Մինչև վարչության պետ նշանակելը փորձագետ են նշանակել, իսկ ո՞րն է մրցույթի իմաստը

Մինչև վարչության պետ նշանակելը փորձագետ են նշանակել, իսկ ո՞րն է մրցույթի իմաստը

Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրակրթության վարչության պետի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարել, որին արդեն 2 հոգի դիմել է, հայտերի վերջնաժամկետին դեռ 3 օր կա։ ԿԳՄՍ-ից չեն ասում, թե ովքեր են թեկնածուները՝ նշելով, որ դրա մասին իրենք պետք է հայտարարեն վերջին օրը։

Սակայն մեզ հաջողվեց պարզել, որ թեկնածուներից մեկը դեռ վերջերս վարչությունում որպես փորձագետ նշանակված Արտաշես Թորոսյանն է, որը նախկինում զբաղեցնում էր համար 198 դպրոցի տնօրենի պաշտոնը։ Մենք դեռևս հուլիսի 11-ին գրել էինք, որ վարչության նախկին պետ Աշոտ Արշակյանի փոխարեն կնշանակվի հենց Թորոսյանը, նա մեզ հետ զրույցում ասել էր, որ նման տեղեկություն ինքը չունի։ Մենք այսօր ևս կապվեցինք Թորոսյանի հետ, այս անգամ նա ասաց, որ մրցույթին մասնակցելու է․«Ես դիմումը ներկայացրել եմ»՝ հավելելով, որ մրցույթը տեղի է ունենալու սեպտեմբերի 15-ին։

Նշենք, որ նախարարությունում վարչության պետի թափուր ևս 2 տեղ կա, սակայն, փաստորեն, մեր հրապարակումից հետո նախարարը որոշել է մրցույթ անցկացնել՝ մինչ այդ Թորոսյանին ընդունելով աշխատանքի որպես փորձագետ։

Նշենք նաև, որ մինչև մրցույթի կայացումը վարչությունը ղեկավարում է նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Սուսաննա Ազատյանը (հայտնի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կինը)։