Ինչպես է Արեւմուտքը պատկերացնում Հարավային Կովկասի ապագան

Ինչպես է Արեւմուտքը պատկերացնում Հարավային Կովկասի ապագան

Հունիսի 8-ին Փարիզում տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Հանդիպման ամփոփիչ պաշտոնական հայտարարություններում առկա էր նաեւ հատված, որը վերաբերում էր Հարավային Կովկասին։ Ըստ Սպիտակ տան կայքում տեղ գտած հաղորդագրության, «Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան աջակցում են արդար եւ ամուր խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում՝ հիմնված միջազգային իրավունքի հարգման, ինչպես նաեւ տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության եւ ինքնիշխանության սկզբունքների վրա։ Նրանք աջակցում են Հարավային Կովկասի հետագա ռեգիոնալ ինտեգրացիան՝ հանուն ռեգիոնի բոլոր բնակիչների բարեկեցության»։

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, անդրադառնալով այս հայտարարությանը, մի քանի ուշագրավ նրբերանգ է առանձնացրել։ Նախ, ուշագրավ է այն, թե ինչ առիթով է հայտարարությունն արվել։ Մարկեդոնովը հատկապես նշանային է համարել այն, որ թե՛ Սպիտակ տան, թե՛ Ելիսեյան պալատի կայքերում համատեղ հայտարարությունը վերնագրված է «Ֆրանս-ամերիկյան ճանապարհային քարտեզ» եւ նվիրված է «Օվերլորդ» գործողության մեկնարկի 80-ամյակին։ Հիշեցնենք, որ խոսքը Երկրորդ աշխարհամարտում Նորմանդիայում երկրորդ ռազմաճակատի բացման մասին է։ Սա նշանակում է, որ ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներն այսկերպ հատկապես ընդգծում են եվրա-ատլանտյան կապերի անխախտելիությունը, չնայած բոլոր խնդիրներին, որոնք առկա են թե՛ ԱՄՆ ներսում, թե՛ ԵՄ անդամ երկրներում։ Մարկեդոնովը կարծում է նաեւ, որ նախագահներ Բայդենն ու Մակրոնն աշխարհի մի շարք ռեգիոնների անվտանգության հիմնական առաջնահերթություններն են սահմանել, այդ թվում նաեւ անդրադառնալով Հարավային Կովկասին։

Մարկեդոնովն ընդգծում է, որ կովկասյան ռեգիոնի համար ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հետեւյալ առաջնահերթություններն են առաջ քաշում․
• Հայաստանը պետք է ճանաչի եւ ընդունի ստեղծված նոր իրականությունը եւ հրաժարվի, այսպես կոչված, «ռեւանշիզմից»։
• Ադրբեջանը պետք է հրաժարվի առավելապաշտական ձգտումներից։
• Հարավային Կովկասի նոր ճարտարապետությունը պետք է ձեւավորված լինի այն սկզբունքով, որ Փարիզին եւ Վաշինգտոնին պատկանի վճռական ձայնի իրավունքը։
Թերեւս հենց այս նպատակով էր ԱՄՆ Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչ Օ՛ Բրայենն օրեր առաջ այցելել Երեւան՝ հայկական կողմի հետ ռազմավարական երկխոսություն ծավալելու համար՝ ամփոփում է Մարկեդոնովը։