Եթե անձը մահանում է դատարանում և միջազգային կառույցները չեն արձագանքում, սա ամեն ինչ ասում է

Եթե անձը մահանում է դատարանում և միջազգային կառույցները չեն արձագանքում, սա ամեն ինչ ասում է

«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն է:

- Մի քանի օր է հայաստանյան հասարակությունը բուռն քննարկում է քաղբանտարկյալ Արմեն Գրիգորյանի կասկածելի ու ողբերգական մահը դատարանի դահլիճում: Առողջական խնդիրներ ունեցող քաղաքացու նկատմամբ կալանքը որպես պատժի միջոց կիրառելն ինչի՞ մասին է վկայում: Այժմ որոշ քաղբանտարկյալներ ևս ունեն առողջական խնդիրներ:

- Հայաստանում հատկապես վերջին չորս տարվա ընթացքում նկատվում է ակնհայտ կալանավորման ֆետիշացում: Կալանավորման այսպիսի բարձր ցուցանիշ, ես կդժվարանամ մտաբերել: Հատկապես քրեադատավարական գործիքակազմն ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ կիրառելն այս աստճան ընդարձակելն ուղղակի բացառիկ մի երևույթ է: Նման դեպքեր երբևէ չենք ունեցել: Թեև Արմեն Գրիգորյանի մահվան հետ կապված քրեական գործն հարուցվեց, սակայն ես վստահաբար կարող եմ ասել, որ իշխանություններին, դատախազությանը և քրեական հետապնդման մարմիններին Արմեն Գրիգորյանի մահը բացարձակապես չի հուզում: Եթե հուզեր, ապա Արմեն Գրիգորյանն առհասարակ չէր հայտնվի կալանավայրում՝ մի արարքի համար, որն անգամ իրավաբանականի առաջին կուրսի ուսանողը կդժվարանար որակել այն հոդվածով, որով կալանավորվել է Արմեն Գրիգորյանը: Ցավոք, կալանավայրում հաշվեհարդար տեսնելու միտումները ցավալի քանակի են հասնում:

Մենք պետք է ապավինենք Եվրոպական դատարանի կողմից ուրվագծված այն նյութին, որ եթե անձի մահը տեղի է ունենում անազատության պայմաններում, այն էլ այսքան կասկածելի պայմաններում, ապա պետք է խոսել արդեն կյանքի իրավունքի խախտման մասին: Կասկածելի՞ էր Արմեն Գրիգորյանի մահվան հանգամանքն, իհարկե, կասկածելի էր, արդյո՞ք մահը եղել է կասկածելի պայմաններում, վստահաբար կարող ենք ասել` այո: Արմեն Գրիգորյանը մահացել է կասկածելի հանգամանքներում: Պրոդյուսերի իրավահաջորդներն այս առումով բավականին շատ անելիքներ ունեն, նվազագույնը պետք է հասնեն նրան, որ տեղի է ունեցել կյանքի իրավունքի նկատմամբ ոչ համաչափ սահմանափակում, իսկ ինչ վերաբերում է մնացյալ քաղբանտարկյալներին, մասնավորապես իմ պաշտպանության տակ գտնվող Նարեկ Մանթաշյանին, ապա այս առումով ես գտնում եմ, որ իշխանությունները շատ մեծ անելիքներ ունեն, քանի որ հիվանդությունը կալանքի հետ անհամատեղելի է:

- Փաստորեն ունենք այնպիսի իրավիճակ, որ դատական համակարգն ամբողջությամբ վերահսկվում է քաղաքական իշխանությունների կողմից: Փաստացի` նրանք մարդկանց, իրենց ընդդիմախոսների հետ կարող են վարվել այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Այս առումով ի՞նչ քայլեր պետք է արվեն, գուցե, օրինակ, դիմեք միջազգային կառույցների....ներկայացնեք ապօրինի կալանավորման փաստերը։

- Միջազգային կառույցները գործում են Հայաստանի իշխանությունների գործողությունների աշխատանքը փոխլրացնելով: Եթե անձը մահանում է դատական նիստերի դահլիճում և հենց այդ նույն միջազգային կառույցները չեն արձագանքում, սա խոսում է այն մասին, որ անիրատեսական է հույս դնել նրանց վրա: Հավաքական Արևմուտքի կարծիքով` Հայաստանում միակ խնդիրը վիրավորանքի քրեականացումն է: Ինչ վերաբերում է նրան, թե ինչպիսի սարսափելի քաղբանտարկյալների ցուցանիշ կա Հայաստանում, թե ինչ է կատարվում դատաիրավական համակարգում, պատվերով ինչպես են մարդկանց կալանավորում և այլն, սա իրենց համար խնդիր չէ: Նույնը կարելի է ասել Հայաստանի իրավապաշտպանների մասին: Նրանք ևս լուռ են: Օրինակ եթե մինչև 2018 թվականը տեղի ունենային նմանաբնույթ դեպքեր, նրանք բոլորը կաղաղակեյին: Փաստացի նրանց բոլորին ձեռք է տալիս այս իրավիճակը: