Պետք չէ աշխարհաքաղաքական ինտրիգ փնտրել 

Պետք չէ աշխարհաքաղաքական ինտրիգ փնտրել 

Հաղորդվել էր, որ ռուսական «Газпром экспорт»-ի և Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի միջև 2021 թվականի մարտի 16-ին համաձայնագիր է կնքվել, ըստ որի՝ ռուսական գազը կարճ ժամանակով Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով, քանի որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի պլանային-կանխարգելման վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Հաղորդվել էր, որ աշխատանքները կտևեն մոտ 3 շաբաթ։ Դրանց ավարտից հետո գազը կմատակարարվի նախկին երթուղով` Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի սահմանով։

Էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանն առաջարկում է աշխարհաքաղաքական ինտրիգ չփնտրել այնտեղ, որտեղ այն պարզապես չկա։

«Ես Նիկոլ Փաշինյանին ու թիմին ամենաշատ քննադատողներից եմ, բայց այստեղ խնդիր չկա։ Տեխնիկական լուծում է` ժամանակավոր։ Եվ սա ամբողջությամբ գտնվում է «Газпром экспорт»-ի ու Ադրբեջանի նավթագազային ընկերության պատասխանատվության տիրույթում։ Մեզ համար, ի վերջո, մեկ է, թե Ռուսաստանից ներկրվող գազն ինչ լոգիստիկայով է գալու, որովհետև մեր պայմանագիրը «Газпром экспорт»-ի հետ է»,-ասաց փորձագետը։

Եթե անգամ Ադրբեջանը փորձի ֆորսմաժորային իրավիճակներ ստեղծել, ապա, ըստ փորձագետի, կրկին Հայաստանը գլխացավանք չի լինելու, այլ «Газпром экспорт»-ի, քանի որ այս ընկերությունը պարտավորվել է x ծավալով բնական գազ մատակարարել Հայաստանի Հանրապետություն։

Եթե պատերազմական գործողություններ լինեն, այնուամենայնիվ, վնասը էներգետիկ օբյեկտներին կարող է շատ ավելին լինել, քան հարցը, թե ում պատասխանատվությունն է։ Այս հարցին ի պատասխան, փորձագետն ասաց․ «Եթե 20 օրվա մեջ պատերազմ լինի, Աստված մի արասցե, դրանով Ադրբեջանը հարված կհասցնի նախևառաջ Ռուսաստանին՝ «Газпром» ընկերությանը, որովհետև Հայաստանն ունի այլընտրանքային ուղի։ Իրան-Հայաստան գազամուղն է, որը լիովին կարող է բավարարել Հայաստանի բնական գազի ամբողջ պահանջարկը։ Մենք այս առումով, փառք Աստծո, դիվերսիֆիկացված ենք։ Թեև շատ են այս իշխանությունները խոսում այն մասին, որ նախկինում էներգետիկ համակարգը խարխլվել է, թալանավել է և այլն, բայց մենք տեսնում ենք, որ այսօր իրականում ունենք քիչ թե շատ դիվերսիֆիկացված համակարգ։ Կրկնում եմ՝ եթե նման բան տեղի ունենա, ապա այն բացառապես լինելու է ռուս-ադրբեջանական տիրույթում»։  

Ի՞նչ աշխարհագրությամբ է տեղի ունենում լոգիստիկան։ Ըստ Դավթյանի՝ Գանձակով գալիս է Թբիլիսի։ «Գազպրոմ Արմենիայի» հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապի բաժնի աշխատակից Միքայել Հարությունյանն էլ նշեց միայն, որ, ինչպես միշտ, Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումն իրականացվում է միայն Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարով։ 

Վահե Դավթյանը, սակայն, զգուշացնում է մեկ այլ տհաճության մասին՝ ասելով, որ եթե անգամ սահմանին ռուսական գազի սակագինը պահպանվի, միեւնույն է, ներքին սակագնային քաղաքականության համար դա ռիսկոգեն է, եւ բացառված չէ, որ ապրիլ-մայիսին «Գազպրոմ Արմենիան» գազի սակագնի հարցով կրկին դիմի ՀԾԿՀ։

Պատճառը դոլարի փոխարժեքն է։ «Երբ կնքվում էր բնական գազի ներկրման պայմանագիրը, փոխարժեքը 480 դոլար էր, մինչդեռ փոխարժեքը 525 է հասել, ու «Գազպրոմ Արմենիան» կոնկրետ վնասով է աշխատում արդեն ու ստիպված է գնալ թե՛ ներդրումային ծրագրի կրճատման, թե՛ աշխատավարձերի»։

Վահե Դավթյանի հաշվարկով՝ քիչ թե շատ կայունություն ապահովելու համար ընկերությունը ինչ-որ մի պահի, ըստ ամենայնի՝ ապրիլ-մայիս ամիսներին, երբ նախորդ հայտից լրացած լինի 1 տարի, մտնելու է ՀԾԿՀ՝ սակագինը 5-6 տոկոսով բարձրացնելու համար։