Ծնողավարություն․Երջանիկ մայր լինելու 3 կանոն, ինչպես հասնել ներդաշնակության

Ծնողավարություն․Երջանիկ մայր լինելու 3 կանոն, ինչպես հասնել ներդաշնակության

Որպեսզի երեխան ստանա լիառատ սեր ու հոգատարություն, մայրիկը պետք է լինի երջանիկ, իսկ ընտանիքում տիրի ներդաշնակություն, փոխընմբռնում ու սատարում:
Ինչպե՞ս դրան պետք է հասնի երիտասարդ մայրիկը: Շրջապատում կարելի է հանդիպել թե' երջանիկ, գեղեցիկ, ներդաշնակ, թե' հոգնած, տանջված ու դյուրագրգիռ մայրիկների: Իսկ ո՞ր դեպքում մայրիկը կարող է իր բալիկին տալ ավելի շատ սեր, հոգատարություն, օգնել նրան զարգանալ, հասնել հաջողությունների, սատարել ու աջակցել,  դրական տրամադրվածություն փոխանցել նրան: Իհարկե` առաջին:
Իրականում յուրաքանչյուրի, ինչպես նաև մայրիկի երջանկությունը պայմանավորված է կյանքի բոլոր հարթությունների զարգացմամբ ու դրանց ներդաշնակությամբ: Միայն այն դեպքում, երբ բոլոր ուղղություններում ամեն բան կարգին է, մարդն իրեն երջանիկ ու բավարարված է զգում: 

3 կանոն
1.Երջանիկ մայրիկները սիրում են իրենց:
 

Եթե դուք ձեզ չսիրեք, ապա ինչո՞ւ ձեզ պետք է մեկ ուրիշը սիրի, ներառյալ` ձեր երեխաները: Եղեք միշտ գոհ ձեզանից, ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք: Իսկ երբ գտնում եք ձեր մեջ ինչ-որ թերություններ, հիշեք`  իդեալական մարդիկ գոյություն չունեն: Բայց նաև ձգտեք կատարելագործվելուն: Ձգտումը` ավելի լավը դառնալու, ոչ միայն գովելի է, այլև օգտակար է ձեր զարգացման ու կյանքն ավելի բովանդակալից դարձնելու համար: Ուստի զբաղվեք նրանով, ինչը հաճելի ու հետաքրքիր է ձեզ համար, զարգացեք ու ձգտեք ավելիին:

2. Երջանիկ մայրիկներն իրենց անձին ժամանակ են տրամադրում:

Կնոջ կյանքը չի ավարտվում երեխաներով: Երջանիկ մայրիկը հետևում է իրեն, գեղեցիկ իրեր է ձեռք բերում իր համար, խնամում է արտաքինը, շփվում է այլ երջանիկ մայրիկների հետ, ամուսնու հետ ժամանակ է անցկացնում: Նա հասկանում է, որ ինչպես երեխաներին, այնպես էլ ամուսնուն պետք է առույգ, խնամված ու ժպտերես կին: Երեխային տասնյակ շորիկներ գնելու փոխարեն, մեկը ձեզ համար գնեք, երեխային մեծ հաշվով հետաքրքիր էլ չեն իր նոր շորիկ-մորիկները: Իսկ մայրիկի ու իր ամուսնու համար կարևոր է, թե ինչպիսի տեսք ունի կինը:

3. Երջանիկ մայրիկ` երջանիկ բալիկներ:

Երջանիկ մայրիկի երեխաները երջանիկ են, ուստի երբ տրամադրությունն անկում կապրի կամ կցանկանաք բղավել երեխայի վրա, վիճել ամուսնու հետ, փորձեք զսպել ձեզ, հաշվեք մինչև 10-ը, խորը շունչ քաշեք, ժպտացեք ու 100-րդ անգամ երեխային կամ ամուսնուն բացատրեք, որ այդպես անել չի կարելի:
Ժպտացեք, համբերատար ու հասկացող եղեք: Ինքներդ ձեր մասին մտածեք ու արտահայտվեք միայն դրական երանգավորմամբ: Մոռացեք նման արտահայտությունները` «Ես անհաջողակ եմ», «Ինձ մոտ ոչինչ չի ստացվում»: Գուցե առաջին կամ երկրորդ փորձից որոշ բաներ չստացվեն, բայց անհնարին ոչինչ չկա, անպայման ստացվելու է : Դուք միայն հավատացեք ձեզ ու ձեր երեխաներին:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նյութի աղբյուր` 4mama.ua