Տարվա լավագույն ստեղծագործությունը

Տարվա լավագույն ստեղծագործությունը

Հետաքրքիր ժամանակներում ենք ապրում՝ ծանր, ողբերգական, բայց նաև հետաքրքիր: Օրինակ, ռուսական կալանավայրում մահանում է իշխանության դեմ պայքարող ընդդիմադիրներից մեկը եւ անմիջապես ողջ Արևմուտքը նրա մահվան մեջ մեղադրում է Ռուսաստանի ղեկավարին: Իսկ մահացածի այրին դառնում է օրվա թիվ մեկ «նյուզմեյքերը», այսինքն՝ նորություն ստեղծողը, հանդիպում է պետությունների ղեկավարների հետ, ելույթ ունենում՝ վճռական տոնով խոստանալով շարունակել ամուսնու գործը: Բայց դրանից մեկուկես տարի առաջ հայաստանյան դատարանում մահանում է քաղբանտարկյալ Արմեն Գրիգորյանը: Եվ ով զարմանք՝ Արևմուտքը եւ մեր արեւմտամետները նույնիսկ չեն նկատում այդ մահը: Ուր մնաց, թե դրա պատճառով մեղադրեն վարչապետի աթոռին նստած անձին: Չէ որ վերջինս անձեռնմխելի է՝ քանի դեռ չի ավարտել հակապետական «առաքելությունը»՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից քշելը: Ինչի արդյունքում հինավուրց մեր երկիրն անդամահատվելու է և վերածելու թուրքական վիլայեթի: Ինչն արդեն ակնհայտորեն ընթացքի մեջ է: 

Անցում կատարենք հայաստանյան կենդանի քաղբանտարկյալների խնդրին: Հենց սկզբից ասեմ, որ այսօրվա «ժողովրդավարության բաստիոնի» ամենատիպիկ քաղբանտարկյալը, տողերիս հեղինակի համեստ կարծիքով, վանաձորցի Մամիկոն Ասլանյանն է: Ով ավելի քան երկու տարի և երկուսուկես ամիս զրկված է ազատությունից: Ինչը տեղի չէր ունենա, եթե վերջինս, նախ, չմասնակցեր Վանաձորի ավագանու ընտրությանը որպես ընդդիմադիր: Եվ, ապա, հաղթանակ չտաներ իշխող կուսակցության նկատմամբ: Եվ եթե այդ հանգամանքները չլինեին, ապա իրավապահները, ենթադրաբար, չէին մտաբերի, որ նա նախկինում, որպես քաղաքապետ, խնդիրներ (՞՞՞) է ունեցել օրենսդրության հետ: Նույնիսկ ավելին, եթե մեղա գար ու խնդիրներ (տվյալ դեպքում՝ իրական) չստեղծեր ավագանիում իշխող կուսակցության մեծամասնություն ձևավորելու առումով, ապա վստահաբար վաղուց կլիներ ազատության մեջ: Ահա այսպիսի պատմություն: Այնինչ, վարչապետի աթոռին կառչած անձի ելույթները դիտարկելով՝ մեր երկիրը ներսից չճանաչող անձինք կարող են ենթադրել, թե այստեղ գործող իշխանության շնորհիվ ամբողջովին վերացել են ընտրությունների օրինականության հետ կապված խնդիրները: 

Ամենատիպիկ քաղբանտարկյալից անցում կատարենք ՀՀ գործող իշխանության տեսակետից ամենաանհարմարին: Խոսքը, բնականաբար, նախկին իշխանության ամենագործունյա, կասեի նույնիսկ՝ ամենաօրիգինալ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանի մասին է: Որը, որպես այդպիսին, ամենաչսիրվածն էր ընդդիմադիրների կողմից: Բավական է հիշել միայն (նրանից նախապես ներողություն խնդրելով) «Աշոտյան լինել» արտահայտությունը: Ասեմ, որ ես ևս, որպես ակտիվ ընդդիմադիր, ժամանակին կիսել եմ այդ վերաբերմունքը՝ չօգտագործելով, սակայն, վերը նշված արտահայտությունը: Բայց պարոն Աշոտյանը նիկոլական «ժողովրդավարության բաստիոնի» ամենատիպիկ քաղբանտարկյալ չի կարող համարվել: Որովհետև քաղաքական մրցակիցներին, որոնք միաժամանակ խելացի են ու գործունյա, դատական համակարգն օգտագործելով՝ փորձում են չեզոքացնել ոչ միայն Հայաստանում, այլև, օրինակ, բռնատիրական Ադրբեջանում: Այնպես որ, որքան էլ այսօր հարգեմ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին, առաջնության դափնին նրան հանձնել չեմ կարող:

Հաշվի առնելով, որ «ամենատիպիկ և ամենաօրիգինալ» հասկացություններն ընդհանրական բնույթ ունեն, մտադրություն ունեի բավարարվել Ասլանյան և Աշոտյան քաղբանտարկյալներով: Նույնիսկ հոդվածի վերնագիրն էր համապատասխանեցվել այդ բնույթին: Սակայն վերհիշելով դատարանից «Քաղբանտարկյալ Նարեկ Մալյան» ֆեյսբուքյան էջում տեղադրված էսսեն և լուսանկարը՝ հասկացա, որ դրանց կողքով անտարբեր անցնել չի կարելի: Բավական երկար մտածելուց հետո որոշեցի, որ Նարեկ Մալյանը կարող է բնութագրվել որպես «բաստիոնային» ամենակրեատիվ քաղբանտարկյալը: Գիտակցելով հանդերձ, որ նշված եզրույթը շատ հեռու չէ «օրիգինալ» տերմինից, սակայն տվյալ հոդվածում Մալյանին ներառեցի ապագայի տեսլականով:  Այսինքն, եթե ընթացիկ տարում Հայաստանում անցկացվեր լավագույն ստեղծագործության մրցույթ, ապա վստահ եմ մալյանական էսսեն ու լուսանկարը միասին՝ որպես միմյանց լրացնող մեկ ամբողջություն, կզբաղեցնեին առաջին հորիզոնականը: Եթե, իհարկե, մրցույթն անցկացվեր ոչ թե գործող իշխանության, այլ անկախ փորձագիտական համայնքի կողմից:

Հասկանալի է, որ նիկոլական «ժողովրդավարության բաստիոնի» քաղբանտարկյալների թեման չի ավարտվում վերը նշված անձանցով: Եվ, բացի դրանից, ոմանց բախտը բերում է, որ Նիկոլի օրոք տուժելով անօրինականությունից՝ միաժամանակ չեն զրկվում ազատությունից: Խոսքն, օրինակ, տարբեր կարգի խորհուրդների կողմից ընտրված գործադիր ղեկավարների մասին է: Որոնք, որպես կանոն, չեն հաստատվում վերադաս իշխանական մարմնի կողմից, սակայն, ինչպես ասվեց, չեն հայտնվում նաև ազատազրկման վայրերում: