Վայքի ու Եղեգնաձորի հիվանդանոցները դառնալու են պոլիկլինիկաներ

Վայքի ու Եղեգնաձորի հիվանդանոցները դառնալու են պոլիկլինիկաներ

Իշխանությունները Համաշխարհային բանկից վարկ են վերցրել եւ Եղեգնաձորում նոր բժշկական կենտրոն կառուցել: Բացման արարողությանը ներկա են եղել Փաշինյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, առողջապահության նախարարները, Համաշխարհային բանկի ներկայացուցիչը, այլ պաշտոնյաներ: ԲԿ-ի նոր՝ մեկհարկանի տիպային մասնաշենքի կառուցման աշխատանքները նախատեսվել են ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրով եւ իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ու վերջինիս լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրերի շրջանակներում։ «Վայոց Ձորի մարզային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի արդիականացման նպատակով կատարվել է շուրջ 2,67 մլրդ դրամի ներդրում, ՀՀ կառավարության միջոցներից` 1.17 մլրդ դրամ (44%), ՀԲ վարկային միջոցներից` 1.5 մլրդ դրամ (56%), բայց, ինչպես տեսնում ենք, այդ կառույցի բացումն իրականացվել է որպես դարի կառույցի մասին ազդարարում: Նիկոլ Փաշինյանն է ելույթ ունեցել, ՀԲ ներկայացուցիչը, տասնյակ լուսանկարներ են տարածվել։ Ինչքան քիչ իրադարձություն է տեղի ունենում Հայաստանում, առավել եւս՝ որքան քիչ բան է ստեղծվում-կառուցվում, որ այս մեկհարկանի շինության, շարքային բժշկական կենտրոնի բացմանը նման շուք է հաղորդվել։ Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի հետ:

- Հաղորդագրության մեջ նոր բժշկական կենտրոնին ուղղված այնպիսի գովասանքի խոսքեր են գրված, որ անմիջապես հարց առաջացավ՝ ի՞նչ բժշկական կենտրոն է այն, ինչո՞վ է տարբերվում մարզի մյուս կամ մյուս մարզերի ԲԿ-ներից: Ի դեպ, Եղեգնաձորում այլ բժշկական կենտրոն էլ կա:

- Առաջին հերթին սա շատ մեծ հնարավորություններ ունեցող բժշկական կենտրոն է: Այն ժամանակակից սարքավորումներով կենտրոն է` բոլոր ծառայություններով: Կառուցվել է 5 հազար քառակուսի մետրի վրա, շատ մեծ է: Հնարավորություններն էլ շատ մեծ են: Մնացած հիվանդանոցներն էլ` Վայքի ու Եղեգնաձորի, վերաձեւավորվելու են ու դառնալու են պոլիկլինիկաներ:

- Այսինքն` նորը բացել են, որ մի քանի հինը փակե՞ն:

- Դե, պոլիկլինիկաներ են դառնալու, էնպես չէ, որ փակվելու են: Այդ հիվանդանոցների շենքային պայմանները շատ սուղ են, հին են, հարմարություններն էլ այն չեն։ Որ մի օր գաք, կտեսնեք, ինքներդ կհամեմատեք նորը հների հետ: Ի դեպ, կա նաեւ աշտարակ, որը նախատեսված է ուղղաթիռի համար, խոսքը բուժուղղաթիռի մասին է:

- Որտեղի՞ց ուր պետք է ուղղաթիռով հիվանդին տեղափոխեն:

- Դե, օրինակ, Եղեգնաձորից՝ Երեւան, եթե ծանր դեպք է:

- Բայց նշում եք, որ գերժամանակակից բժշկական կենտրոն է կառուցվել, այդ դեպքում ի՞նչ կարիք կա Երեւան տեղափոխելու:

- Եթե պետք է Երեւան հասցնել, ուղղաթիռը գալու է, աշտարակի վրա իջնի, հիվանդին տեղափոխի Երեւան:

- Իսկ նորակառույց ԲԿ-ում ի՞նչ բժիշկներ են աշխատելու, ի՞նչ բուժծառայություններ են մատուցվելու: Գաղտնիք չէ, որ մարզերում բժշկությունն այնքան էլ զարգացած չէ: Նոր ԲԿ-ում ի՞նչ նորամուծություն եք ստեղծել, որ նախկինում չկար:

- Ես հստակ չեմ կարող ասել, այդ մասին կարող է առողջապահության վարչության պետը խոսել:

- Իսկ ի՞նչ անհրաժեշտություն կար նոր ԲԿ կառուցելու, եթե հինը կար, գուցե այն վերանորոգեին, ու վերջ:

- Եղեգնաձորը մարզկենտրոն է, դրա համար ավելի ճիշտ էր, որպեսզի այն կառուցվեր հենց Եղեգնաձորում` հասանելի բոլորի համար:

- Ի դեպ, եթե մյուս բուժհաստատությունները դառնում են պոլիկլինիկաներ, ի՞նչ ճակատագրի են արժանանալու այնտեղի բժիշկները, բուժքույրերը, աշխատակիցները: Կրճատվելո՞ւ են:

- Նրանք, ովքեր առաջ հիվանդանոցներում են աշխատել, տեղափոխվելու են նոր հիվանդանոց: Ոչ մեկը չի կրճատվելու:

- Այսինքն` եւ նոր բժիշկներ են լինելու, եւ հնե՞ր:

- Չէ, հներն են տեղափոխվելու: Պարզապես նոր կառուցված հիվանդանոցում են աշխատելու: Բայց ոչ ոք չի կրճատվելու, հակառակը:

- Ի՞նչ այլ խնդիրներ կան Վայոց Ձորի մարզում, մասնավորապես` Եղեգնաձորում: Օրինակ, տեղեկություններ ունենք, որ մարզում խիստ անմխիթար վիճակում գտնվող կրթական հաստատություններ կան:

- Նախ ուզում եմ ասել, որ այն երկու հիվանդանոցները, որոնք դառնում են պոլիկլինիկա, վերանորոգվելու են, ինչ վերաբերում է կրթական հաստատություններին, ապա 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ կա, կառուցվում է երեք դպրոց` այս պահին, մոտ ժամանակներս կավարտվեն։ Կառուցվում են նաեւ մանկապարտեզներ: Հինգ կրթական համալիր է կառուցվելու:

- Այդքան շա՞տ են Վայոց Ձորում երեխաները, իսկ ինչո՞ւ հները չեն նորոգվում, նորերն եք կառուցում:

- Դե, գյուղերում հին դպրոցներ կան, որոնք միավորվելու են համալիրի շրջանակներում: