«Հրապարակ». Քսենոֆոբիկ ելույթներին զուգահեռ, Բաքուն պատրաստվում է սահմանային սադրանքների

«Հրապարակ». Քսենոֆոբիկ ելույթներին զուգահեռ, Բաքուն պատրաստվում է սահմանային սադրանքների

Հայաստանյան ներքաղաքական լարվածությանը զուգահեռ, Ալիեւն ակտիվացել է՝ տարբեր հայտարարություններ է անում։ Զրուցել ենք ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի հետ։

- Վերջին տասն օրում Իլհամ Ալիեւը 4 ելույթ է ունեցել՝ ուղղված թե՛ իր ներքին լսարանին եւ թե՛ միջազգային: Ինչո՞ւ է ակտիվացել։

- Ալիեւն առանձնակի ոգեւորվել է Բրյուսելից հետո, որտեղ, նրա իսկ գնահատմամբ, հայկական կողմն ընդունել է Ադրբեջանի պայմանները: Ալիեւի ելույթներում կարեւոր է առանձնացնել հետեւյալ հիմնական շեշտադրումները․
• նա շարունակում է սպառնալ մեզ «խաղաղության պայմանագրով»՝ նշելով, թե դա մեր վերջին հնարավորությունն է, հակառակ դեպքում հետեւանքները կլինեն աղետալի
• ուղղակի միջամտում է ՀՀ ներքին գործերին՝ ասելով, թե մենք չպետք է ունենանք բանակ կամ բնակչության թվաքանակի աճ, քանի որ դա համարելու է սպառնալիք Ադրբեջանի համար, ինչը կհանգեցնի մեր պետականության կորստին անգամ
• փորձում է «հիմք» ստեղծել Սյունիքի հանդեպ ապագա տարածքային պահանջների համար՝ մեջբերելով հորինված քարտեզներ եւ կեղծված պատմական «փաստեր»
• եւ, իհարկե, շարունակում է թոզ փչել միջազգային հանրության աչքերին, թե խաղաղության կողմնակից է։ Զավեշտալի է, բայց Ալիեւն անգամ օգտագործում է «խաղաղության դարաշրջան» ձեւակերպումը՝ պնդելով, որ դա իր գաղափարն է:

- Երեկ Ադրբեջանի նախագահը ծավալուն, խոստովանական տեքստ ասաց։ Ի՞նչ էր նշանակում դա։

- Այո, հատկանշական է, որ երեկվա իր ելույթում Ալիեւը եւս մեկ անգամ խոստովանեց, որ «մեծագույն նպատակը եղել է հայերին այդ տարածքներից քշելը»։ Սա գալիս է կրկին ապացուցելու պաշտոնական Բաքվի ցեղասպան մտադրությունները եւ իրական վերաբերմունքն էթնիկ հայի նկատմամբ: «Մենք այդ հաղթանակը տարել ենք մարտի դաշտում, ոչ թե բանակցությունների ու զիջումների ճանապարհով, այլ արյուն թափելով ու նահատակվելով։ Ի՞նչն էր մեզ առաջ մղում՝ մեր հայրենասիրությունը, հայրենիքի հանդեպ սերն ու թշնամու հանդեպ ատելությունը»,- ասել է Ալիեւն իր վերջին ելույթներից մեկում: Սա պարզ խոստովանություն է, որ Ադրբեջանը չի գնացել խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհով, այլ գերադասել է պատերազմը՝ ավելի քան երկու տասնամյակ շարունակ պատրաստելով սեփական հանրությանը հենց այդ պատերազմին: Ուստի պատրանք է մտածել, թե ինչ-որ բան փոխվել է Բաքվի քաղաքականության մեջ, մի բան է փոխվել՝ նրանց ախորժակն ավելի է բացվել, եւ տարածքային նորանոր հավակնություններ ներկայացնելը պատահական չէ: Ալիեւը նաեւ արձանագրել է, որ նպատակային քարոզվել է ատելություն հայի կամ, ինչպես ինքն է որակում՝ «թշնամու» նկատմամբ, եւ վերջին պատերազմի ժամանակ հենց դրա շնորհիվ է ձեռք բերվել հաղթանակ:

- Ինչո՞ւ մենք այս ամենը չենք ներկայացնում այն միջնորդներին, որոնք խոսում են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման մասին: Եթե ԵՄ-ն ողջունում է Փաշինյանի՝ խաղաղության քարոզը, ինչո՞ւ գնահատականներ չի տալիս Ալիեւի այս քարոզչությանը:

- Սրանք ակնհայտ փաստեր են, որոնք կարեւոր խաղաթուղթ կարող են դառնալ մեր ձեռքին, եթե ճիշտ կիրառենք: Օրինակ՝ հիշո՞ւմ եք, թե «Ռազմավարի պուրակի» վերաբերյալ ինչ միջազգային աղմուկ կարողացանք բարձրացնել՝ բոլոր ճակատներում, աղմուկը հասավ այն աստիճանի, որ Բաքուն հայտարարեց, թե կհեռացնի հայ զինվորներին պատկերող մանեկենները: Այս գործելաոճը պետք է լիներ շարունակական, թե չէ՝ ինքնախաբեությամբ զբաղվելով, խաղաղություն հաստատ չենք կարող կառուցել: Խաղաղությունը հնարավոր է Բաքվի նպատակների ճիշտ գնահատմամբ եւ դրա հանդեպ անհրաժեշտ դիմադրողականության կազմակերպմամբ միայն։ Դա վերաբերում է ե՛ւ դիվանագիտությանը, ե՛ւ բանակին, ե՛ւ, առհասարակ, հանրությանը նախապատրաստելուն: Հավելեմ նաեւ, որ Ալիեւը խոստացել է իր հանրության համար բացել հաղթանակի եւ օկուպացիայի բազմաթիվ թանգարաններ՝ նշելով, որ իր նպատակն է՝ սերունդներին թույլ չտալ մոռանալ անցյալը: Կարեւոր է արձանագրել, որ ռազմատենչ եւ քսենոֆոբիկ ելույթներին զուգահեռ, Բաքուն, իմ տպավորությամբ, նախապատրաստվում է սահմանային նոր սադրանքների: Եթե ուշադրություն դարձնենք, արդեն երեք կամ չորս օր է, ինչ մամլո հաղորդագրություններ են տարածվում Ադրբեջանի ՊՆ-ի կողմից, թե իբր հայկական կողմը կրակ է բացել իրենց դիրքերի ուղղությամբ, ավելին՝ անգամ գնդացիրներ եւ տարբեր տրամաչափի զենքեր են կիրառվել: Սա ակնհայտ սուտ է, եւ ՀՀ ՊՆ-ն, բնականաբար, ժխտում է այս կեղծ լուրերը: Բայց սա քաջածանոթ գործելաոճ է ինձ համար: Ադրբեջանում ուշի-ուշով հետեւում են մեր երկրում ընթացող զարգացումներին եւ պատրաստվում հնարավոր լարմանը սահմանին, եթե մեզ մոտ ներքաղաքական ճգնաժամն ավելի խորանա: Այս առումով, հույս ունեմ, որ համարժեք զգոնության մասին կարգադրությունները տրված են բանակին, քանի որ ակնհայտ է, որ Բաքուն փորձելու է օգտվել մեզ մոտ աճող ներքաղաքական լարվածությունից՝ իր նպատակներին հասնելու համար: