Ով է պատգամավոր Էմմա Պալյանին պարտադրում նման ելույթներ ունենալ եւ ով է նրա հասցեին սպառնալիքներ հնչեցրել

Ով է պատգամավոր Էմմա Պալյանին պարտադրում նման ելույթներ ունենալ եւ ով է նրա հասցեին սպառնալիքներ հնչեցրել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանն արդեն երկրորդ անգամ է՝ ԱԺ ամբիոնն օգտագործում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին թիրախավորելու համար։ Ամիսներ առաջ էլ պատգամավորը խորհուրդ էր տալիս արքեպիսկոպոս Աջապահյանին` հաճախ մոմ վառել, ներում հայցել Աստծուց եւ հնչեցնել հոգեւոր խոսքեր։ Գրեթե նույն բովանդակությամբ տեքստ հնչեցրեց նաեւ օրեր առաջ․ «Պարո՛ն Աջապահյան, հաճախ եկեղեցում մոմ վառեք և Աստծուց ներում հայցեք»,- ելույթն ընթերցելով՝ կոչ արեց իշխանական պատգամավորը` պարոնով դիմելով Շիրակի թեմի առաջնորդին:

Միքայել Սրբազանն այնքան էլ լուրջ չի վերաբերվում պատգամավորի ելույթներին, անդրադառնալով վերջին ելույթին, նա արձագանքել է․ «Երեխա է, գրել, տվել են ձեռքը` կարդացել է։ Գիտեմ՝ ով է հեղինակը, ինքն էլ գիտի, որ ես գիտեմ, բայց անունը չեմ հնչեցնի։ Այդ կոչն ինձ ուղղված չէ, ինքն ասում է. «պարոն Աջապահյան», ես պարոն Աջապահյան չեմ, թող ինքը գտնի պարոն Աջապահյանին և այդ հորդորն անի: Ես պարոն Աջապահյան չեմ արդեն 35 տարի, ինքը ծնված չէր, որ ես պարոն Աջապահյան չէի, ինքը դեռ սաղմնավորված չէր, երբ ես պարոն Աջապահյան չէի»:

Այսօր պատգամավորը նաեւ գրառմամբ է հանդես եկել, տեղեկացրել է, որ իրեն սպառնում են․ «Ինչպես և սպասելի էր, երեկվա իմ ելույթից անմիջապես հետո, որտեղ անդրադարձ կատարեցի Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանի քաղաքական խոսույթին ու կեցվածքին, սկսվեց իմ հասցեին ուղղված անթիվ սպառնալիքների, վիրավորական խոսքերի տարափ՝ թե' հրապարակային, թե' անձնական նամակներով։ Թե բա` գրել տվել են տեքստը` դրանով ի ցույց դնելով հիշյալ եկեղեցականի նկատմամբ իշխանության վերաբերմունքը։ Վերջին անգամ եմ անդրադառնում այս թեմային` մեր խմբակցության պատգամավորներին ոչ մեկը, ոչ մի բան չի գրում տալիս, սա մեծ օղ արեք ականջներիդ ու անընդհատ մի շրջանառեք այս կեղծ թեզը ձեր տերերին ականջահաճո լինելու համար, և երկրորդ` այսօրվա իշխանությունը ոչ մի ընդգծված վատ վերաբերմունք չունի որևէ եկեղեցականի նկատմամբ, եթե վերջինս չի փորձում վերածվել քաղաքական գործչի: Աջապահյանի քաղաքական խոսքին ես իմ սեփական նախաձեռնությամբ եմ անդրադարձել ու, ասեմ ավելին, էլի եմ անդրադառնալու, եթե հարկ լինի, ինձ ձեր սպառնալիքները չեն լռեցնելու, սրա մասին ԱԺ ամբիոնից էլ եմ ասել ու հիմա էլ կրկնում եմ, այնպես որ ձեր էներգիան այլ տեղում պարպեք: Բայց ամենազավեշտալին այն է, որ մի քանի գյումրեցի՝ հայտնի «ընդդիմադիր -ակտիվիստներ» արդեն 2 օր է փորձում են ինձ լռեցնելու տարբերակներ գտնել։ Չի ստացվելու, չի ստացվելու ու էլի չի ստացվելու, ես սա ասում եմ ձեզ` նախ որպես ՀՀ քաղաքացի, հետո նոր որպես ԱԺ պատգամավոր, չեմ լռելու ոչ մի պարագայում։ Հասկանում եմ, որ ձեր տերերն են հանձնարարական տվել ձեզ ու դուք չեք կարող այն չկատարել, մտնում եմ ձեր դրության մեջ, բայց, ազնիվ եղեք, զանգեք ձեր տերերին ու ասեք որ, ինչպես միշտ, այս անգամ էլ չստացվեց։ Այս անգամ ևս ձախողեցիք օպերացիան։ Մեկ էլ շատ խոսվեց այն մասն, թե ես եկեղեցականին ինչու եմ «պարոն»-ով դիմել, ոմանք փորձեցին դա չիմացություն համարել, ոմանք էլ՝ մեծ մեղք: Հարգելիներս, ես շատ լավ գիտեմ, թե ինչպես են դիմում հոգևորականին, իսկ Շիրակի թեմի առաջնորդին հատուկ եմ «պարոն»-ով դիմել՝ քանի որ վերջինս մինչ այս պահն իրեն ավելի շատ «պարոն»-ին է վայել պահում, քան թե հոգևորականին` ինչին էլ հենց ուղղված էր իմ ելույթը: Հիմա ամենակարևորի մասին` երեկվա ելույթիցս հետո հազարավոր շնորհակալական խոսքեր եմ ստացել, հազարավոր մարդիկ ինձ ասում են, որ ես իրենց մտածածն ու զգացածն եմ ասել ԱԺ ամբիոնից, հիմա ի՞նչ, էդ հազարավոր մարդկանց էլ եք գտնելու ու փորձեք լռեցնե՞լ... Բարին ընդ ձեզ, Աստված թող խաղաղություն բերի հայ ազգիս»,-գրել է նա:

Պարզ է, որ ՔՊ-ականները` մանդատ ու պաշտոն ստանալով կորցնում են չափի զգացումը, մեծամտանում եւ նիկոլփաշինյանական լեքսիոկն ձեռք բերում, բայց Գյումրիում մարդիկ հիշում են, թե ով է Էմմա Պալյանը եւ ինչ է իրենից ներկայացնում, ուստի այս տեքստը մարզում քմծիծաղով են կարդացել: Իսկ թե ովքեր են փորձում սպառնալ պատգամավորին եւ ինչպես, hraparak.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ մեր աղբյուրի՝ Սրբազանը մարզում մեծ հարգանք է վայելում, ուստի զարմանալի չէ, որ նրա նկատմամբ առանձնակի հարգանք տածող գյումրեցի մի քանի երիտասարդներ փորձել են զրուցել Էմմա Պալյանի ամուսնու հետ՝ զգուշացնելով, որ կնոջը հասկացնի՝ վարքագիծը փոխի: Որքան է եղել նրանց զարմանքը, երբ ամուսինն անկեղծորեն խոստովանել է, թե իր պատգամավոր կնոջը մարզի կուսակից ընկերներն են պարտադրում հանդես գալ Սրբազանի դեմ ելույթներով՝ հասկացնելով, որ առանց այդ էլ ակտիվ գործունեությամբ աչքի չի ընկնում` որպես պատգամավոր, գոնե նման ելույթներ պետք է ունենա, հակառակ դեպքում կարող է մանդատից զրկվել:

Հասկանալով , որ կուսակից ընկերների մասով ակնարկը պատգամավոր Կարեն Սարուխանյանին է վերաբերվում՝ փորձեցինք զրուցել նրա հետ: Սարուխանյանը բնականաբար հերքեց փաստը, ասելով. «Մեր կուսակցությունում նման բան չկա, որ որևէ մեկը որևէ մեկին բան պարտադրի»: Էմմա Պալյանի գործունեության պասիվության հետ կապված էլ հայտարարեց․ «Իհարկե համաձայն չեմ` Էմմա Պալյանը պասիվ պատգամավոր չէ» :