Իրանը դժգոհ է Ադրբեջանից․ Աբդոլլահեանը՝ Բայրամովին

Իրանը դժգոհ է Ադրբեջանից․ Աբդոլլահեանը՝ Բայրամովին

Վերջին օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտոնատար անձանց կողմից արված հակաիրանական մի շարք հայտարարություններից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահեանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում դժգոհություն է հայտնել Բաքվից արված հայտարարությունների առնչությամբ և դրանք անվանել անիրատեսական։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Նա նշել է, որ երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և նրանց ներքին գործերին չմիջամտելը երկկողմ հարաբերությունների կարևոր սկզբունքն է։

Աբդոլլահեանն ասել է, որ պաշտոնական և դիվանագիտական ուղիները թյուրիմացությունների և տարաձայնությունների լուծման լավագույն միջոցն են՝ ընդգծելով, որ հարցերի քննարկումը մասմեդիայով ոչ միայն չի օգնում խնդրի լուծմանը, այլև հիմք է տալիս, որպեսզի դրանք շահարկվեն թշնամիների կողմից։