Համենայնդեպս՝ ախոռներդ մաքրիր

Համենայնդեպս՝ ախոռներդ մաքրիր

Լեւոն Շիրինյանը, որը հեղինակն է «ավելի լավ է լինել թուրքի լամուկ, քան ռուսի ստրուկ» արտահայտության, հանդես է եկել նոր հայտարարությամբ՝ ուղղված ՌԴ նախագահին՝ Լադիմիր Լադիմիրովիչին, ինչպես սիրում է ասել վարչապետ Նիկոլը: Ասել է՝ 44-օրյա պատերազմի կազմակերպիչ Պուտին, հետ բեր մեր գերիներին:

Կրեմլում, բարեբախտաբար, չեն նկատել Շիրինյան Լեւոնի այս հուժկու հայտարարությունը: Այնտեղ զբաղված են Ուկրաինայի հարցով: Ի դեպ՝ վերջերս աֆրիկյան երկրներից մեկի գիտնականները ծովային անհայտ փափկամորթ կենդանի էին գտել եւ Ուկրաինայի նախագահի պատվին Զելենսկի անվանել: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, իմանալով այդ մասին եւ տեսնելով փափկամորթի նկարը, իսկույն աշխուժացել է, թե՝ այո, խորհրդանշական է, եւ պատկերացրեք՝ շատ նման: Ահա, այսպիսի բաներով են զբաղված Կրեմլում եւ ՌԴ ԱԳՆ-ում ու չեն նկատել Շիրինյանի հայտարարությունն այն մասին, որ Պուտինն է կազմակերպել 44-օրյա պատերազմը, եւ հենց նա է պարտավոր վերադարձնել մեր գերիներին:

Այստեղ հարց է առաջանում՝ այդ ինչի՞ց է, որ Կրեմլում իսկույն նկատել են աֆրիկացի գիտնականների հայտնագործությունը եւ արձագանքել, բայց Լեւոն Շիրինյանի հայտարարությունը չեն նկատել: Էլի թող Ուկրաինայով զբաղվեն, բայց չէ՞ որ Լեւոն Շիրինյանն էլ գիտնական է, քաղաքագիտության դոկտոր, եթե չեմ սխալվում: Որ ասում են՝ անարդար աշխարհ, ճիշտ են ասում, էլի: Բա ո՞նց անենք, որ պաշտոնական Մոսկվան նկատի Լեւոն Շիրինյանի հայտարարությունն ու միջոցներ ձեռք առնի հայ ռազմագերիներին վերադարձնելու համար:

Հնարավոր չէ՞, արդյոք, մի փոքր խմբագրել խնդրո առարկա հայտարարության առաջին մասը: Ո՛չ դես, ո՛չ դեն՝ Պուտինին մեղադրում ես 44-օրյա պատերազմը կազմակերպելու մեջ ու մի բան էլ պահանջում, որ գերիներին հետ բերի: Շիրինյան, դու գիտե՞ս, թե պատերազմ կազմակերպելն ինչ հոդվածի տակ է ընկնում… դա որ ապացուցեք, չէ՞, Պուտինը ոտքով-գլխով կորած է: Առաջարկում եմ հայտարարության առաջին մասն ընդհանրապես հանել եւ Պուտինից պահանջել՝ օգտագործելով Ալիեւի վրա իր ազդեցությունը՝ վերադարձնել մեր գերիներին: Բայց Շիրինյան Լեւոնի նպատակը հայ ռազմագերիների վերադարձը հաջողեցնե՞լն է, արդյոք: Եթե այո, ապա ինչո՞ւ է մոռացել, որ մեր գերեվարված հայրենակիցների մեծ մասը Հայաստան է վերադարձել հենց ՌԴ-ի ջանքերով՝ Մուրադովի օդանավով: Մուրադովը, բնականաբար, առանց Պուտինի գիտության չէր գործում, չէ՞:
Իսկ ի՞նչ անել, եթե Շիրինյան Լեւոնի փորացավը բոլորովին այլ է: Մարդը կանգնած է աշխատավարձից զրկվելու շեմին: Հայ գործակալներն այլեւս այն պահանջարկը չունեն այսօր:

