Առաջինը նստակյաց դարձած ժողովուրդը չի կարող երես թեքել իրեն սնող հողից 

Առաջինը նստակյաց դարձած ժողովուրդը չի կարող երես թեքել իրեն սնող հողից 

Ագրարային համալսարանի 92-րդ սեպտեմբերն է, որից 22-ին անմիջական մասնակիցը լինելու բախտն է ինձ վիճակվել։ Իսկ մինչ այդ կարեւոր ջրբաժանը ես, որպես հումանիտար կրթությամբ, երեք սերնդով բացառապես բանասերների մեծ հայկական ընտանիքում հասակ առած մարդ, անտեղյակ ու միանգամայն քամահրանքով-անտարբեր էի, թե ինչպես է արարվում հանապազօրյա հացը, որը շատ եմ սիրում ուտել։ Հենց այդ ջրբաժանում անսպասելիորեն պարզեցի, որ լոլիկը արտադրվում է ոչ թե ինչ֊-որ հաստոցաշինական գործարանում, այլ ստանում են հողից...
Հիմա ես գիտեմ, բոլորովին պատահական չէ, որ Նոյն իջել է հատկապես Արարատից, որ խաղողի առաջին տունկը բերք է տվել այստեղ` քթիս-պատուհանիս տակ։ Առաջին ողկույզն այստեղ է ճզմվել ու ծերուկն հենց այստեղ է գինովցել առաջին իսկ գավաթից։ Էսպիսի պատահականություններ չեն լինում...
Այսօր հպարտանում ենք մեր բուհի փայլուն շրջանավարտների կայացած-զորեղ փաղանգով, որոնք մեր մշակի հազարամյա փորձը-իմաստությունը-փիլիսոփայությունը-գիտելիքը փայլուն կերպով շաղկապում են աշխարհի ընթացքի հետ։ Ճանաչված ու գնահատված են արտերկրում (միջազգային կապերի ամենամեծ աշխարհագրությունն ունենք)։ Այսօր Ագրարայինը սիրով դիմավորեց բակալավրիատի ցավալիորեն քիչ՝ համալրմանը: Քիչ են, բայց խելամիտ ընտրություն են կատարել: Հաստատապես…
Խրիմյան Հայրիկն ասում էր` բոլոր արվեստների մայրը երկրագործությունն է։ Այսօր բոլոր ածանցյալներով ուզում ենք զբաղվել, բացի ակունքից, պատ ենք շարում, առանց հիմքի: Մի տեսակ անտրամաբանական է... Իսկ անտրամաբանականը երկար կյանք չի կարող ունենալ։ Շտկվում է։ Անխուսափելիորեն։ Սա նշանակում է նորից երկիր կպագանենք, ծունր կիջնենք մեզ սնող հողին, կհասկանանք անմահական ջրի ամեն մի կաթիլի արժեքը, կդողանք դրանց պահպանման, խնամքի համար եւ այդ ամենի շնորհիվ դարձյալ կլինենք քաղաքակրթության քարշիչ ուժերից մեկը։ Այլ ճանապարհ տրված չէ։ Չունենք...
Հ.Գ. Ամփոփենք Երեմիա մարգարեի ողբից տողերով, որոնք այլ պարագայի մասին են, սակայն կիրառելի են նաեւ այս դեպքում: Երեւի: «Նա կխոնարհուի՝ իր բերանով համբուրելու հողը, որովհետեւ նրա համար յոյս կայ» 3.29:
Անի Խուդավերդյան