Կստեղծվի 8 պետական բուհ, որոնք կտեղափոխվեն Աշտարակ 

Կստեղծվի 8 պետական բուհ, որոնք կտեղափոխվեն Աշտարակ 

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բուհական համակարգին, նշելով որ մեր երկրում չեն գործում բուհական պատշաճ չափանիշներ, բազմաթիվ բուհեր հոգեվարքի մեջ են եւ պետական դիպլոմն էլ միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն, քանի որ 2 դիպլոմով մարդիկ չեն կարողանում աշխատանք գտնել եւ մատնված են աղքատության։ Փաշինյանն ասել է, որ այս իրավիճակը այլեւս հանդուրժելի չէ եւ դա ական է մեր ապագայի տակ, ըստ այդմ լայնածավալ բարեփոխումներ են սկսում․  

«Որեւէ բուհ, որը չի համապատասխանում պետության կողմից սահմանված ստանդարտին, մենք գնում ենք եւ ուղղակի այդ ցուցանակը դռան մոտից, որտեղ գրված է բարձրագույն ուսումնական հաստատություն, հանում ենք, որովհետեւ շատ դեպքերում բացի այդ ցուցանակից ուրիշ բան չկա, եթե այդ ցուցանակը հանում ես դառնում է վարձով տարածք, ինչին էլ արժանի է․․․․»,-հայտարարել է Փաշինյանն ու նշել, որ մեր բուհերը թե ֆիզիկական ենթակառուցվածքի, թե կրթության մակարդակով հաճախ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Երկրում կամ չկան բուհական ստանդարտներ, կամ դրանք չեն գործում: 

«Բարձրագույն կրթության դիպլոմով մարդիկ հաճախ անմրցունակ են շուկայում: Այս ոլորտում մենք պատրաստ ենք գնալ բուհերի խոշորացման եւ որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես, որ ունենանք առավելագույնը 8 կոնսոլիդացված պետական բուհ: Այդ բուհերը կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին»:

Փաշինյանը հավելել է նաեւ, որ արդեն կառավարությունը կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցում. այն կկառուցվի Արագածոտնի մարզում` Աշտարակ քաղաքում։ «Միավորվող և նորացվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն ակադեմիական քաղաք»: