Թրաֆիքինգով եւ մարդկանց շահագործմամբ զբաղվում է Հայաստանի կառավարությունը

Թրաֆիքինգով եւ մարդկանց շահագործմամբ զբաղվում է Հայաստանի կառավարությունը

Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ուղարկել «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Այս փոփոխությունների նպատակը, ըստ կառավարության, Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելն է: 

Առաջարկվող փոփոխությունների մեջ, այլեւայլ ձեւակերպումների հետ, կա նաեւ սահմանումը, թե ով է համարվում թրաֆիքինգի եւ շահագործման ենթակա անձ: Այդ սահմանման մեջ ասվում է. «Շահագործում են համարվում այլ անձի՝ պոռնկության շահագործումը կամ սեքսուալ շահագործման այլ ձեւերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայություն մատուցելուն, կամ հակաիրավական գործողություններ կատարելուն հարկադրելը, ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը, առքը կամ վաճառքը, բջիջը, օրգանը, հյուսվածքը կամ կենսաբանական նյութերը, կամ հեղուկները վերցնելը»:

Ըստ կառավարության ներկայացրած փաստաթղթի՝ որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ, 2015-2016 թվականներին նույնացվել է 24 անձ, 2017 թվականին՝ 11, 2018 թվականին՝ 9, 2019 թվականին՝ 8, 2020 թվականին՝ 9 անձ: Միեւնույն ժամանակ, կառավարությունն ընդունում է, որ հստակ ցուցիչներ, որոնք հիմք են տալիս օբյեկտիվորեն անձին ճանաչել զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ, Հայաստանում սահմանված չեն: Փորձենք այդ բացը լրացնել մենք:
Կառավարությունն առաջարկում է ստրկությունը եւ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը եւս համարել թրաֆիքինգի եւ շահագործման ձեւ: Սա միանգամայն ընդունելի է, բայց այդ դեպքում պետք է համարենք, որ թրաֆիքինգով եւ մարդկանց շահագործմամբ զբաղվում է կառավարությունը: Դա այնքան էլ դժվար չէ ապացուցելը: Հայաստանում նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է: Սակայն հարյուրավոր եւ հազարավոր մարդիկ ստանում են դրանից էլ ցածր աշխատավարձ:

Օրինակ, համայնքային ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցները ստանում են անհամեմատ ավելի ցածր աշխատավարձ: Բայց եկեք ընդունենք 68 հազար թիվը: Հայաստանում նվազագույն կենսապահովման զամբյուղը 70-75 հազար է՝ սպասվող թանկացումները չհաշված: Այս տարի աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ, եւ տարեվերջին այդ թիվը կարող է անցնել 80 հազարը: Նշանակում է, որ մարդն աշխատում է, բայց այդ աշխատավարձը բավարար չէ նույնիսկ կենսապահովման, ավելի պարզ՝ ֆիզիկական գոյության ապահովման համար: Ինչ է սա, եթե ոչ ստրկություն կամ ստրկությանը նմանվող վիճակ: Սա նույնիսկ ավելի վատ վիճակ է, քան ստրկությունը, քանի որ կենսապահովման նվազագույն զամբյուղի մեջ հաշվարկված չէ բնակվարձը, եւ ապրիորի ենթադրվում է, որ մարդը պետք է բնակարան ունենա: Այլապես փորձիր 68 հազարով բնակարան վարձել եւ դեռ մի բան էլ ֆիզիկական գոյությունդ ապահովել: Մինչդեռ ստրկատերերն իրենց ստրուկներին ապահովել են ինչպես կեցության տանելի վայրով, այնպես էլ սննդով եւ հագուստով: 

Սրան կարելի է հակադարձել, որ ստրկությունը ենթադրում է անձի՝ ինչ-որ մեկին պատկանելություն եւ ազատ տեղաշարժի իրավունքի բացակայություն: Մի՞թե 68 հազար դրամ ստացողը կարող է ազատ տեղաշարժվել: Եթե մարդուն աշխատավարձը չի հերիքում իր կենսական կարիքները հոգալու համար, ի՞նչ միջոցով նա պետք է տեղաշարժվի: Իհարկե, ստրկական վիճակի մեջ հայտնված մարդկանց մի մասը, արտաքին օժանդակությամբ, կարողանում է իրագործել իր այդ իրավունքը եւ ազատվել իշխանությունների ստրկական շահագործումից, բայց դա, չգիտես ինչու, կոչվում է ոչ թե փախուստ ստրկությունից, այլ՝ արտագաղթ:

Եթե ստրկությանը մոտենանք ոչ թե Հին Հռոմի կամ ամերիկյան ստրկատիրության չափանիշներով, ապա պետք է փաստել, որ ժամանակակից ստրկությունը մարդու իրավունքների մասսայական խախտումն է: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի այնպիսի կենսամակարդակի իրավունք, որը բավարար է իր եւ իր ընտանիքի առողջությունն ու բարեկեցությունը պահպանելու համար, ներառյալ սնունդը, հագուստը, բնակարանը, բժշկական խնամքը եւ անհրաժեշտ սոցիալական ծառայությունները, ինչպես նաեւ գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիանալու, ծերության կամ իր կամքից անկախ ապրուստի միջոցներից զրկվելու դեպքում ապահովված լինելու իրավունք»։ 68 հազար դրամը բավարա՞ր է մարդուն իր եւ ընտանիքի առողջությունն ու բարեկեցությունն ապահովելու համար: Կարծում եմ՝ պատասխանը պարզ է յուրաքանչյուրի համար:

Այնպես որ, եթե Հայաստանում ինչ-որ մեկը զբաղված է մարդկանց թրաֆիքինգով եւ շահագործմամբ, ապա դա Հայաստանի կառավարությունն է: Իսկ թրաֆիքինգի զոհերի թիվը հաշվվում է ոչ թե մի քանիսով, այլ տասնյակ եւ հարյուր հազարներով: Նկատի ունենանք նաեւ, որ ստրկության պայմանները Հայաստանում օր-օրի վատթարանում են, իսկ ստրկատիրական լուծը թոթափելու եւ ստրկությունից ազատ ապրել ցանկացողների թիվն օրեցօր մեծանում է:

Ավետիս Բաբաջանյան