Օրենքը խախտելու ավանդույթ

Օրենքը խախտելու ավանդույթ

Կարելի է ընդամենը զարմանալ այն մարդկանց զարմանքի վրա, որոնք ասում են` էսինչ համայնքում իշխող ՔՊ-ն պարտվել է, ինչու է հետընտրական «տասովկաների» միջոցով փորձում տիրանալ իշխանությանը, եւ ամոթանք են տալիս` այ, այ, այ, մարդիկ ձեզ մերժել են, ինչո՞ւ եք ուզում ձեր պարտությունը հաղթանակի վերածել: Բայց, ներեցեք, հարգելիներս, դուք երեւի մոռացել եք 2018 թվականի դեպքերը, երբ առանց ընտրություններում հաղթելու, ուղղակի փողոցից, մարդիկ եկան իշխանության, ապա ԱԺ-ում չունենալով մեծամասնություն, ստիպեցին, որ վարչապետ ընտրեն եւ կառավարություն ձեւավորեն` կոտրելով իշխող քաղաքական ուժի եւ խորհրդարանական ընդդիմության դիմադրությունը: Հետո, երբ խորհրդարանում բունտի փոքրիկ նշույլներ նկատեցին, նորից դիմեցին անօրինական միջոցների` մարդկանց հավաքեցին Ազգային ժողովի մոտ եւ սպառնալիքների ու շանտաժի միջոցով կոտրեցին նախորդ ընտրություններում հաղթած պատգամավորների դիմադրությունը: Ապա` չնայած խոստացել էին, որ հաջորդ ընտրությունները կկայանան մյուս տարվա գարնանը, ստիպեցին, որ գործող խորհրդարանը 2 անգամ չընտրի վարչապետին` արհեստական ճգնաժամ առաջացնելով եւ ինքնալուծարման գնալով:

Այս բոլոր գործընթացների մեջ անօրինականությունը քանիցս գերազանցում էր օրինականությանը, բայց մենք` հասարակությունը, հավանություն տվեցինք այդ քայլերին` չհասկանալով, որ օրենքը մեկ անգամ խախտողը հետո էլ է խախտելու, եւ դա դառնալու է ավանդույթ: Հետո սկսելու է գործել հանրային անորոշ կարծիքը` «նախկինները կեղծել են ընտրությունները, ուստի պետք է ամեն գնով հեռանան», «ժողովուրդն ընտրել է ՔՊ-ին` ոչինչ, որ ընտրություններ չեն եղել, փողոցային ակցիաներն էլ են ընտրության եղանակ»: Հիմա եկել է 2018 թվականին ցանածի պտուղները քաղելու ժամանակը: