Քարահունջն ու Որոտանը կորցրել են բերքը, ճանապարհն է վնասվել, մեքենաներ են տուժել

Քարահունջն ու Որոտանը կորցրել են բերքը, ճանապարհն է վնասվել, մեքենաներ են տուժել

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայր տանող ճանապարհը փակվել էր ուժեղ սելավի հետևանքով: Նորակառույց ճանապարհը փակվել էր ու Շուռնուխը հայտնվել էր «շրջափակման» մեջ։
Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց, որ անմիջապես միջոցներ են ձեռնարկվել, տարված աշխատանքների շնորհիվ դեպի Շուռնուխ տանող ճանապարհն արդեն բաց է։

«Արդեն վերականգնված է կապը, երեկ ամբողջ օրը այն ամբողջ տեխնիկան, որը հնարավոր է եղել, և համայնքային, և մարզային, և տարբեր անհատներ, ովքեր ունեին այդ հնարավորությունը, տրամադրել են տեխնիկա և շատ արագ` արդեն լուսադեմին ամբողջ ճանապարհը երթևեկելի է եղել, բացվել է։ Շատ հրատապ արձագանքվել է, որպեսզի Շուռնուխի՝ արտաքին աշխարհի հետ կապը նորից վերականգնվի»,-ասաց Յոլյանը:

Հավելյալ աշխատանքներ ճանապարհի վերականգնման հետ կապված այս պահին անհրաժեշտ չեն լինի, որովհետև ճանապարհի փակման հիմնական պատճառը ավազի հոսքն է եղել, որն ամբողջովին փակել էր ճանապարհը և տեխնիկայի ու մարդկային ռեսուրսների ներգրավմամբ արագ կապը վերականգնել են: 
Առատ տեղումների հետևանքով մեծ վնասներ են կրել Գորիս համայնքի այլ բնակավայրեր ևս:
«Սարսափելի մեծ վնաս է հասցվել Որոտան բնակավայրին, Քարահունջ բնակավայրին։ Մարդիկ, ովքեր հիմնականում ունեցել են ջերմոցային տնտեսություններ՝ նրանց ջերմոցներն են վնասվել, ընդհանրապես բանջարաբոստանային կուլտուրաները, պտղատու ծառերը, թութը, որ Քարահունջի եկամուտի աղբյուրն է կամ Որորտանում բանջարաբոստանային կուլտուրաները, որ իրենց հիմնական եկամտի աղբյուրն է՝ ամբողջովին հողին է հավասարեցվել: Բավականին բարդ իրավիճակ է, նաև ավտոմեքենաներ են վնասվել»,- նշեց Գորիսի համայնքապետի տեղակալը:

Խոշոր չափի կարկուտը վնասել է տների տանիքները, արևային պանելներն ու ջրատաքացուցիչները  հիմնականում շարքից դուրս են եկել, նաև ցանքատարածություններն են վնասվել: Այդ ամբողջը քարտեզագրվել է, համայնքապետարանում ողջբինֆորմացիան հավաքագրվում է:

«Կփորձենք հասկանալ, ինչ չափի վնաս են կրել և անհատական մակարդակում և ընդհանրապես բոլոր բնակավայրերի սոցիալ-տնտեսական տեսանկյունից»,-ասաց Իրինա Յոլյանը։

Վնասի տվյալների ամբողջական հավաքագրումից հետո դրանք կփոխանցվեն իարավասու մարմիններին, հասկանալու համար, թե ինչ կարելի է անել ստեղծված իրավիճակում:

Շուռնուխի գյուղապետ Գրիգոր Դարբինյանը նշեց, որ բարեբախտաբար իրենց գյուղում կարկուտ չի տեղացել ու միակ վնասը ուժեղ սելավի հետևանքով ավազի լցվելն է եղել: