Ինչո՞վ է պայմանավորված դոլարի կուրսի նվազումը

Ինչո՞վ է պայմանավորված դոլարի կուրսի նվազումը

Դոլարի կուրսը, որ պատերազմի օրերին սկսել էր անխնա բարձրանալ ու հասել էր 520 դրամի, այս օրերին  նվազել է։ Երեկ, օրինակ, Կենտրոնական բանկը 1 դոլարի միջինացված փոխարժեքը սահմանել էր 496.83 դրամ։ Բայց բանկերում ամենացածր գինը, որով գնում էին դոլարը, 490 դրամ էր, ամենաբարձրը, որով վաճառում էին, 500 դրամ։ ԿԲ-ից տվեցին չեզոք եւ ստանդարտ պատասխան․ «Հայաստանում գործում է փոխարժեքի լողացող քաղաքականությունը, շուկան է որոշում արտարժույթի գինը»։

Ճի՞շտ է, արդյոք, որ ԿԲ-ն դոլար է դուրս թողել շուկա, այսինքն՝ ինտերվենցիա է իրականացրել, որպեսզի իջեցնի կուրսը, ԿԲ մամուլի պատասխանատու Հարություն Կբեյանն ասաց․ «Մենք այս պահին եւ վերջին մի քանի ամսվա ընթացքում ինտերվենցիա չենք արել, իսկ մեր ինտերվենցիաների մասին եռամսյակային կտրվածքով մեր կայքում կախում ենք գրաֆիկը, թե երբ, որքան ենք իրականացրել»։

Մեզ բացատրեցին, որ դոլարի կուրսի իջնելը պայմանավորված է մի քանի գործոնով։ Մեկը ընտրություններն էին, որոնք ավարտվեցին, եւ այն քաղաքացիները, որոնք «դոշակի տակ պահած» դոլար ունեին, բայց սպասում էին՝ ընտրություններն ավարտվեն, տեսնեն՝ գլխներին ինչ է գալիս, նոր որոշեն՝ ծախսել կամ արտագաղթել, հիմա հոգեբանորեն կայուն վիճակում են եւ հանել են իրենց խնայած դոլարներն ու մտցրել շուկա՝ դրանով, օրինակ, վերանորոգման կամ այլ ծախսեր կատարելով։ Իսկ նրանք, ովքեր հիասթափված են եւ որոշել են արտագաղթել, նախընտրում են խնայած գումարով օդանավի տոմս գնել ու հեռանալ։

Մյուսը գործոնը տուրիզմի աշխուժացումն է՝ պայմանավորված սեզոնով եւ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների թուլացմամբ։ Երկիր տուրիստներ եւ հավելյալ դոլար է սկսել մտնել, որը փոխանակում են դրամով։ Արտերկրից տրանսֆերտներն են ավելացել, ինչն արտարժույթի լրացուցիչ հոսք է ապահովել երկիր։ Արդյունքում՝ այս պահի դրությամբ շուկայում դոլարի առաջարկն ավելի մեծ է, քան պահանջարկը։ Իսկ երբ առաջարկը մեծանում է, գինը նվազում է։

Տնտեսագետ Արմեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում նախ նկատեց, որ գոյություն ունի արտարժույթի փոխարժեքի բնական եւ արհեստական միջամտություն։ Բնական ընթացքն այն է, որ երկիր արտարժույթ է մտնում բնական ճանապարհով՝ տրանսֆերտների, տուրիստական հոսքերի արդյունքում, դրան գումարվում է նաեւ երկրի ներսում մարդկանց խնայած գումարները «դոշակի տակից» հանելու եւ դրանցով առեւտուր անելու ճանապարհը։ «Իսկ արհեստական միջամտությունը տեղի է ունենում ԿԲ-ի միջոցով։

Քանի որ Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականություն իրականացնող մարմին է, կարող է որոշում կայացնել եւ, օրինակ, նախընտրական կամ քաղաքական նպատակներից ելնելով՝ արհեստական միջամտությամբ բարձրացնել կամ իջեցնել դոլարի կուրսն իր ռեզերվների հաշվին»,-ասաց Պետրոսյանը։