Թուրքերը բացահայտ վխտում են Հայաստանում, բարձրանում են Ծիծեռնակաբերդ, ծաղրում հայերին: Շիրինյան Լեւոնն էլ ուրիշ ի՞նչ կարող է անել, որ զարմացնի թուրքերին: Եվ ահա, Պուտինին է հայտարարում 44-օրյա պատերազմի կազմակերպիչ՝ ո՛չ Էրդողան, ո՛չ Ալիեւ, ո՛չ Նիկոլ, ո՛չ ԱՄՆ, ո՛չ Թուրքիա, ո՛չ Ադրբեջան, ո՛չ ԵՄ, ո՛չ Անգլիա` Պուտինն է կազմակերպել, եւ վերջ: Իսկ եթե հանկարծ Մոսկվայից նկատե՞ն: Նարիշկինն էլ թարսի պես արդեն գնացել է Հայաստանից…
Նիկոլին ասեմ՝ ժամանակն է, որ մի հատ ինվենտարիզացիա անես շրջապատումդ: Թափելու ահագին բան է կուտակվել, որից պետք է ազատվել, քանի դեռ Մոսկվան զբաղված է Կիեւի հարցերը լուծելով: Խոսքն այն գործակալական ցանցի մասին է, որ ամիսը մեկ հավաքում ես գլխիդ ու ժողով ես անում կլոր սեղանի շուրջ: Արդեն իմացանք, որ պահպանողականների Միքայել Հայրապետյանը հեռացավ այդ խմբակից, բայց տակավին այնտեղ են այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Խզմալյան Տիկոն, Շիրինյան Լեւոնը… Այս անտիպուտինյան կամ, եթե կուզեք՝ հակառուսական ախոռը մաքրելու ժամանակն է, Նիկոլ: Ենթադրում եմ, որ Արամ Սարգսյանի կաշին քեզ դաբախանից է հայտնի, իսկ թե ինչ գիտես Խզմալյան Տիկոյի եւ Շիրինյան Լեւոնի մասին՝ ինձ հայտնի չէ: Զորօրինակ, գիտե՞ս, թե ՀՀ հարկատուների փողերով Սարդարապատի ճակատամարտի մասին ինչպիսի ֆիլմ է նկարել Խզմալյանը:

Այսքան պատմաբաններ ունենք, Նիկոլ, մեկից հարցրու՝ կպատմի: Իսկ թե ինչպես ՀՀ ռուսամետ Շիրինյան Լեւոնը դարձավ հակառուս, դա արդեն բոլորովին այլ պատմություն է: Մի անգամ մենք «դժբախտություն ունեցանք»՝ նրան գործուղել Իսրայել՝ հայկական դպրոցում ուսուցչություն անելու: Ի՞նչ իմանայինք, որ նա, ուսուցչությունը թողած, կտրվեր հրեա-թուրքական քարոզչությանն ու Հայաստան կվերադառնար որպես այլ մարդ: 44-օրյա պատերազմի օրերին Շիրինյան Լեւոնը ոչ մի թթու խոսք չի ասել այդ պատերազմում Ադրբեջանին օգնող Իսրայելի եւ Թուրքիայի մասին:

Փոխարենը 44 օր բողոքել է ռուսներից, ընդվզել նրանց դեմ, երբ զորք էին մտցնում Արցախ, եւ արդեն 2 տարի է՝ շարունակում է նույն ոգով թռնել Պուտինի եւ ռուսների դեմքին: Նիկոլ, այ, էս մարդու հետ ես դու գյալաջի անում կլոր սեղանի շուրջ: Տես, որ այնքան գյալաջի չանես, մինչեւ Մոսկվան նկատի կամ մի տեղից իմանա այդ մասին: Քեզ եւ Շիրինյան Լեւոնին նույնացնելը Լադիմիր Լադիմիրովիչի համար մեկ-երկու հաշվի գործ է, Նիկոլ: Հանկարծ մի բան կպատահի, կասես` բա չէիք զգուշացրել: