«Նելֆինավիր» -ի և այլ պրեպարատների ապացուցողական բազան դեռ շատ թույլ է․ բժիշկ

«Նելֆինավիր» -ի և այլ պրեպարատների ապացուցողական բազան դեռ շատ թույլ է․ բժիշկ

Ռուսական լրատվամիջոցները հաղորդել են, որ կորոնավիրուսի դեմ բուժման մեջ իրեն շատ արդյունավետ է ցույց տվել «Նելֆինավիր» դեղամիջոցը, որը  կիրառվում է ՁԻԱՀ ու ՄԻԱՎ վարակակիրների թերապիայում։ Ճապոնացի մասնագետները ևս հաղորդել են, որ ՄԻԱՎ-ի բուժման համար հայտնի դեղամիջոցը փորձարկել են կորոնավիրուսի դեմ և  պարզվել է, որ «Նելֆինավիրը»  զգալիորեն դանդաղեցնում է կորոնավիրուսի զարգացումը։ Հետազոտողները նկատել են, որ այդ դեղամիջոցի նույնիսկ փոքր չափաբաժինը արդյունավետորեն կանգնեցնում է վիրուսի բազմացումը։ Հետազոտության հեղինակներն առաջարկում են նելֆինավիրն ընդգրկել կորոնավիրուսի դեմ օգտագործվող դեղամիջոցների ցանկում։

Թեմայի շուրջ զրուցել ենք ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի նախկին բժիշկ, համաճարակաբան Արշակ Պապոյանի հետ։ Վերջինիս խոսքով՝ տարբեր հետազոտողներ տարբեր անկյուններում տարբեր դեղամիջոցների կիրառման փորձեր կան։ Խոսքը, մասնավորապես, հետռետրովիրուսային դեղամիջոցների մասին է, այդ թվում՝ «Նելֆինավիրի», սակայն բժշկի խոսքով՝ ապացուցողական բազա, այնուամենայնիվ, չկա դրանց կիրառման վերաբերյալ։ «Ուղղակի, էդ դեղամիջոցները չեն համարվում սպեցիֆիկ որպես հենց կորոնավիրուսի դեմ որպես այդպիսին։ Բազան քիչ ա, և այս պահին հիմնավոր եզրահանգումներ անելը տեղին չէ։ Այդքան էլ մասնագիտորեն չէ»,-ասում է բժիշկը։

Հարցին, թե ՁԻԱՀ կենտրոնում կիրառվու՞մ է «Նելֆինավիրը» , Արշակ Պապոյանն ասաց․«Այն ժամանակ, երբ աշխատում էի, «Նելֆինավիրը» չէր կիրառվում։ Ինքը ավելի ՄԻԱՎ վարակի ավելի հին դեղամիջոց էր, և կենտրոնում կիրառվում էին ավելի նոր սերնդի դեղամիջոցներ և դրանք շատ ավելի արդյունավետ էին, քան «Նելֆինավիրը»։