Ինձ չեն ասում թալանչի նախարար, որովհետև բան չկար թալանելու

Ինձ չեն ասում թալանչի նախարար, որովհետև բան չկար թալանելու

Նոր կառավարությունում նախատեսվում է կառուցվածքային մի շարք փոփոխություններ իրականացնել։ Ընդհանուր առմամբ՝ նախատեսված է 17 նախարարություններից թողնել 12-ը։

Մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության եւ գիտության նախարարության հետ։ 

Գրող Ռոլանդ Շառոյանը դժվարանում է կոնկրետ գնահատական տալ այդ բարեփոխումներին, որովհետեւ չգիտի, թե ինչ սկզբունքով են միացրել այդ նախարարությունները, բյուջեի վրա ինչպես է դա անդրադառնալու։  

Շառոյանը, ով 1998-2003 թվականներին եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի, սպորտի եւ կրոնի գործերի նախարար, հիշում է․ «Առաջինն ասում էին՝ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն, շատ հաճախ «կրոնի գործերինը» չէին էլ ասում։ Դրանից ոչինչ չէր տուժում, որովհետեւ ամեն մեկը մի ոլորտով զբաղվում էր․ ես ունեի ե՛ւ մշակույթի, ե՛ւ սպորտի, ե՛ւ երիտասարդության հարցերի գծով տեղակալ, ե՛ւ փոքրիկ բաժիններ։ Մշակույթինը, իհարկե, վարչություն էր, որովհետեւ մեծ էր, այդպես 6 տարի աշխատել ենք, եւ մեկը մյուսին չի խանգարել, հատկապես որ այդ ժամանակ ամբողջ նախարարության բյուջեն 960 հազար դոլար էր, այսինքն՝ մեկ մլն դոլար էլ չկար, որի 86 տոկոսն աշխատավարձ էր եւ սուբսիդիա, 14 տոկոսն էլ՝ այլ ծախսեր, գործուղումներ։ Եվ մենք 6 տարի գոյատեւել ենք այդ բյուջեով»։ 

Նա նկատում է՝ եթե մշակույթի նախարարության գործը համերգներ, փառատոներ կազմակերպելն է, ուրեմն դա մշակույթի նախարարություն չէ, որովհետեւ այն պետք է զբաղվի մշակութային քաղաքականությամբ, իսկ մնացած բաները պետք է անեն ուղեկից կազմակերպությունները, տվյալ ոլորտը սպասարկող հիմնադրամները, հասարակական կազմակերպությունները։ 

Այնուհանդերձ, այս փոփոխության մեջ Ռոլանդ Շառոյանը վատ բան չի տեսնում․ «Մշակույթը ֆիզիկական մշակույթից ավելի ցածր կամ բարձր գնահատելու այս միտումները հնացած դիտարկումներ են, եւ չի կարելի այդպես մտածել, բայց կախում ունի, թե ինչպիսի գործառույթներ եւ ինչ կառուցվածք պետք է ունենան, որ օղակները պետք է լինեն այդ շարժիչ ուժը։ Պետք է սպասել եւ տեսնել, թե ինչ են անում, եթե պետք է, նույն բանն անեն, որն առանձին-առանձին նախարարություններն անում էին, ուրեմն ոչինչ չի փոխվի, եւ կարող է նույնիսկ ավելի վատ լինել, որովհետեւ, եթե ճիշտ ստրատեգիկ, գաղափարախոսության, մշակութային քաղաքականության իմաստով չգործեն, չեմ կարծում, որ հաջողության հասնեն»։ 

Շառոյանն օրինակ է բերում եվրոպական մի շարք երկրների պրակտիկան․ «Իտալիայում, եթե չեմ սխալվում, մշակույթը հեռուստատեսության հետ էր միացված, Շվեդիայում ժառանգության եւ գրադարանների նախարարություն էր, Հունաստանում մշակույթի, պատմամշակութային հուշարձանների եւ կինոյի նախարարություն էր։ Հետո՝ նրանցը մի քիչ այլ ձեւ էր, կառուցվածքը եւ ֆինանսավորումը մերի նման չէին, գոնե այն ժամանակ, երբ ես էի աշխատում։ Հիմա, օրինակ, ինձ չեն ասում թալանչի նախարար, որովհետեւ բան չկար թալանելու, այսինքն՝ ես չեմ այդքան արդար, որքան այն ժամանակվա կառուցվածքն էր այդպիսին, որովհետեւ, եթե 86 տոկոսն աշխատավարձ պիտի տաս, էլ ի՞նչը պիտի թալանես»։ 

Շառոյանն ասում է՝ եթե հարցը թվի մեջ է, ապա պետք է աչքի տակ առնել նաեւ Ազգային ժողովը․ «Այդ որոնումներն էլ մի բան չեն, դժբախտաբար, բոլոր այդ պետական բարձր պաշտոնյաները եւ այն հանձնախմբերը, որ աշխատել են ժամանակակից մտածողության հիմք դնել այդ նախարարությունների կառավարման կառուցվածքի մեջ, ավելի շատ մտածել են հարմարեցնել համակարգը՝ իմանալով, թե ով է լինելու առաջիկա 5 տարում ղեկավար անձը, որը կարծես այդ անձի մտածումներին հարմարեցված լինի, ղեկավարող կուսակցության կառուցվածքին։ Այսպիսի վտանգավոր բաներ կան, օրինակ՝ ժամանակակից միտքը կառավարման համակարգում չի կարելի կառուցել «Նարեկի» խորհուրդների կամ Սուրբ գրքի պատգամների վրա՝ ստիպելով, որ այդ գաղափարներով պաշտպանության նախարարությունն աշխատի։

Ծայրահեղ մարդիկ էին լինում այդ հանձնաժողովներում, որոնք երկրի կառավարման ենթակառուցվածքներով էին զբաղվում եւ սխալ, անմիտ բաներ էին անում։ Մյուս մասն էլ կրկնօրինակելու քաղաքականություն էր տանում, նայում էին, թե որ երկրում ոնց է կառուցվածքը, ու կրկնօրինակում՝ ում խելքը ոնց կտրեր։ Չի կարելի կառավարման կառուցվածքներն անընդհատ փոխել, դրանից տուժեց մեր երկիրը։ Այսօր մեր երկրի բարոյահոգեբանական անկման ամենամեծ կատարողը, «դերասանը» ՊԵԿ-ն է, բայց ոչ ոք չի մտածում ՊԵԿ-ի մասին։ Եթե կոռուպցիան հիմա մի քիչ քչացել է, ապա Նիկոլ Փաշինյանի գոռգոռոցներից, ասֆալտին փռելն ազդել է նաեւ դրանց վրա, ընդամենը»։ 

Նախկին նախարարի կարծիքով, հաջորդ մշակույթի նախարարն էլ որ գա, ոչինչ չի փոխվելու, որովհետեւ պիտի բերես ուժեղ մտածող․ «Օրինակ` Պերճ Զեյթունցյանը հրաշալի ընկալում էր հայկական մշակույթը ժամանակակից դարձնելու գործառույթները, հրաշալի զգում էր, թե ինչ է պետք, նույնը նաեւ զգում էին Աղասի Այվազյանը, Ռուբեն Հովսեփյանը, Սոս Սարգսյանը, թեպետ իրենք մշակույթի նախարար չեն եղել, բայց մշակույթի նախարարները եթե անգամ զգում են, չեն կարողանում դա անել, որովհետեւ իրենք դա հարմարեցնում են կա՛մ իրենց ընկերության, կա՛մ միջնորդողների, կա՛մ կուսակցության քաղաքականությանը։ Օրինակ՝ ես դաշնակցական նախարար եմ եղել, բայց երբեք դաշնակցական ղեկավարի թելադրանքով չեմ ղեկավարել նախարարությունը։ Անշուշտ, Դաշնակցության գաղափարախոսությունից ազգային մշակույթի գնահատման առումով շատ բաներ արել եմ՝ այդ մտածողության վրա հենվելով, օրինակ՝ եթե դաշնակցական նախարար չլինեի, Մուշեղ Իշխանի «Կիլիկո արքան» ռուսերեն թարգմանել եւ բեմադրել չէի տա Ստանիսլավսկու անվան թատրոնում»։   

Խելոք, մտածող նախարարով հնարավոր է առժամանակ կասեցնել ապազգային, կոռուպցիոն ռիսկերով մտածողությունը, որը, ըստ նրա, հնարավոր է կասեցնել նաեւ ՊԵԿ-ի օրենքների պարագայում․ «Ինչքան արժեքավոր իրեր, վիշապագորգեր են դուրս եկել Հայաստանից անկախությունից հետո, եւ դրանք արվել ու քաջալերվել են տվյալ ժամանակի ՊԵԿ-երի կողմից։ Ո՞նց կարելի էր նման բան անել։ Մենք Մինաս Ավետիսյան, Մարտիրոս Սարյան ենք կեղծում ու վաճառում, գողանում ենք մեր ջութակահարի ջութակը, մեր Այվազովսկին գնում կոպիա է դառնում ու նորից գալիս կախվում է ինչ-որ տեղ։ Այդ բոլորը կառավարման համակարգի թույլ տված կոպիտ սխալներն են, բոլոր տեղերում եղել է հնարավորություն նման բան անելու։ Սխալները եթե վերացվեն, կառուցվածքը կաշխատի, եթե վերացված չեն, անձը պետք է փոխվի, տրակտորը չեն փոխում, այլ՝ տրակտորիստին, եթե ոչ՝ արդյունքում կստանանք Բելառուսիա եւ Լուկաշենկո»։