Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը և ի՞նչ ելքով․ ի՞նչ իրավիճակ է ռազմաճակատում

Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը և ի՞նչ ելքով․ ի՞նչ իրավիճակ է ռազմաճակատում

«Ուկրաինական զորքերը խոշոր պարտության են մատնել Ռուսաստանին՝ արագ հակահարձակման արդյունքում հետ գրավելով գրեթե ողջ Խարկովի շրջանը»,- գրում են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) փորձագետներն իրենց  նոր զեկույցում։ Ըստ տարբեր հրապարակումների՝ Ուկրաինայի զինված ուժերը օգտագործել են HIMARS և այլ արևմտյան համակարգեր Խարկովի և Խերսոնի շրջաններում ռուսական կապի ցամաքային հանգույցների վրա հարձակվելու համար՝ հիմք ստեղծելով գործողության հաջողության համար։ Տելեգրամյան տարբեր ալիքներում ևս լուսանկարներ ու տեսանյութեր են տարածվում Խարկովի շրջանից։

«Սրանք բոլորը տեղեկատվական պատերազմի մաս են ու քարոզչություն։ Առհասարակ, այս փուլում հաջողությունների կամ անհաջողությունների մասին հստակ խոսելը իրականում շատ բարդ է։ Բարդ է, որովհետև ամեն պահի իրավիճակ է փոխվում։ Ամեն պահի կարող է լրիվ այլ ելք լինել»,- անդրադառնալով թեմային՝ «Հրապարակի» հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

«Իրավիճակն իրոք շատ արագ է փոփոխվում։ Կողմերը կարող են մի դրվագում մի բնակավայր կորցնել, բայց, ասենք, ռազմական նշանակություն ունեցող մի շատ ավելի կարևոր վայրում հաջողություն ունենալ։ Շատ բարդ է ասել, թե սրանք իրոք հաջողություններ են, թե ոչ։ Վստահորեն միայն կարող եմ ասել, որ այս պատերազմը երկարելու միտում ունի։ Խաղաղության կամ հրադադարի մասին խոսելը դեռ շատ վաղ է։ Միջազգային կազմակերպությունների, պետությունների դերակատարումն է այստեղ շատ մեծ, որ ռազմական այս գործողություններն այսքան երկարում են։ Մի կողմից չեն ուզում, որ պատերազմը ավարտվի այն փուլում, որտեղ Ռուսաստանը ավելի բարվոք վիճակում է, մյուս կողմից՝ ցանկությունը մեծ է, որ Ռուսաստանին հենց Ուկրաինայի ձեռամբ մատնեն պարտության։ Իրականում պատերազմի շարունակությունը ոչ այնքան Ուկրաինայի կորցրած տարածքների վերադարձի համար է, այլ Ռուսաստանին պարտության մատնելու համար»,- նշեց նա։

«Ես պիտի նորից ասեմ, որ հաջողությունների ու անհաջողությունների մասին հստակ չենք կարող խոսել։ Կարող են մի տեղ հաջողություն ունենալ, իսկ մեկ այլ վայրում՝ ռազմական նշանակության առումով ավելի կարևոր վայրում, անհաջողություն։ Ես կարող եմ նույն Արցախի մասով օրինակ բերել։ Եթե մենք կորցնեինք Աղդամը՝ Ակնան, բայց չկորցնեինք Շուշին, դա չէր նշանակում, որ Ադրբեջանը ուներ հաջողություն։ Բայց տվյալ դեպքում մենք կորցրել ենք Շուշին ու Ադրբեջանը ունի ռազմական հաջողություն։ Պետք է հասկանալ, թե կողմերը մի բանի դիմաց, կամ ավելի ճիշտ՝ փոխարեն, ինչ են կորցրել։ Այո, փաստ է, որ ռուսական բանակը կարճ ժամանակահատվածում չկարողացավ լուծել այն խնդիրները, որոնք դրված էին իրենց առջև։ Փաստ է նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանն այս պահին ոչ միայն կռվում է Ուկրաինայի, այլ առհասարակ՝ գրեթե ողջ աշխարհի դեմ։ Ուկրաինան միայնակ բնականաբար չէր կարող դիմակայել, սա ևս փաստ է։ Ուկրաինան առանց օգնության չէր կարող դիմակայել թե ֆինանսապես, թե մարդուժի առումով»,- հավելեց նա։