Իմ պայքարած 4 տարիների ընթացքում արդարադատության շող էր. Վերաքննիչը բեկանեց սպանված երիտասարդի գործով դատավճիռը

Իմ պայքարած 4 տարիների ընթացքում արդարադատության շող էր. Վերաքննիչը բեկանեց սպանված երիտասարդի գործով դատավճիռը

Օրերս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել բավարարել Գյումրիում դաժանաբար սպանված 25-ամյա երիտասարդի՝ Արտյոմ Ադանալյանի մոր՝ Ռուզան Ադանալյանի բողոքը: Վերաքննիչը բեկանել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 20.03.2018թ.-ի վճիռը: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2014թ-ին Գյումրու տնակներից մեկում, ճաշկերույթի ժամանակ: Ինչպես սպանված երիտասարդի մայրն է պնդում, որդու սպանությունը խմբակային եւ պատվիրված է եղել: Գործում առկա մի շարք ապացույցներ խեղաթյուրված են: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռի համաձայն սպանության համար դատապարտվել է Գյումրի քաղաքի բնակիչ Արթուր Մարտիրոսյանը, նա մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 11-տարվա ազատազրկման: Ռուզան Ադանալյանն արդեն 4 տարի է՝ պայքարում է որդու սպանությունը բացահայտելու համար:

Կինը թե նախկին, թե ներկա իշխանությունների հետ հանդիպման բազմաթիվ փորձեր է արել, բայց ապարդյուն: Եղան դեպքեր, երբ սոցցանցերում որդեկորույս մոր նկատմամբ անհարգալից արտահայտություններ հնչեցին հասարակության մեջ ճանաչված մարդկանց կողմից: Ռուզան Ադանալյանն այսօր մի փոքր թեթևացած է զգում իրեն, քանի որ երկար պայքարից հետո վերաքննիչ դատարանի որոշումը նոր հույսեր է արթնացրել:

« Իմ պայքարած այս դաժան 4- տարիների ընթացքում, ողջ էությանս մեջ երբևէ չտեղավորվող ու չամփոփվող որդուս կորստի ցավն ու մրմուռը,որոնք հազարապատկվում են յուրաքանչյուր դատական նիստի՝ տեսնելով տղայիս սպանողին, ուշի ուշով մտովի հետևելով նրա ձեռքերի շարժումներին , որոնցով սպանել է որդուս ու դրան զուգահեռ հանդիպելով յուրաքանչյուր անօրինական որոշումների,որոնք ուղղակի վայրագ հարվածներ են եղել ապօրինաբար կյանքի և ապրելու իրավունքից զրկված տղայիս շահերի և իրավունքների հանդեպ,վերաքննիչ դատարանում հրապարակված որոշումը իսկապես արդարադատության շող էր»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց տիկին Ադանալյանը՝ միաժամանակ ավելացնելով. «Որոշումը դեռևս չեմ ստացել և ամբողջ ծավալին ծանոթ չեմ:Սակայն մեկ բան կարող եմ ասել,որ ՀՀ դատախազության գործողությունները դեռևս շարունակում են մնալ նույն մակարդակի վրա,քանի որ կոնկրետ գործով փախած անձ՝ Հովհաննես Թոփչյանի վերաբերյալ որևէ գործուն միջոցներ չեն ձեռնարկվում:Գործի հետագա քննությունն իրականացվելու է նույն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:Արդարադատության հետագա իրականացման ողջ գործընթացը,դրա առարկայական և ամբողջական դարձնելու նկատառումները ցույց կտա դատաքննության ընթացքը »:

Սպանված երիտասարդի մայրը մանրամասնում է. «Շիրակի մարզի քննչական վարչությունում է քննության առնվել որդուս սպանության գործը, որը քննել է նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հրաչյա Առաքելյանը: Քննիչի գործողությունները էական վնասներ են պատճառել որդուս սպանության գործի քննությանը,պարտակվել են իրեղեն ապացույցներ,ամրագրել է իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ փաստաթղթեր,կեղծ դատաբժշկական եզրակացություններ,թաքցրել թմրանյութ,դիակի լուսանկարներ, չի կատարել մի շարք քննչական գործողություններ ,մասնավորապես՝ թաքցրել է խմբակային սպանությունը, իրավական առավելության հասցնելով մեղադրյալ Արթուր Մարտիրոսյանին,նպաստավոր պայմաններ ստեղծել ինչպես վերջինիս,այնպես էլ գործով անցնող, փախուստի մեջ գտնվող այլ հանցագործների համար: Պետք է նշեմ,որ ներկա պահին քննիչի վերաբերյալ գործ է քննվում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում»:

Մեր զրուցակիցը վստահ է, որ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղղակի հրամցվել էր Շիրակի մարզի դատարանին: Արդյունքում դատարանը կողմնակալ որոշում է կայացրել՝ հրապարակելով արդարադատությունը խեղաթյուրած,ապօրինի դատական ակտ:

Նշենք, որ գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր կազմով քննության առնելու: