Նիկոլն ու Ալիեւը կհետախուզվեն նույն գործով

Նիկոլն ու Ալիեւը կհետախուզվեն նույն գործով

Երեկ միանգամից երկու հետաքրքիր լուր ստացվեց, եւ, կարծում եմ, վերջնականապես փարատվեց այն կասկածը, որ Փաշինյանն ու Ալիեւը համաձայնեցված են գործում: Առաջին` ՔՊ-ն (Նիկոլը) մերժեց «Հայաստան» խմբակցության առաջարկը` դատապարտող հայտարարություն ընդունել, այսպես կոչված, Ալիեւ-Էրդողան հռչակագրի (Շուշիի հռչակագիր) վերաբերյալ, եւ երկրորդ` Ադրբեջանը հետախուզում հայտարարեց ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ: Առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող այս իրողությունները, բացառված չէ, որ հղացվել են Բաքվում եւ Երեւանում միաժամանակ: Համենայնդեպս, դա հերքել չեն կարող ո՛չ Նիկոլը, ո՛չ էլ Ալիեւը:

Որքան էլ ասենք՝ քաղաքականությունը հնագույն մասնագիտություններից է, այնուամենայնիվ, պետք է ընդունենք, որ քաղաքականության մեջ էլ կան սկզբունքներ, որոնք երբեմն-երբեմն պահպանվում են: Դրանցից մեկն էլ «ես՝ քեզ, դու`ինձ» սկզբունքն է, որ գրեթե միշտ առկա է համընկնող շահեր ունեցող երկրների միջեւ: Նիկոլը չի դատապարտում «Շուշիի համաձայնագիրը», իսկ Ադրբեջանը հետախուզում է հայտարարում Նիկոլի հակառակորդ նախագահների նկատմամբ, այսինքն, դու՝ ինձ, ես` քեզ: Հասկացանք, չէ՞:

Իսկ հիմա՝ մի փոքրիկ նրբություն: Ինչո՞ւ է ՀՀ նախագահների շարքից բացակայում Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը: Մի՞թե Լեւոն Տեր-Պետրոսյանն այլեւս չի համարվում արցախյան հաղթական պատերազմ կերտիչներից մեկը, եւ կամ մի՞թե Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր, որ Հայաստանում գեներացնում էր 1988թ. Ստեփանակերտից հնչած «Միացում» կարգախոսը: Մի քիչ որ երկար մտածենք, հաստատ կգանք այն եզրակացությանը, որ Բաքուն Տեր-Պետրոսյանին խնայել է կա՛մ Նիկոլի հորդորով եւ կա՛մ` Հայաստանի պարտվողական քաղաքականության հիմնադիրը լինելու համար:

Բայց վերադառնանք մեզ հուզող հարցին` ինչո՞ւ վերոնշյալ երկու տեղեկությունը մեր հանրությանը հասավ միաժամանակ: Հարցն այլ կերպ տանք` ինչո՞ւ Բաքուն ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին բարձրաձայնեց հենց այն պահին, երբ ՔՊ-ն տապալեց ընդդիմության` «Շուշիի հռչակագրը» դատապարտող նախաձեռնությունը: Նիկոլ-Ալիեւ գործարք կա՞ այստեղ: Միանշանակ` կա: Ավելին ասեմ: Ալիեւը ազդանշանը մի փոքր ավելի շուտ տվեց` հայտարարելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հնարավոր կալանավորման մասին: Այստեղ էլ Նիկոլին է խնայել Բաքուն: Տրամաբանակա՞ն է, արդյոք, որ հակառակորդի գերագույն գլխավոր հրամանատարին թողնեն, ջոկի հրամանատարի հետեւից ընկնեն: Հիմարություն է, չէ՞: Բայց դու տես, որ դրա մեջ էլ իմաստ կա: Նիկոլը՝ որպես ՀՀ վարչապետ, կարող էր կազմակերպել Ալիեւի դեմ, որպես մարդասպան ճիվաղի, միջազգային ատյաններում գործ հարուցել: Նիկոլը չի արել դա, եւ Ալիեւն էլ, բնականաբար, գործ չի հարուցի Նիկոլի դեմ: Դարձյալ բարտերի մասին է խոսքը, եթե նկատեցիք:

Նիկոլը Ալիեւի հետ շփումներում քանիցս ակնարկել է, որ Հայաստանում ունի ուժեղ հակառակորդներ, որոնք խանգարում են իրեն Արցախի հարցը լուծել Ադրբեջանի օգտին: Նա անընդհատ ժամանակ է խնդրել, մինչեւ կարողանա ներսի հակառակորդների «հախից գալ»: 44-օրյա պատերազմից հետո, երբ «Արցախի հարցը լուծվեց», կարելի է ասել, Ադրբեջանի ջանքերով, ու Փաշինյանին ոչինչ չէր մնում անելու, քան լեգիտիմացնել «Ադրբեջանի հաղթանակը», ի հայտ եկավ նոր խնդիր` Ադրբեջան-Թուրքիա միջանցքի հարցը, որ պատերազմով չէր լուծվել ռուսների միջամտության շնորհիվ: «Շուշիի հռչակագիրը», որ արդեն վավերացրել են Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանները, հենց այդ միջանցքն ստանալու մասին է, որ ճանապարհների ապաշրջափակման պատճառաբանությամբ վարպետորեն քողարկում էր Նիկոլը:

Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսում խոսեց Փաշինյանի «ապաշրջափակած» ճանապարհների անհարմարության մասին՝ հասկացնելով, որ խոսքը ոչ թե Հայաստանն աշխարհի հետ կապելու մասին է, այլ Հայաստանին կոնֆետի ֆանտիկներով խաբելու մասին: «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարության ընդունումը լույս կսփռեր թուրք-ադրբեջանական այդ մութ գործարքի վրա եւ մտորելու առիթ կտար ինչպես մեր թշնամիներին, այնպես էլ բարեկամներին` Իրանին եւ Ռուսաստանին: Եվ Նիկոլն ու ՔՊ-ն ամեն ինչ արեցին, որ վիժեցվի ՀՀ ԱԺ կողմից այդ կարեւոր քաղաքական քայլը: Հետեւեց ՀՀ նախագահների նկատմամբ հետախուզում հայտարարելու Բաքվի զավեշտալի քայլը, որով Ալիեւը, հավանաբար, ցանկացավ թեթեւացնել այս խայտառակությունից հետո Նիկոլի վրա հետագա հնարավոր ճնշումները: Էլ ի՞նչ աներ Բաքուն, չէ՞ որ գնալով ավելի ու ավելի է դժվարանում Նիկոլի վրա հույս դնելը, իսկ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջազգային հեղինակությունը խոչընդոտ է  Անկարայի հետ իր մութ գործարքների իրականացման ճանապարհին:

ՀԳ. ՀՀ նոր իշխանություններին, որպես առաջիկա գործունեության ծրագրային կետ, առաջարկում եմ Նիկոլի եւ Ալիեւի նկատմամբ հետախուզումը հայտարարել նույն գործով: Կկարողանա՞ք Էրդողանին էլ ներգրավել այդ գործով, ես միայն ուրախ կլինեմ դրա համար: