Հայ թատրոնի պատմության մեջ չի եղել այսպիսի դեպք, երբ առանց ինտրիգների, պատերազմների ղեկավար փոխվի

Հայ թատրոնի պատմության մեջ չի եղել այսպիսի դեպք, երբ առանց ինտրիգների, պատերազմների ղեկավար փոխվի

Հարցազրույց Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի նորանշանակ տնօրենի ԺՊ Սուրեն Շահվերդյանի հետ

- Սուրեն, տարեվերջին նշանակվեցիք Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ԺՊ, առաջարկն ումի՞ց ստացաք, ինչո՞ւ համաձայնեցիք եւ ի՞նչ ծրագրեր ունեք ռուսական թատրոնի հետ կապված:

- Նախ ուզում եմ նշել, որ նախկին տնօրեն Մարիաննա Մխիթարյանի հետ բավական երկար ժամանակ է՝ ընկերություն ենք անում, եւ հենց նա ինձ հրավիրեց՝ այս թատրոնում շարունակելու այն աշխատանքը, որը հայրս էր սկսել, խոսքը Ջեյմս Գոլդմանի «Առյուծը՝ ձմռանը» պիեսի մասին է, որը մենք անվանափոխեցինք` դարձնելով «Թագավորների խաղերը»: Մեկ տարի առաջ ես բեմադրեցի այդ ներկայացումը եւ կարծում եմ` այդ ներկայացումից հետո իմ մուտքն այս թատրոն շատերի կողմից ընդունելի դարձավ: Ուզում եմ նշել, որ Մարիաննան այս 4 տարիների ընթացքում շատ մեծ գործ է արել իր ղեկավարած թատրոնի համար, բայց մի պահ եկավ, որ ասաց` ես ավելի շատ ուզում եմ զբաղվել իմ` «Արմմոնո» փառատոնով, որը հիանալի ձեւով է իրականացնում, եւ այն շատ կարեւոր փառատոն է մեր երկրի համար: Այդ ժամանակ ասաց, որ չի հասցնում իր գործերը, դրանից փառատոնը տուժում է, իսկ այն ամենը, ինչ կարողացել է անել, առավելագույնն է, ուստի կարծում է, որ թատրոնին պետք է փոփոխություն, տղամարդու ձեռք, ով կարող է անել ավելին, եւ վստահ է, որ ես դա կարող եմ անել: Ու չնայած դեռ մեկ տարի էլ կար իր պաշտոնավարման ժամկետին, բայց նա հրաժարվեց տնօրենի պաշտոնից եւ որոշեց զբաղվել փառատոնով: Երկար քննարկումների, խոսակցությունների արդյունքում հասկացա, որ կարող եմ ստանձնել այդ գործը, մի պայմանով, որ նա մնա կողքիս՝ որպես տնօրենի խորհրդական, քանի որ շատ մեծ կապեր ունի աշխարհով մեկ: Ավելին` ուղիղ 2 շաբաթ առաջ, ի շնորհիվ Մարիաննա Մխիթարյանի, թատրոնը վերազինվել է նոր լուսային տեխնիկայով, եւ նա իսկապես արել է այն ամենը, ինչը հնարավոր էր: Հայ թատրոնի պատմության մեջ չի եղել այսպիսի դեպք, երբ առանց ինտրիգների, պատերազմների, դեմոկրատ ձեւով ղեկավար փոխվի, ավելին` չի եղել ղեկավար, ով իր կամքով հեռանա, երբ դեռ մեկ տարի էլ ուներ իր պաշտոնավարման ավարտին: Հակառակը` միշտ յուրաքանչյուր թատրոնի ղեկավար փորձել է կառավարման իր ընթացքը երկարացնել, որպեսզի որքան հնարավոր է՝ երկար մնա թատրոնում:         

- Որպես գործող բեմադրիչ՝ Ձեզ համար ավելի նախընտրելի չէ՞ր լինի գեղղեկավարի պաշտոնը, ի վերջո՝ տնօրենի գործառույթներն ավելի շատ ադմինիստրատիվ բնույթի են, քան ստեղծագործական: Չկա՞ այդ մտավախությունը, որ տնօրեն Սուրեն Շահվերդյանը կխոչընդոտի բեմադրիչ Սուրեն Շահվերդյանի գործունեությանը:   

- Ճիշտ եք նկատում, բայց, ՀՀ օրենքի համաձայն, թատրոնում առաջին դեմքը տնօրենն է, եւ այն ծրագրերը, որ փորձելու եմ իրականացնել, դրանք նախեւառաջ գեղարվեստական մասի ծրագրեր չեն, այլ թատրոնի տնօրենի կամ պրոդյուսերի կողմից իրականացվող խնդիրներն են, եւ, այո, ռեժիսորի իմ մասնագիտությունն այստեղ տուժելու է, որովհետեւ այսօր արդեն զբաղված եմ վարչական գործերով եւ փորձում եմ թատրոնին օգտակար լինել: Իհարկե, ռեժիսոր լինելը շատ օգնում է, որովհետեւ դու գիտես, թե ինչ է պետք թատրոնին: Գուցե օրերից մի օր, երբ իմ ծրագրերը կարողանամ իրականացնել եւ անել այն, ինչ տեսնում եմ, վարչարարական աշխատանքը թողնեմ եւ սկսեմ բեմադրել, բայց այս փուլի համար բոլոր երազանքներս` այս կամ այն գործը բեմադրելու մասով, մի կողմ եմ դրել եւ փորձում եմ իրականացնել այլ աշխատանք, այն է` թատրոնում նոր հարթակներ ստեղծել, արտերկրից հրավիրել այն ռեժիսորներին, որոնց հետ առիթ եմ ունեցել աշխատել դրսում, իսկ դրանք համաշխարհային մասշտաբով լուրջ հաջողության հասած ռեժիսորներ են, որոնք ցանկալի են ամենուր: Հիմա նրանցից մեկի հետ բանակցում եմ, եւ, ամենայն հավանականությամբ, այս տարի մեր թատրոնում նա եւս բեմադրություն կիրականացնի: Այս պահին առաջնային եմ համարում, որ նոր մարդիկ գան, նոր բեմադրություններ իրականացնեն թատրոնում, ըստ այդմ` նոր շունչ եւ նոր գեղագիտություն մտնի թատրոն: Դրանից բացի, շատ կարեւոր է լուծել մեր թատրոնում խնդիրներ, որոնք առաջնային են:

- Կնշե՞ք, թե ինչ առաջնային խնդիրներ ունի թատրոնը` թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային առումով:

- Ստեղծագործական խնդիրները մի փոքր գեղղեկավարի տիրույթում են, բայց, ի ուրախություն ինձ, գեղարվեստական ղեկավարը մինչեւ այս պահը հավատում է ինձ, եւ, փառք Աստծո, բայց մենք ունենք շատ-շատ տեխնիկական խնդիրներ, որոնք պետք է լուծենք: Թատրոնի շենքը շատ հին է եւ այնպիսին, ինչպիսին եղել է տարիներ շարունակ: Կարծում եմ` մեր հանդիսատեսին հարգելով, մենք այսօր պետք է շատ բաներ փոխենք թատրոնում, նախեւառաջ՝ աթոռները, որոնք երեւի 50 տարի է արդեն՝ կան եւ մաշվել են: Հետո անդրադառնալու եմ սրահներին, որոնք պահպանվել են նույնձեւ, ինչպես դրանք հիշում եմ դեռ 5-6 տարեկանից, իսկ այսօրվա երիտասարդի պահանջն ուրիշ է, եւ այսօր մեր հանդիսատեսին գոհացնելու համար մենք պետք է լինենք ժամանակին համահունչ եւ մի քայլ առաջ: Ունենալով Երեւանի սրտում մի վայր՝ մենք ուղղակի կարող ենք մեր երիտասարդներին ներգրավել տարբեր պրոցեսների մեջ, որոնք ոչ հիմնական բեմում են կատարվում, այլ ընդհանրապես թատրոնի տարածքում` տանիքում, բակում... այսպիսի մտքեր ու երազանքներ ունեմ՝ թատրոնի հետ կապված:

- Թատրոնի խաղացանկային քաղաքականության մեջ փոփոխություններ արվելո՞ւ են, նախապատվությունը տրվելու է դասակա՞ն, թե՞ ժամանակակից դրամատուրգների գործերին:

- Երբ ինձ ասում են` ժամանակակից դրամատուրգիա, ես ասում եմ, որ ինձ համար ամենաժամանակակիցը Շեքսպիրն է, Չեխովը, Շիլլերը, Բուլգակովը, որովհետեւ այլեւս երբեք նոր թեմա չի կարող առաջ գալ, եւ այդ հեղինակները կարող են բեմադրվել նաեւ այսօր, լինել ժամանակակից ու ժամանակին համահունչ, ինչպես նաեւ` ճիշտ հակառակը: Այսինքն, հեղինակը կապ չունի` ժամանակակից է, թե ոչ, «Համլետից» ավելի ժամանակակից պիես ես չգիտեմ, նայած ինչպես ես բեմադրում, ինչպես ես մատուցում, ինչպես ես կարողանում լինել ժամանակի մեջ ու այն արդիականացնել: Իհարկե, ես նաեւ հետեւում եմ մեր այսօրվա ժամանակակից եւ հատկապես հայ դրամատուրգներին, որովհետեւ կարծում եմ` դրամատուրգը կարող է կայանալ թատրոնում` բեմադրվելով: 

- Մեր օրերում միշտ չէ, որ լավ ներկայացումները լավ վաճառք ու շատ հանդիսատես են ունենում, ինչպե՞ս եք փորձելու նաեւ այս հարցերին լուծում տալ, որպեսզի հանդիսատեսն ընտրի հենց ռուսական թատրոնը:

- Մենք այսօր նախեւառաջ թատրոնի մուտքը գտնելու խնդիր ունենք, որովհետեւ տարիների ընթացքում այս թատրոնի մուտքը դարձել է անհասկանալի, եթե անգամ կանգնեք թատրոնի դիմաց, ապա թատրոնի մուտքը գտնելը բարդ է: Ըստ այդմ, նաեւ գովազդային քաղաքականությունն է փոխվելու, եւ պետք է թատրոնի դեմքը, նաեւ ֆասադը սարքել այնպես, որ այն միանգամից ճանաչելի լինի: Շատերը նույնիսկ չգիտեն, որ այստեղ թատրոն կա, հատկապես՝ երիտասարդները: Ուրիշ կազմակերպություններ շատ ավելի արտահայտիչ են այդտեղ, քան մեր թատրոնի մուտքը: Թատրոնը գովազդի խնդիր ունի, եւ խնդրել եմ թույլ տալ, որ մեզ մոտ գովազդն ուրիշ քաղաքականություն ունենա եւ այլ կերպ լինի: Ի վերջո, նաեւ խաղացանկի խնդիր ունենք, շատ լավ մանկական ներկայացումներ ունենք, որ մանկական դահլիճներ են հավաքում, եւ երեխաները հաճույքով գալիս են թատրոն: Իսկ ընդհանրապես, թատրոնի խաղացանկը միանգամից փոխել հնարավոր չէ, ժամանակի ընթացքում կամաց-կամաց մենք կփորձենք այնպիսի խաղացանկ ձեւավորել, որ հետաքրքրի բոլորին: Մի այլ խնդիր էլ ունենք․ մենք չենք կարող մրցակից լինել հայալեզու թատրոններին, որովհետեւ գնալով ռուսաց լեզվի իմացությունը Հայաստանում նվազում է: Ինչ վերաբերում է թատրոնի կոլեկտիվին, ապա բոլորն էլ ինձ գիտեն, մեկ տարի առաջ ներկայացում եմ բեմադրել, խոստացել եմ, որ բոլորի հետ առանձին-առանձին կհանդիպեմ, խնդիրները կլսեմ, կառաջարկեմ այդ խնդիրների լուծման տարբերակ, նաեւ կլսեմ, թե ինչպես են տեսնում իրենց ապագան թատրոնում: Այս ընթացքում դեռ 20 տոկոսի հետ եմ հազիվ հասցրել հանդիպել, բայց խոստացել եմ, որ ամիսը մեկ ողջ կոլեկտիվի հետ հանդիպում պետք է անեմ՝ հասկանալու համար, թե ուր ենք գնում, ինչ ենք անում, եւ ինչն է թերի: Խոստացել եմ, որ կփորձեմ վերանայել նաեւ արտիստների աշխատավարձը, որովհետեւ եթե լուրջ կառույց ես ցանկանում ստեղծել, չես կարող արտիստներին վճարել այնքան, ինչքան հիմա են վաստակում: Պրոֆեսիոնալիզմն ու լրջությունը նաեւ գալիս են այդտեղից, որովհետեւ, երբ դերասանն այլ աշխատանքի հետեւից է վազում, որպեսզի ընտանիքը կերակրի, իր հիմնական գործը տուժում է, իսկ արտիստների աշխատավարձն իսկապես շատ ցածր է: Նաեւ առաջիկայում դերասաններն ատեստավորում պետք է անցնեն, դրանով իսկ նրանց կարգը կարող է բարձրանալ, ըստ այդմ` աշխատավարձերն էլ: Պիտի փորձեմ ազնիվ լինել նաեւ ինքս ինձ հետ, եւ այն պահից, երբ հասկանամ, որ ուժերս այլեւս չեն ներում, այն, ինչ տեսնում եմ, սխալ եմ տեսնում, ու դրա արդյունքում մի հանդիսատես չի ավելացել, պիտի կարողանամ Մարիաննա Մխիթարյանի պես հեռանալ: