Խաղաղություն մուրալը պատերազմին այլընտրանք չէ

Խաղաղություն մուրալը պատերազմին այլընտրանք չէ

ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած Նիկոլի կամակատար արբանյակները շարունակում են կառչել Լաչինի միջանցքն ապաշրջափակելու՝ արդարադատության Հաագայի դատարանի որոշումից: Կառչած լինելն էլ փորձում են հիմնավորել այն հանգամանքով, «ՀՀ ԱԳՆ-ն և խորհրդարանական դիվանագիտությունը շատ ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ»: Թե ինչպես է դրսևորվում այդ ակտիվությունը՝ ես չգիտեմ: Ենթադրում եմ, որ ԱԳՆ-ից և խորհրդարանական դիվանագիտությունից» բացի մնացած բոլոր մարդիկ նույնպես տեղյակ չեն դրանից: Բանն այն է, որ «ոչ բռնի, թավշյա» և չգիտեմ թե էլ ինչպիսի իշխանափոխության հետևանքով մենք մեզ ղեկավարներ կարգեցինք այնպիսի անձանց, որոնք ի վիճակի չեն նույնիսկ գրագետ ներկայացնել իրենց աշխատանքը: Եթե, իհարկե, այն առկա է իրականում և ոչ թե միայն խոսքի մակարդակում: Հավատացինք, թե հեսա-հեսա վերածվելու ենք կովկասյան Շվեյցարիայի՝ ինչպես ժամանակին խոստանում էր ժողովրդի «փրկիչ» ներկայացող Նիկոլը: Իսկ եթե կառավարման համակարգում՝ լինի այն գործադիր թե խորհրդարանական, ընդգրկված են ոչ խելացիները, ապա երկրի վիճակն էլ պետք է լիներ այնպիսին, ինչպիսին առկա է այսօր: Եթե նույնիսկ չխոսենք իրական կառավարումից կիլոմետրերով հեռու այդ մարդկանց շրջանում հայրենասիրության առկայության կամ բացակայության մասին:

Այժմ անցնենք դրանցից մեկի՝ քպկական «ազգընտիր» Զեյնալյան Նարեկի, խոսքի բովանդակությանը: Մարդն ասում է, որ Հաագայի դատարանի որոշումը կյանքի կկոչվի, եթե պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ: Ճիշտ է ասում: Իսկ կկիրառվե՞ն արդյոք: Իհարկե, չեն կիրառվի: Այդ որ պետությունն է կամ թեկուզ վերպետական միությունը, որ սանկցիաներ է կիրառում հուսալի գործընկերոջ նկատմամբ: Իհարկե, ոչ մեկը: Եթե մենք չունենք այնպիսի զորություն, որ մեր առաջարկը պարտադրենք զենքի ուժով: Իսկ նման զորություն մենք այսօր չունենք հենց նրա առաջնորդի կառավարման շնորհիվ: Եվ այդ դեպքում կշարունակվի այն, ինչ տեղի է ունենում նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից: Դրան մենք ոչինչ հակադրել չենք կարողանում, բացի, իհարկե, խաղաղություն մուրալու գործընթացից: Ինչի հետևից ընկած՝ երբեմնի «դուխով» ղեկավարը բաց թողեց երկուսուկես տարի: Եվ բաց կթողնի կրկին այդքան ու կրկին այդքան՝ քանի դեռ ինքը մնում է իր պաշտոնին:

Նախկինների օրոք, երբ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ էինք իրականացնում, մեզ ասվում էր, թե Ադրբեջանի հետ չավարտված պատերազմական իրավիճակում՝ մենք հակաիշխանական գործողություններ ենք անում:

Իշխանափոխությանը հետևած պատերազմում պարտությունից հետո մեզ վախեցնում են արդեն ոչ թե պատերազմական իրավիճակով, այլ հենց պատերազմով: Խնդրեմ՝ «Պատերազմ եք ուզու՞մ։ Գուցե Ադրբեջանը պատերազմ է ուզում, սակայն բանակցությունների միջոցով խաղաղության հասնելը, կարծում եմ, այլընտրանք պարզապես չունի»։ Չէ, մենք պատերազմ չենք ուզում: Բայց նաև հասկանում ենք, որ եթե թշնամին է պատերազմ ուզում՝ թեկուզ և «գուցե» ձևակերպմամբ, ապա նրան զսպել հնարավոր է ոչ թե խաղաղություն մուրալով, այլ պատերազմին պատրաստվելով: Որովհետև խաղաղություն մուրալը պատերազմին այլընտրանք չի դառնում և դրանով պատերազմ չի կանխվում: Ընդհակառակը, դա վայրագ թշնամուն մղում է ավելի լկտի ու անպատկառ գործողությունների: