Նախկինում փաստաբանների նման միավորում եղել է իմքայլական Նիկոլայ Բաղղասարյանի շուրջ 

Նախկինում փաստաբանների նման միավորում եղել է իմքայլական Նիկոլայ Բաղղասարյանի շուրջ 

Այսօրվա դրությամբ 50 -ից ավելի փաստաբաններ միացել են հանուն դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանության։ Նրանք են, Արփինե Հովհաննիսյան, Երվանդ Վարոսյան, Արամազդ Կիվիրյան, Արգիշտի Կիվիրյան, Լիպարիտ Սիմոնյան,Մարգարիտա Գյուլումյան, Գարիկ Սահակյան, Գայանե Հովակիմյան, Անի Գինոսյան, Թամարա Յայլոյան, Մարատ Կոստանյան, Լուսինե Բաղումյան, Ռաֆայել Ամիրխանյան, Լուսինե Մարտիրոսյան, Հովհաննես Սանսարյան, Հովսեփ Սարգսյան, Վարդուհի Էլբակյան, Լուսին Վիրաբյան, Արտակ Շադյան, Հայկ Շահումյան, Երեմ Սարգսյան, Գեորգի Մելիքյան, Մարիամ Մկրտչյան, Անգելիկա Հակոբյան, Էրիկ Ամիրխանյան, Հայկ Ւսրայելյան, Արմեն Ամրիկյան, Միհրան Պողոսյան, Վարազդատ Հարությունյան , Մինաս Մուրադյան, Սամվել Ջաղինյան, Հակոբ Սաֆարյան, Նարինե Ռշտունի, Կարինե Սիմիդյան, Լիաննա Գրիգորյան, Վահե Հովսեփյան,Դավիթ Իսրայելյան, Էլինար Վարդյանյան և այլք։

Նշենք, որ նախկինում նման նախադեպ, այն էլ՝ ոչ թե դատավորին պաշտպանելու, այլ փաստաբանին, եղել է մեկ անգամ, երբ 200 փաստաբաններ՝ ի աջակցություն իրենց գործընկեր, ներկայումս «Իմ քայլի« պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի, ստանձնեցին նրա պաշտպանությունը, երբ 2015-ին նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, այն է՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը: Փաստաբանների պալատի նախագահն էլ առանձին էր տեղեկացրել է, որ Պալատից կնշանակվի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի շահերը մյուս գործընկերների հետ միասին դատարանում պաշտպանելու նպատակով: 

Պարզվում է՝ Դավիթ Գրիգորյանին հիմնական պաշտպանությունն իրականացնելու են փաստաբաններ Գեորգի Մելիքյանը  և Երվանդ Վարոսյանը։ 

«Սպասում ենք, որ պարոն Գրիգորյանին հրավիրեն Քննչական ծառայություն՝մեղադրանք առաջադրելու, որ, բնականաբար, բոլորի ներգրավվածության հարցը լուծվի»,-«Հրապարակի» հետ զրույցում ասաց Գեորգի Մելիքյանը։ «Հիմնականում մենք ենք լինելու, բայց, դե բնականաբար, եթե բոլորը ներգրավվում են որպես պաշտպան, յուրաքանչյուրն էլ իրավասու է իր պարտականություններից բխող որոշակի գործողություններ կատարել՝ ընդհանուր համաձայնեցված կարգով»։ 

Ինչ դերերի բաշխում է լինելու փաստաբանների միջև։ Սա,Մելիքյանի խոսքով, պաշտպանական մարտավարություն է, որի վերաբերյալ մանրամասներ չի հայտնում։

Հարցրեցինք նաև, թե որոնք են լինելու հետագա գործողությունները։ Փաստաբանն ասում է․«Սպասում ենք, որ պարոն Գրիգորյանին հրավիրեն Քննչական ծառայություն՝մեղադրանք առաջադրելու, որ, բնականաբար, բոլորի ներգրավվածության հարցը լուծվի»։

Փաստաբանները, ինչպես սահմանված է օրենքով, ստացել են դատավոր Դավիթ Գրիգորյանի համաձայնությունը։

Հիշեցնենք, որ ԲԴԽ Խորհուրդը 23.07.2019 թ. դիմել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարին և 26.07.2019 թ. ստացել ՀՀ գլխավոր  դատախազի պաշտոնակատարի պատասխանը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հարցադրումների վերաբերյալ։ « Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ հիշյալ քննչական գործողություններն իրականացնելիս քննիչի կողմից կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնքվել է դատավոր Դ. Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը, ինչով սահմանափակվել է վերջինիս մուտքն իր աշխատասենյակ:ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանն ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն»,-վերոգրյալի արձանագրմամբ Բարձրագույն դատական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնել վարույթն իրականացնող մարմնի կողմից հիշյալ գործողությունն իրականացնելու կապակցությամբ և միջնորդել ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:

Հարցին, թե հույս ունե՞ն, որ այս մասշտաբային ակցիան անակնկալի կբերի և կսթափեցնի իշխանություններին։ «Հուսով եմ՝ մեր իշխանությունները ողջախոհություն կդրսևորեն, հուսով եմ՝ մեր իշխանության ներկայացուցիչները անմեղսունակության հատկանիշներ չունեն, որ չընկալեն այն ապօրինությունները, որոնք հետևանքն են այս ամենին։ Եվ իմ կարծիքով՝ պետք է ողջախոհություն դրսևորեն և վերացնեն»,-հույս հայտնեց Գեորգի Մելիքյանը։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ ասաց․« Միացել եմ իմ կոլեգաներին՝«կոլեգաներիս» մենակ չթողնելու տարբերակով»։ Նրա միանալը մի քիչ պայմանական է, քանի որ կողմ է, բայց ծանրաբեռնվածության պատճառով չի միացել։

Զրուցեցինք նաև ակցիային միացած Լուսինե Սահակյանի հետ, ով նախկինում Երվանդ Վարոսյանի հետ պաշտպանել է  բազմաթիվ քաղբանտարկյալների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանյանին։ Եվս մեկ անգամ հարցրեցինք՝ ինչ է խորհրդանշում այս ակցիան։ Լուսինեի Սահակյանի խոսքով՝ այնպես չէ, որ կանգնել են կոնկրետ դատավորի կողքին, այլ ակցիայի գաղափարական կողմը։

«Եթե թույլ տրվի, որ Դավիթ Գրիգորյանը քրեական հետապնդման ենթարկվի, էստեղ լուրջ վտանգներ ենք տեսնում։ Ակնհայտ է, որ նա հետապնդվում է իր կողմից կայացված կոնկրետ գործով որոշման համար։ Եվ փաստորեն, դատավորի գործունեությանը միջամտություն է տեղի ունենում»,-ասաց Լուսինեն։ Նա ասաց, որ նման բան թույլ տրվելու դեպքում այս դեպքն ունենալու է շարունակություն։ Եթե անգամ չունենա այլ դատավորներին քրեական հետապնդման ենթարկելու իմաստով, ապա մյուս դատավորներն արդեն շատ զգուշավոր են գործելու և իշխանահաճո որոշումներ են կայացնելու։ Այսինքն՝ Հայաստանն այլևս անկախ դատական համակարգ չի ունենալու։

Լուսինե Սահակյանն ու Վարոսյանը Փաշինյանի պաշտպանությունն իրականացնելիս մշտապես խոսում էր խախտումների մասին։ Հարցրեցինք՝ այն ժամանա՞կ էին շատ թե հիմա։ Ի պատասխան՝ փաստաբանն ասաց, որ ցավոք, խախտումները միշտ եղել են և միշտ ունեցել ենք քաղբանտարկյալներ, բայց ամենավատ երազում անգամ չէր կարող պատկերացնել, որ այս իշխանությունների օրոք նման իրավիճակ կունենանք։

«Որովհետև կար ակնկալիք, որ ամեն ինչ պետք է արվեր, որ իրական ժողովրդավարական երկիր ունենանք, ինչը նախկին իշխանությունների օրոք էլ չկար և մենք ամեն ինչ անում էինք, որպեսզի փոփոխվեր իրավիճակը, որ ունենայինք նորմալ դատարաններ, նորմալ դատական համակարգ։ Որ դատավորներն իմանային, որ իրենք արդարադատություն պետք է իրականացնեին, որ չպիտի ենթարկվեն իշխանություններին»,- ասում է Լուսինե Սահակյանը։

Նրա ամփոփմամբ՝ դատարանների նկատմամբ միշտ և բոլոր իշխանությունների օրոք Հայաստանում եղել են ճնշումներ, միշտ դատարանները անկախ չեն գործել։ Ուղղակի այն ժամանակ դա եղել է քողարկված, հիմա բացահայտ է կատարվում։ 

«Եվ հասել է այն մակարդակի, որ դատավորների նկատմամբ քրեական հետապնդումներ են իրականացվում։ Համենայնդեպս, նախկին իշխանությունների օրոք կային մի քանի դատավորներ, որոնք անկախ էին և ակնհայտ էր, որ իշխանությունները հեռու էին մնում այդ դատավորներից՝ հասկանալով, որ նրանք մեկ է՝ իշխանահաճո որոշումներ չեն կայացնելու։ Եվ իրենք, հիմնականում, հենվում էին այն դատավորների վրա, որոնք կամակատար էին, իրենց պատվերը կկատարեին։ Բայց գոնե ազատ էին թողնում այդ մի քանի դատավորներին»։