը տալիս են, որ ավարտեն։ Սա մի լոկալ խնդիր է»։
Բայց չէ՞ որ Վերմիշյանն ասում է, որ 3 միլիարդ դրամով «աղետի գոտի» հասկացությունը վերանում է ընդհանրապես։

«Ինքը սխալ տերմին է օգտագործել, ներքին օգտագործման տերմին է, իսկ լրագրողները պարտավոր չեն իմանալու այդ տերմինները։ Եվ մարդիկ ընկան թյուրիմացության մեջ։ Ինքն ասում է, որ հաշվառումն ավարտվել է, առաջարկությունների փաթեթի ձեւավորումն ավարտել ենք, աշխատանքային խումբն  աշխատանքներն ավարտել է (որի մեջ ես էլ էի ընդգրկված), մոտ 8 հազար ժամանակավոր կացարան է բացահայտվել աղետի գոտում՝ բնականաբար, իրենց բնակիչներով հանդերձ։

Եվ այդ ամբողջ փաթեթը ներկայացվել է կառավարությանը, որ որոշումներ կայացնեն, ծրագիր մշակեն եւ այլն։ Դա երկար տարիներ կտեւի, ահռելի աշխատանք է, մեծ ցանկության դեպքում էլ մենք դա արագ չենք կարող անել։ Այսինքն՝ մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի, եթե վերցնենք, որ այդ 457 մարդու խնդիրն է լուծվելու, հնարավոր է, բայց եթե ամբողջ աղետի գոտու մասին է խոսքը... 8 հազար ընտանիքի մասին է խոսքը, սա թյուրիմացություն է։ Այդ հայտարարությունից հետո ես անընդհատ նամակների եմ պատասխանում, հովանավորները, որոնք ցանկություն ունեն օգնելու, եւ տարիներ շարունակ իրենց հետ աշխատել ենք, առաջիկայում ծրագրեր են իրականացնելու Գյումրիում։

Օրինակ՝  մարդը նպատակ ունի որեւէ ընտանիքի բնակարան նվիրելու, որոշակի գումար է դնում, ծրագրում եւ հանկարծ կարդում է, որ այդ խնդիրը 2020 թվականին լուծված է, կասկածանքի մեջ կընկնի, չէ՞, ինչո՞ւ ես գումար դնեմ, եթե այդ խնդիրը 2020 թվականին վերջնականապես լուծված է, այն դեպքում, երբ այդ 3 միլիարդն ընդհանրապես չի վերաբերում Շիրակի մարզին ու Գյումրիի անօթեւաններին»։

Ըստ պաշտոնական տվյալների, Շիրակի մարզում շուրջ 3 հազար 300 տնակ կա, որի բնակիչների մեծ մասն անօթեւանի կարգավիճակ ունի։ Թումասյանի պնդմամբ՝ իշխանությունների սխալն այն է, որ շահառու ընտանիքներին հաշվելու փոխարեն հաշվեցին տնակները, մինչդեռ տնակներ կան, որ, օրինակ, որպես ցախանոց են օգտագործվում։ Իշխանությունները, ուզեն թե չուզեն, պետք է ընտանիքներին հաշվառեն, ուսումնասիրեն բոլոր փաստաթղթերը, հետո միայն սկսեն փոխհատուցման գործընթացը։ Գյումրիում միայն, ըստ Թումասյանի, երկրաշարժի հետեւանքով մոտ 2 հազար անօթեւան ընտանիք կա՝ մոտ 5 հազար մարդ։

Թեմային անդրադարձել է նաեւ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Նա էլ ողջ մեղքը բարդել է լրատվամիջոցների վրա՝ ասելով, որ որոշները թյուրիմացաբար այլ բան են ներկայացնում։ Ո՞րն է լրատվամիջոցների մեղքը, եթե քաղաքաշինության կոմիտեի նախագահը բառացիորեն ասում է՝ 2021 թվական ենք մտնելու առանց «աղետի գոտի» հասկացության։