Էդուարդ Ջրբաշյան-100․ ակադեմիկոսն իմ հուշերում

Էդուարդ Ջրբաշյան-100․ ակադեմիկոսն իմ հուշերում

Կան մարդիկ, որոնք կյանքից հեռանալով մնում են ապրողներիս հետ: Այդպիսիք շատ չեն, բայց նրանք հասարակության եւ երկրի աղն են: Նմանները վառ անհատականություն են իրենց մտածողությամբ եւ հույզերով, մեզ թողած գործի ճշտությամբ ու անկշռելիությամբ, ազնիվ ապրումներով: Այդ մարդիկ իրենց շարունակվող ներկայությամբ մշտապես արժեւորում են այս կյանքը, հավերժումի համաստեղությունից շարունակում ուղղորդել մեզ: Կյանքում եւ գրականագիտական արագ փոփոխվող ասպարեզում որպես այդ քչերից մեկը՝ իմ մտապատկերում մնացել է Հայրենական մեծ պատերազմի շքանշանակիր, ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր Էդուարդ Ջրբաշյանը: Հենց նա է ինձ համար եղել առաջիններից մեկը, ով օգնել է լիարժեք ըմբռնելու անմահ լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի գրական երկերը, հասարակական-քաղաքական գործունեությունը:

Էդուարդ Մկրտիչի Ջրբաշյանը ծնվել է Երեւանում, 1923թ. սեպտեմբերի 24-ին, 1950-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Նույն տարում սկսել է դասախոսել համալսարանում: Հետո եղել է «Գրական թերթ»-ի խմբագրի տեղակալ, «Սովետական գրականություն» ամսագրի եւ «Բանբեր Երեւանի համալսարանի» հանդեսի խմբագիր: 1966-ից աշխատել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1977-ից, մինչեւ իր հավերժի ճամփան բռնելը, (1999թ.) ղեկավարել այն: 

Հիմա, երբ լինում եմ Երեւանում, ուզում եմ գնալ Շոթա Ռուսթավելու փողոցի 25 հասցեն ու Ջրբաշյանների առանձնատան մոտ նայել ակադեմիկոս եղբայրների հուշաքանդակին: Տանում եմ ինձ հետ լռություն, խոնարհում, գնում եմ առանց ծաղիկների, քանզի դրանք մի քանի օրից թառամելու են ու «խամրեցնելու»  ջրբաշյանական սլացքի հավերժությունը: Գնում եմ՝ միշտ աչքիս առաջ ունենալով գրական հանրագիտարանների առաջնեկի՝ «Հովհաննես Թումանյան» հանրագիտարանի ստվարածավալ գիրքը, որի էջերում այլ նվիրյալների կողքին, ոչ ավել, ոչ պակաս՝ 49 անգամ հիշատակվում է Էդուարդ Ջրբաշյանը: Օգտագործված գրականության ցանկում հիշատակված են Ջրբաշյանի 10 գրքեր: Միշտ առանձին հպարտությամբ եմ լինում այնտեղ, քանզի գրականագիտության ասպարեզում նրա անմոռաց գործը դստեր՝ Աշխենի հետ շարունակում է լոռեցի փեսան, իմ վաղեմի բարեկամ Աբգար Ափինյանը: Առիթ ունեցել եմ դստեր աչքերում տեսնելու ջրբաշյանական նվիրում ու վստահություն, նաեւ՝ պատասխանատվություն:

Ուրախ եմ, որ 1977թ. աշնանն ակադեմիկոս Ջրբաշյանին հանդիպելու եւ նրա առավել քան համոզիչ խոսքը լսելու երկու հնարավորություն եմ ունեցել: Երեւանի հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի եւ ընդհանուր տեխնիկական ֆակուլտետին զուգահեռ սովորում էի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի «Կոմերիտական ակտիվի դպրոց» բաժնում: Նախապես տեղեկացված էի, որ այդ օրվա պարապմունքները՝ «Հասարակական-քաղաքական կյանքի արտացոլումը գրականության մեջ», վարելու է գրականագետ Է. Ջրբաշյանը: Հեղինակն ուսանելի եւ անմոռաց զրույց ու բանավեճ ծավալեց լսարանում, որը նախատեսված մեկ օրվա փոխարեն տեւեց երկու օր: Այդ օրերին ես բոլորովին այլ կերպ ճանաչեցի եւ ընկալեցի Հովհաննես Թումանյանին, Միքայել Նալբանդյանին, Ղեւոնդ Ալիշանին, Եղիշե Չարենցին, Միսակ Մեծարենցին ...

Հետո կարդացի Էդուարդ Ջրբաշյանի գրական ժառանգությունը՝ նրա խորաթափանց ու հիմնավորված գնահատականները: Ասելիքն այնքան շատ էր, որ չեմ ուզում անգամ դրանք թվարկել: Միայն ասեմ, որ 2007թ. լույս տեսած նրա  «Դրվագներ  իմ կյանքից» գիրքը լույս աշխարհ չի եկել գրականագետի ճանապարհից մաքրելու մոռացումի փոշին, քանզի հենց ինքը դա արել էր կենդանության օրոք: Գրականագետի մասին ուշագրավ շատ գնահատականներ լսել եմ համալսարանում նրան ունկնդրած մարդկանցից, գրականության ասպարեզի նվիրյալներից: Հիմա կարծում եմ, որ ողջ հմայքով ճանաչում եմ նրան ու նրա ընտանիքը՝ երեք զավակներին եւ տիկնոջը՝ ազնվատոհմիկ եւ ազգանվեր Լիդա Թեհլեմերզյանին:

Թող այս հրապարակումը դառնա համեստ, բայց չդադարող մի շիվ անվանի հայորդու գունեղ դափնեպսակին: Համոզված եմ, որ նրա հարյուրամյա հոբելյանի առթիվ հայոց երկնակամարում լույս կփայլատակի, ու շողերը կիջնեն նրա սուրբ շիրիմին: Դա նրան ամենեւին պետք չէ, բայց ապրողներիս շատ է հարկավոր:
Ժողովուրդն ասել է՝ լավ է ուշ, քան երբեք: Ապրողներս պարտավոր ենք արժանին մատուցել ակադեմիկոս եղբայրների՝ գրականագետ Էդուարդ եւ մաթեմատիկոս Մխիթար Ջրբաշյանների հիշատակին: Այս օրերին ապրում ենք Ջրբաշյանի հոբելյանով արժեւորվող մեր կյանքի սլացքը՝ նրա հետ ու առանց նրա: Ապրում ենք նրա դասերով, հուշերով, փառքով գոտեպնդված։

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