Փաստաբանի լիազորությունները սահմանափակելը նույնն է, թե բժիշկներին ժամանակակից սարքավորումներից զրկելը

Փաստաբանի լիազորությունները սահմանափակելը նույնն է, թե բժիշկներին ժամանակակից սարքավորումներից զրկելը

Քրեական դատավարության նոր օրենսգրքով դատավարական իրավունքների պարբերաբար չարաշահման դեպքում դատարանը կարող է, որպես սանկցիայի նոր տեսակ, սահմանափակել նրա որոշ դատավարական իրավունքները: Արդյունքում դատավորն անսահմանափակ իրավունք է ստանում՝ սահմանափակելու պաշտպանական կողմի գրեթե բոլոր գործողությունները՝ միջնորդությամբ հանդես գալու, բացարկ հայտնելու, քրեական գործին ծանոթանալու, փաստաբան փոխելու, քրեական գործից նյութեր արտագրելու եւ այլն, իր հայեցողությամբ սանկցիա կիրառելու կողմի նկատմամբ: Նախագծում նշվում է, որ սա արվում է մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պատշաճ իրացման, դատավարությունը ողջամիտ ժամկետներում իրականացնելու նպատակով: Սակայն բազմաթիվ իրավաբաններ այս փոփոխությունը որակել են որպես հակաիրավական, որը գործնականում կհանգեցնի իրավունքներից կամայականորեն զրկելուն: 

Փաստաբան Հայկ Ալումյանը կարծում է, որ թեեւ նոր լրացումներն անորոշ են ու ունեն «իրավունքի չարաշահում» ասվածի ավելի հստակեցման անհրաժեշտություն, բայցեւայնպես, այսօրվա իրավիճակում մեկ քայլ առաջ են: Նրան մի քանի հարց տվեցինք: 

- Նախկինում եղե՞լ է «իրավունքի սահմանափակում» հասկացություն, ինչպե՞ս են որոշել: 

- Մինչեւ հիմա վճռաբեկ դատարանի որոշումներում եղել են այսպիսի սահմանումներ, թե ինչ է պետք հասկանալ «իրավունքի չարաշահում» ասելով: Ես վատ չեմ համարում, եթե դա օրենքով հստակ կանոնակարգվի: Հակառակը՝ կարող է լինել ավելի դրական, քան ներկա վիճակն է: Հիմա բառացիորեն ամեն պահի, ամեն միջնորդությունից ու բացարկից հետո դատախազները կարող են վերկենալ ու սկսել պնդել, որ սա իրավունքի չարաշահում է: Գոնե ինչ-որ հստակություն կմտնի, թե որ պահից սկսած՝ ընդհանրապես կարող է հարցը քննարկվել այդ տիրույթում: «Իրավունքի չարաշահում» տերմինը հաճախ չարաշահվում էր դատախազների կողմից, երբ որ սկսում էին առարկել մեր միջնորդությունների, հայտարարությունների վերաբերյալ: 

- Այս ձեւով, ոնց որ ներկայացված է, շատ գործողություններ կարող են սանկցիայի տակ ընկնել՝ միջնորդություն, գործերին ծանոթանալ, նույնիսկ՝ արտագրել: Բայց ո՞նց է որոշվելու, թե երբ է իրավունքի չարաշահում, իսկ երբ՝ ոչ: 

- Ասվում է՝ պարբերաբար հանդես գալու դեպքում: Նախագծում փորձ է արվել հստակություն մտցնել: Ճիշտ է, այն ներկա օրենքի համեմատ ունի իրավունքները սահմանափակող որոշակի կարգավորումներ, բայց, կրկնում եմ՝ մինչեւ հիմա նույն բանը փորձում էին անել, չունենալով օրենք, հղում անելով վճռաբեկի որոշ դիրքորոշումների վրա, որոնք շատ ավելի անորոշ էին, քան այն, ինչ հիմա փորձ է արվում օրենքով կանոնակարգել: Իհարկե, չափանիշները հստակ չեն, բայց, այսպես թե այնպես, մեր միջնորդություններ անելու, բացարկով հանդես գալու կամ նյութերին ծանոթանալու իրավունքը պարբերաբար սահմանափակվում է: Այսպես գոնե այդ դաշտը կանոնակարգվում է այն, ինչ հիմա արվում է սիրողական մակարդակով, կախված նրանից, թե որ դատավորը որ պահին ոնց կհրահանգավորվի, կամ ոնց կմեկնաբանի օրենքը: Եվ ի վերջո նրանք, ովքեր այս օրենքներն ընդունում են, ես հույս ունեմ, հասկանում են, որ դրանք կիրառվելու են իրենց եւ իրենց պաշտպանների վերաբերյալ: 

- Այս նոր կարգավորումներն ինչքանո՞վ դեր կխաղան դատերի անտեղի ձգձգումները վերացնելու առումով: Հայտարարվում է, որ դրա համար են արվում: 

-  Դատավարություններն իրականում ձգձգվում են ոչ թե՝ որովհետեւ կողմերը միջնորդություններ են անում: Նրանք, ովքեր ուզում են ժամկետները ողջամիտ դարձնեն, դատավարությունների ձգձգման իրական պատճառները կա՛մ չեն տեսնում, կա՛մ չեն ուզում տեսնել, կա՛մ էլ նրանցից ոմանց մոտ տրամաբանությունն է կաղում: Իրականում, դրանք պրակտիկապես չեն ձգձգվում մի երկու միջնորդություն կամ բացարկ ավել անելու պատճառով: Դատավարությունները ձգձգվում են նրա համար, որ եթե այսօր նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվելու է առնվազն մի ամիս հետո: Չհաշված Ռոբերտ Քոչարյանի գործը, մնացած ցանկացած դատավարություն նայեք: Նիստը հետաձգվում է, հաջորդը նշանակվում է մեկ ամիս հետո: Այստեղ ի՞նչ կապ ունի, թե քանի միջնորդություն է արվել կամ բացարկ: Եթե դատարաններն այսքան գերծանրաբեռնված չլինեին, նիստերն էլ նշանակվեին շաբաթը մեկ-երկու անգամ, ինչպեսեւ հարկն է, թող մի երկու բացարկ էլ ավել հայտնեն: Տեսեք, դեկտեմբերի 15-ին մի գործով նիստ ունենք, նախորդը նոյեմբերի 15-ին էր, հաջորդն էլ լինելու է հունվարի 29-ին:  

- Պարոն Ալումյան, բայց խայտառակ փոփոխություններ են, անգամ միջնորդություն փաստաբանները չեն կարող անել: Դատավորը կարող է որոշել, որ իրավունքի չարաշահում է: 

- Կորոշի՝ կբողոքարկենք: Ես առանձնապես ծանր չեմ տանում էդ բաները, որովհետեւ ով ընդունում է այդ օրենքը, վաղը ինքն այդ օրենքի թիվ մեկ շահառուն է լինելու: Իրենք փաստաբանական ծառայությունների թիվ մեկ շահառուն են, հիմա էլ արդեն կան փաստաբանական օգնության շահառուներ իրենց մեջ, իսկ մոտ ապագայում իրենք ամենախոշոր շահառուներն են լինելու եւ պետք է անեն այնպես, որ վաղը իրենց պաշտպաններն իրենց կարողանան պաշտպանել արդյունավետ ձեւով: Ոնց որ, ասենք, նստեն, մտածեն՝ բժիշկների իրավունքները ոնց սահմանափակեն, ասենք, զրկեն ժամանակակից սարքավորումներից: Այ ընկեր, վաղը քեզ է բուժելու կամ, ասենք, քո ամենամոտ հարազատներին, սահմանափակում ես, որ ի՞նչ: