Հիմա դու ու՞մ կողմից ես․․․

Հիմա դու ու՞մ կողմից ես․․․

Երեկ էլի  ադրբեջանական զինծառայողները կրակել են Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ, էլի չպարզված հանգամանքներում զինվոր է մահացել։ Պետական մակարդակով ոչ մի արձագանք։ Առավել ևս, երբ կրակոցները եղել են մեր տարածքից, որտեղ բնավորվել են ադրբեջանցիները։

Մի քանի օր առաջ Ադրբեջանը վայնասուն էր բարձրացրել, թե առաջինը հայկական կողմն է կրակել, վիրավորել մեր զինվորին, դրա համար մենք չորս զինվոր ենք սպանել։ Հայկական կողմն էլ իսկույն իր վրա է վերցրել մեղքը՝ մենք քննություն ենք տանում, կպարզենք, թե ով է եղել հայկական կողմից կրակող զինվորը։ Հասկանու՞մ եք ինչ է կատարվում։ Ադրբեջանն առիթի է ման գալիս, որ մեր տարածքից «մեզ գյուլլի» , հայկական կողմն էլ արդարացնում է, որ նա կրակել է ու չորս զինվոր է սպանել։ Մի անգամ չի ասում՝ եղբայր, ի՞նչ գործ ունես մեր տարածքում, մեր հողում, որ կրակելու մասին էլ խոսում ես։

Չի ասում, որովհետև մեր հողը ոտ ու ձեռով նվիրել է թշնամուն, իսկ նվերը հետ չեն վերցնում։ Տեսե՞լ եք, որ ադրբեջանական կողմը միլիոնավոր սադրիչ կրակոցներց մեկին տեր կանգնի, ասի՝ ես եմ արել։ Այդքանից հետո փորձում է ժողովրդին համոզել, որ նրան ապագա է բերում, որ նրան խաղաղություն է բերում, որ Հայաստանի մասին է մտածում։ Այս իշխանության համար Հայաստանը տեսիլք է, որ տրվել է իրենց և  իրական չհամարելով այն, փնտրում են «տեսիլքատիրոջը»։

Բարեկենդանի պատմությունն է՝ Ադրբեջանին կանչում է, թե արի, քո յուղն ու բրինձը տար։ Արար աշխարհի համար ծաղր ու ծանակ ենք դարձել՝ խաղաղություն պոռալով պատերազմը մեր տուն ես բերում։ Դու խոստովանում ես, որ հայկական կողմը սադրում է, ինքն է նախահարձակ եղել,այսինքն ադրբեջանական կողմի բերանում լեզու ես դնում, որ հաջորդ անգամ, երբ մեր գյուղերի վրա գրոհի,  ասի՝ իրենք են առաջինը կրակել։ Սա ո՞նց կարելի է  միտում չհամարել, երբ ինքդ ես հայտարարում, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում։ Մանկական խաղի է վերածվել պետությունը, երկիրը հասցվել է այն մակարդակին, որ մնում է մի պարզ հարց տալ՝ հիմա դու ու՞մ կողմից ես։ Պարզ մանկական հարց է, որովհետև երեխան անգամ հասկանում է, որ դու մեր, Հայաստանի  դեմ ես․․․