Գինու արտադրությունը կարող է զգալիորեն կրճատվել 

Գինու արտադրությունը կարող է զգալիորեն կրճատվել 

Գինու արտադրությունը Ֆրանսիայում ընթացիկ տարում կարող է զգալիորեն կրճատվել, հասնելով պատմական նվազագույն ցուցանիշի՝ կազմելով 32,6-35,6 միլիոն հեկտոլիտր։ Այսինքն՝ գինու արտադրությունը այս երկրում տարեկան կտրվածքով կարող է նվազել 24-30 տոկոս։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունը, ըստ BFMTV-ի փոխանցման։

Ընդ որում, ֆրանսիական գինեգործության մեջ վատթարագույն տարին եղել է 1945 թվականը, իսկ նախորդ հակառեկորդը սահմանվել է 2017 թվականին, երբ արտադրվել է ընդամենը 35,6 միլիոն հեկտոլիտր գինի։ Գինու արտադրության ծավալների կրճատման պատճառը բնական պայմանների վատթարացումն է։ Ապրիլին ֆրանսիական համարյա բոլոր գինեգործական շրջանները, ներառյալ Շամպանիան, Պրովանսը եւ Ռոնայի հովիտը, տուժել են անակնկալ ցրտահարություններից։ Առավել տուժել են խաղողի վաղահաս սորտեր «շարդոնեն» եւ «մերլոն»։

Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ժյուլյեն Դենորմանդիի խոսքերի համաձայն, ցուրտ եղանակը ազդել է 10-13 գինեգործական շրջանի խաղողի բերքի վրա։ Բացի այդ, բերքին վնասել է նաեւ չափազանց անձրեւոտ ամառը, քանի որ խոնավության բարձր մակարդակը նպաստել է, որ խաղողի այգիներում հիվանդություններ տարածվեն։