Պատերազմից հետո, երկու մայրաքաղաքների միջև համագործակցության համապատասխան մթնոլորտը չկա

Պատերազմից հետո,  երկու մայրաքաղաքների միջև համագործակցության համապատասխան մթնոլորտը չկա

«Հրապարակ»-ը Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» հայկական օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ խոսել է Թուրքիայի պաշտոնական շրջականերից հնչող մի շարք հայտարարությունների ու մասնավորապես՝ տարածաշրջանում հեռահաղորդակցություների ապաշրջափակման հայ-ադրբեջանա-թուրքական տնտեսական համագործակցության հնչեցված մտադրությունների մասին։ Ինչից այդպես ոգևորված են որոշ հայ գործարարներ։ 

«Բնականաբար, արցախյան պատերազմին հաջորդած մթնոլորտի մեջ է քննարկվում այս թեման։ Բայց եթե խնդիրը դիտարկելու լինենք սկզբունքորեն, ապա բոլոր տեսակի հաղորդակցություններ կարող են լինել։ Ինչպես կարող էին լինել պատերազմից առաջ, այնպես էլ կարող են լինել պատերազմից հետո։ Բայց ցանկացած սկզբունք գործնական դաշտ տեղափոխելու համար պետք է գոյանան անհրաժեշտ պայմաններ։ Ներկա իրավիճակի մեջ տարածաշրջանի դերակատարների միջև համագործակցության համար անհրաժեշտ մթնոլորտը ձևավորված չի»։ Արա Գոչունյանը հստակեցնում է՝ այսինքն՝ հրադադարի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ու երկու մայրաքաղաքներից հնչած հայտարարությունները ակնհայտ վկայում են, որ դեռևս համապատասխան մթնոլորտը չկա։ 

Հիշեցնենք, որ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տարածաշրջանի ապաշրջափակման մասին հայտարարության ստորագրումից ընդամենը երեք օր անց ելույթ ունենալով Շուշիում՝ Ալիևը բառացիորեն ասել էր․ «Այսօր Լեռնային Ղարաբաղում որոշ տարրեր, որոնք իրենց քաղաքական գործիչներ են համարում, դեռ փորձում են գլուխ բարձրացնել։ Թող չմոռանան, թող մեր համբերության հետ չխաղան, թող չմոռանան 44-օրյա պատերազմի մասին։ Կամ նրանք պատրաստվում են բանակ կառուցել և հողեր վերադարձնել։ Թող փորձեն» և ավելացրեց․ «Եթե Հայաստանում ինչ-որ մեկը մտածում է ռևանշի մասին, կրկին կտեսնի մեր երկաթյա բռունցքը։ Այդ երկաթյա բռունցքը կոտրեց նրանց ողնաշարը և ջախջախեց նրանց գլուխները։ Եթե նրանք մեր դեմ որևէ սադրանք իրականացնեն, մեր պատասխանը կլինի շատ կոշտ, նրանք կփոշմանեն և կբախվեն դառը պարտության»։

Նաև Իլհամ Ալիևը՝ իրենից մի քանի կիլոմետր հեռու գտնվող Ստեփանակերտի իշխանություններին նախազգուշացրեց ․«Չփորձեք մտածել բանակ կառուցելու և հողեր վերադարձնելու մասին»։ Նույն բանը նա շատ ավելի հանգամանալից ու լկտի կրկնեց օրերս, (շատերը խոստովանեցին, որ այդ ելույթից հետո գիշերներն անգամ չեն քնում) հավելելով, որ Երևանն ուղիղ նշանառության տակ է ոչ միայն Նախիջևանից։ 

Շարունակելով՝ Գոչունյանն ավելացնում է․ նման համագործակցություն պետք է մեկնարկի ամուր քաղաքական կամքով իշխանությունների կողմից։ «Մենք չենք կարող որևէ ձևով տարածաշրջանի նոր կլիմայի մեջ Հայաստանի հնարավոր դերակատարության մասին խոսենք նախքան տեսնելը, թե Հայաստանի քաղաքական ճգնաժամի արդյունքները կամ հետևանքները ինչ են, որովհետև Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից դրան շատ ավելի նվազ ռիսկային է։ Իսկ Հայաստանի պարագայում շատ ավելի բարձր ռիսկեր են պարունակում, քանի որ ՀՀ պետական կառավարման համակարգը անդամալույծ է, հայկական պետականության շահերը պաշտպանող կամ դրանք երաշխավորող իշխանություն գոյություն չունի Հայաստանում։ Եվ նման հեռանկարի մասին խոսելը մեղմ ասած՝ վաղ է»։

Արա Գոչունյանին հարցրինք նաև, թե ինչու են Էրդողանը, Չավուշօղլուն, նաև «Գորշ գայլեր» խմբավորման քաղաքական թևի ղեկավար Բահչելին այդքան մտահոգված, որ Հայաստանում Գլխավոր շտաբի պետը անվստահություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին։ Թուրքիայում բնակվող Արա Գոչունյանը բացատրում է՝ «զինվորական հեղաշրջում որակվածի» հանդեպ արձագանքը պետք է հասկանալ, որ առաջին հերթին պայմանավորված է հենց Թուրքիայի ներքին ընկալումներով, որովհետև այս երկրում 10 տարվա պարբերությամբ 3-4 ռազմական հեղաշրջում է եղել, որոնք ըստ Գոչունյանի՝ խանգարել են Թուրքիայում ժողովրդավարացմանն ու դրական գործընթացներին։ Այնպես որ, Գոչունյանը վստահեցնում է՝ աշխարհի ցանկացած երկրում էլ լիներ ինչ-որ մի բան, որ նմանություն ունի ռազմական հեղաշրջման հետ, Թուրքիան այդպես արձագանքելու էր։