Ովքեր են դիմել ՀՀ քաղաքացիություն և Հայաստանում կացության իրավունք ստանալու համար

Ովքեր են դիմել ՀՀ քաղաքացիություն և Հայաստանում կացության իրավունք ստանալու համար

Ուկրաինայում պատերազմի հետևանքով վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստան ժամանած հայ և օտարազգի քաղաքացիների մեծ հոսք արձանագրվեց։ Ժամանողները սկսեցին կացության կարգավիճակ կամ քաղաքացիություն ստանալու գործընթաց եւ բնականաբար՝ խիստ ավելացավ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների բաժանմունքների աշխատանքի ծանրաբեռնվածությունը, հերթեր առաջացան, լավ եւ վատ սպասարկման մասին խոսակցություններ։

Hraparak.am-ը  թեմայի շուրջ զրուցել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Արա Մկրտչյանի հետ։

- Բավականին մեծ կուտակումներ են նկատվում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների բաժանմունքների շենքերի մոտ, կմանրամասնեք՝ քաղաքացիները հիմնականում ինչի համար են դիմում այս օրերին։

- Մշտապես մեզ դիմել են և դիմում են մեր գործառույթների հետ կապված։ Այս պահին էլ դիմում են՝ նոր անձնագիր ստանալու, հինը փոխանակելու, նույնականացման քարտ ստանալու համար։ Ինչպես նաև գիտեք, որ անձնագրային և վիզաների վարչությունում կա քաղաքացիության բաժին և օտարերկրացիների բաժին։ Օտարերկրացիների բաժին մենք ընդունում ենք կացության կարգավիճակ ստանալու համար, իսկ քաղաքացիության բաժին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար։ Այո, այս բոլոր գործառույթներով այս  օրերին ծանրաբեռնված աշխատանքներ են իրականացվում։

- Ինչպե՞ս է տրամադրվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը և ինչքան ժամանակում են ստանում անձնագիր։

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը՝ շնորհման եղանակով դիմումի ժամկետը մինչև վեց ամիս է, այսինքն՝ դիմումից մինչև նախագահի հրամանագիր ընթացքը տևում է 6 ամիս։ Նույն ժամկետը սահմանված է քաղաքացիությունը դադարեցնելու համար։ ՀՀ քաղաքացու անձնագիրը տրամադրվում է աշխատանքային տասնհինգերորդ օրը, Կառավարության թիվ 821 որոշմամբ սահմանված անձնագիրը՝ հինգերորդ աշխատանքային օրը, նույնականացման քարտը կրկին տրամադրվում է տասնհինգերորոդ աշխատանքային օրը։

- Իսկ օտարերկրացիների դեպքում ինչպե՞ս են ստանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։

- Ինչ վերաբերում է ազգությամբ ոչ հայերին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար պետք է անհրաժեշտ հիմք ունենան, որպեսզի իրավունք ստանան դիմում ներկայացնելու։ Այդ հիմքերից է, օրինակ, վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում օրինական  հիմունքներով մշտապես բնակվելու ցենզը, հայոց լեզվին տիրապետելը  և Սահմանադրությանը ծանոթ լինելը։ Եթե նրանք բավարարում են այս պայմաններին, դիմում են։ Ինչպես նաև այլ ազգի ներկայացուցիչը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար եթե նա ամուսնացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ, ունի երկու տարվա գրանցված ամուսնություն և այդ երկու տարվա ընթացքում առնվազն 365 օրը մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում։ Այս վերապայմաններին բավարարող անձինք նույնպես դիմում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, բայց դրանց թիվը կարող եմ ասել մեծ չէ։ Այս պահին տարանջատված հաշվառում մենք չենք արել։

- Որքան կացության դիմում է ստացել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ 
 
- Այս պահին թիվ չենք կարող հրապարակել, քանի որ նման հաշվետվություն չի տարվում, կիսամյակը մեկ՝ տարեկան ամփոփում ենք այդ տվյալները։ Սակայն Ուկրաինայում տիրող այս իրադարձությունների հետ կապված, քանի որ մեր մոտ նկատվում է դիմումների քանակի ավելացում, մարտ ամսվա վերջին մենք ամփոփելու ենք դիմումների քանակը և այդ ժամանակ կկարողանանք հրապարակել։ Ընդհանուր կարող եմ ասել, որ ակտիվացում առկա է և ավելին է լինելու, քան անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Դա կանխատեսելի է։ 

- Հայաստանում կացության համար վերջին մեկ ամսվա ընթացքում ովքեր են ավելի շատ դիմել;

-  Գիտեք, բոլոր այն երկրներում, որտեղ մենք ունենք համայնքներ, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները՝ ազգությամբ հայեր, դիմում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն և կացություն ստանալու համար։ Իհարկե, վերջին ժամանակահատվածում առավել ակտիվ են Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր ազգակիցները։