Հայրենիքի պաշտպանության գործը վերածվում է պարզ առևտրային գործարքի

Հայրենիքի պաշտպանության գործը վերածվում է պարզ առևտրային գործարքի

Անկախությունից այս կողմ մի ամբողջ տասնամյակ հետաքրքրված եմ եղել Իսրայել պետությամբ: Ուզում էի հասկանալ, թե որն է հրեաների ռազմական հաղթանակների և տնտեսական առաջընթացի գաղտնիքը: Իհարկե, առաջընթացի գործոնները բազմաթիվ են, և յուրաքանչյուր գրագետ անձնավորություն կարող է թվարկել դրանցից հիմնականները: Բայց ինձ հետաքրքրում էր դրանք ամբողջացնող մեխանիզմը, որի շնորհիվ նրանք առանձնանում էին իրենց շրջապատից: Եվ կարծում եմ, որ դեռևս 20 տարի առաջ ինքս ինձ համար բացահայտել եմ այն: Դա այդ ժողովրդի համայնքային կազմակերպվածության կամ կոլեկտիվիզմի բարձր մակարդակն է: Այն չեմ բնորոշում որպես պետական մտածողություն, քանի որ երկու հազարամյակ պետություն չունեցող ժողովուրդն այն չէր կարող ունենալ: Ինչ մնում է կոլեկտիվիզմին, ապա այն, բնականաբար, գալիս էր դարերի խորքից, իսկ ցեմենտող «նյութն» էլ իրենց կրոնն էր: Որն առանձնահատուկ էր ողջ աշխարհում և հանդիսանում էր հրեաների դեմ այլ դավանանք ունեցող իշխանությունների հալածանքի հիմքը: Միաժամանակ, այդ կրոնը ծառայում էր որպես հրեաներին միավորող մեխանիզմ: Դրա տիպիկ օրինակը մենք կարող ենք տեսնել մեր ժողովրդի պատմության առումով: Քրիստոնեական (թեկուզ և կաթոլիկ) Լեհաստանում միջնադարյան մեր մեծ համայնքը տարալուծվեց և վերացավ: Իսկ գերակշռող մահմեդական շրջապատում, ի հեճուկս ճնշումների, հայությունը պահպանվեց: 

Վերադառնանք Իսրայել և որպես օրինակ վերցնենք զինվորական ծառայությունը: Իսրայելում այն պարտադիր է եղել անկախության առաջին օրվանից: Ինչը հրամայական անհրաժեշտություն էր՝ հաշվի առնելով անկախության (1948 թ.-ի մայիսի 14) հաջորդ օրվանից պարտադրված պատերազմը: Ի դեպ, այդ և դրան հաջորդած այլ պատերազմներում տղամարդկանց հետ միասին, կամավոր հիմունքներով մասնակցել են հրեա աղջիկներն ու կանայք: 1959 թ.-ին ընդունված պարտադիր զորակոչի վերաբերյալ օրենքով 18-ամյա աղջիկների ծառայությունն ամրագրվեց որպես պարտադիր: Բացառություն են կազմում առողջական խնդիր ունեցողները, ամուսնացածները, երեխա ունեցողները, կրոնական համոզմունքների հիման վրա գործող բանակում ծառայել չցանկացողները: Սակայն մինչև 1995 թ.-ը աղջիկներին չէին ներառում ռազմական ստորաբաժանումներում: Այդ խտրականության վերացումից հետո 2001 թվականին վերացավ նաև մինչ այդ պահպանված առանձին զինվորական միավորը՝ կանանց կորպուսը: Այսօր գործող բանակի կազմի 20 տոկոսն աղջիկներ են, որոնք ամբողջովին՝ թե՛ ռազմական մասնագիտությունների և թե՛ ծառայության ժամկետի առումով, իրավահավասար են տղամարդկանց հետ: 

Իսկ ի՞նչ է արվում մեզանում: Կառավարության հերթական նիստում հավանություն է տրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթին: Այդ փաթեթով առաջարկվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության համակարգ: Զինծառայության անցնելու համար դիմած աղջիկների համար պարտադիր զինծառայության ժամկետը կազմելու է 6 ամիս, ծառայության ավարտին վերջիններս ստանալու են 1 մլն դրամ պատվովճար: Այսինքն, մեզանում իգական սեռի ներկայացուցիչների հայրենիքին ծառայելը դրվում է առևտրային հիմքի վրա: Եվ եթե այդ գումարը բաժանենք 6 մասի, ապա կստանանք ամսական 166 հազար 666 դրամ «ծառայավարձ»: Հայաստանյան պայմաններում նշված գումարը բավականաչափ մեծ է, և կարծում եմ, որ որոշակի հոսք կլինի դեպի զինկոմիսարիատներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անկախությունից հետո խորհրդային տնտեսական կապերի խզվելուն զուգընթաց կանայք, տղամարդկանց հետ հավասար, աստիճանաբար դարձան ընտանիք պահողներ: 

Սակայն առկա է մի խնդիր, որ չեմ կարծում թե լուծվելու է օրենսդրական այդ փաթեթով: Դա բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների գոյությունն է: Մեր բանակում զինվորների մահվան պատճառների թվում շարունակում է մնալ նաև այդ գործոնը: Խորհրդային բանակից մեզ բաժին հասած այդ երևույթը ոչ մի կերպ չի վերացվում, չնայած դրա մասին բազմիցս է խոսվել: Ընդհակառակը, ինչպես վերջերս բարձրաձայնվեց Ազգային ժողովում, դրան ավելացել են թմրամոլության դեպքերը: Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Իսրայելի բանակում: Այն կարելի է բնորոշել մեկ բառով՝ ցուցադրական (կամ հրաշալի): Այնտեղ նույնիսկ մեկ ոչ կանոնադրական պատահարն իսկապես արտակարգ պատահար է: Անմիջական մեղավորից բացի պատժի է ենթարկվում նաև հրամանատարը: Դրա հետևանքով կազմալուծվում է նաև զորամիավորումը՝ զինվորներին ցրում են տարբեր զորամասերի միջև: Եվ այդ պատճառով էլ իսրայելական բանակում հանգիստ կարող են ծառայել նաև աղջիկները:  

Որպես վերջաբան. նախկինների դեմ պայքարի տարիներին կարծում էի, որ նրանց «բեսպրեդելն» այնքան է թունավորել մեր հասարակությունը, որ դրանից ազատվելու միակ միջոցը նրանց հեռանալն է իշխանությունից: Դա կյանքի կոչվեց, սակայն դրան հետևեց ոչ թե հասարակության ինքնամաքրումը, որ պետք է տեղի ունենար նոր իշխանության ղեկավարությամբ, այլ դրվեց ընդհանրապես մեր գոյության խնդիրը: Ու հիմա էլ հայրենիքի պաշտպանության գործը վերածվում է պարզ առևտրային գործարքի: