Խոսում է Լևիտանը

Խոսում է Լևիտանը

Կարծես 100 տարի ժամանակը ետ պտտված լինի։ Ահա, այս մեկը Լեւիտանին է կրկնօրինակում՝ պողպատե ձայնով հրապարակում է տվյալներ՝ ռուսական ռազմական հաջողությունների, խփված տանկերի ու ինքնաթիռների, գրաված բնակավայրերի ու զենքը վայր դրած հակառակորդի մասին։ Նորից մարդկանց լեքսիկոնում են հայտնվել «ֆաշիզմ», «նացիզմ» տերմինները։ Էկրաններին ռմբակոծությունների կադրեր են, զենքի փառաբանում եւ զինված մարդու հաղթարշավ։ Ռազմական գործողությունների օջախներից փախչող մարդիկ են՝ հապճեպ կապված բեռներով, որոնք շտապում են ընտանիքները տեղափոխել խաղաղ բնակավայրեր։ Ահա՝ գաղթականներին դիմավորող կամավորներ են, որոնք տանիքի ու սննդի հարց են լուծում, պատսպարում փախստականներին։

Իսկ Գոմելում բանակցությունների կադրերը հեռավոր Թեհրան-43-ն են հիշեցնում, երբ հակամարտող կողմերը տարիներ շարունակ փորձում էին լեզու գտնել, հրադադար կնքել եւ մարդասպան պատերազմը դադարեցնել։ Տաքգլուխ երիտասարդներն են կամավոր գրվում եւ շտապում ռազմաճակատ։ Իսկ թշնամու հետ համագործակցողներին, հակառակորդի գործողությունները չդատապարտողներին մեղադրում են դավաճանության, պետության շահերի դեմ գնալու, չար ուժերին ծառայելու համար։

Արվեստագետներն են եկել առաջին պլան, ինչպես 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ճիշտ է՝ ֆրոնտ չեն մեկնում, կռվողների ոգին բարձր պահելու համար, բայց նույնն անում են համացանցով՝ զինվորին դուխ տվող երգերով, խաղաղության կոչերով։

Եվ վերջապես՝ խոսքի ազատությունը գլորվեց հասավ 40-ականների մակարդակին, երբ որեւէ այլ կարծիք, քան պաշտոնականն էր, արգելված էր, եւ ամեն պետություն իր քարոզչությունն էր իրականացնում՝ բոլոր թույլատրելի ու անթույլատրելի միջոցներով։ Ինչքա՜ն ժամանակ կպահանջվի նախկին աշխարհը վերականգնելու համար։