Խղճի խայթ, կասկածներ ունե՞ք

Խղճի խայթ, կասկածներ ունե՞ք

Դուք կարծում եք՝ հերթական ողբերգությունը եւ մահերը կարո՞ղ են որեւէ ուղերձ փոխանցել ՀՀ իշխանություններին:

Օրինակ, նրանց ներքին ձայնը կարո՞ղ է հուշել, որ պերմանենտ ձախողումները սրանով չեն ավարտվելու, ժամանակն է համապատասխան հետեւություններ անել: Կարո՞ղ են կասկածներ ունենալ, որ այս ամենի հիմքում բացառապես մի իրողություն է` իրենք իրենց տեղում չեն, իրենց պաշտոնավարումը շարունակական աղետների ու մահերի մի շարան է, եւ այդ շղթան խզվելու է միայն այն ժամանակ, երբ իրենք հոժարակամ հեռանան իշխանությունից` ազնվորեն խոստովանելով, որ ձախողվել են: Որ իրենք լավ ընդդիմություն էին, բայց շատ վատ իշխանություն, եւ իրենց տեղն ընդդիմադիր դաշտում է, ոչ թե իշխանական կաբինետներում:

Կամ` կատարվածից հետո գոնե մտածելո՞ւ են, որ ամեն մի նման աղետ իրենց ավելի է մոտեցնում աղետալի ավարտին, եւ մի օր կարող է ժողովրդի համբերությունը սպառվել, կամ` Աստծո ահեղ դատաստանը կարող է վրա հասնել: Ասենք` նման պահերին խղճի խայթ ունենո՞ւմ են, որ իրենց ապաշնորհության, անմեղսունակության, մեծամտության եւ ավելորդ ինքնավստահության պատճառով մի ամբողջ ազգ է տուժում, եւ ոչ մի մեղք չգործած անմեղ երիտասարդներ են զոհվում ու զոհվում:

Գոնե մի չնչին չափով իրենց մեղքն ու պատասխանատվությունը զգո՞ւմ են, թե՞ կարծում են, որ քանի դեռ կարողանում են ապուշացնել մարդկանց մի մասին, «կռուտիտներով» ու մանիպուլյացիաներով մեղքի սլաքներն ուղղել ուրիշ կողմ եւ չոր դուրս գալ ամեն մի նման պատմությունից, ուրեմն ամեն ինչ օքեյ է, եւ ոչ մի խնդիր չկա: Եվ բոլորովին չեմ զարմանա, եթե պարզվի, որ այս բոլոր հարցերի պատասխանները «ոչ»-ն է` կասկածներ ու մեղքի զգացում չունեն, ներքին ձայնը լռում է, չեն մտածում, չեն անհանգստանում, չեն հուզվում, չեն ափսոսում: