«Հրապարակ». Փաշինյանը չհատեց Պուտինի կարմիր գիծը

«Հրապարակ». Փաշինյանը չհատեց Պուտինի կարմիր գիծը

Իշխանությունները մեծ շուքով ազդարարեցին Ուկրաինայի հարցով համաժողովին Արմեն Գրիգորյանի մասնակցության մասին, բայց պարզվեց՝ Հայաստանն այն երկրների թվում է, որոնք չստորագրեցին եզրափակիչ հռչակագիրը։ Համաժողովի մասնակից 92 պատվիրակությունից 11-ը չի միացել փաստաթղթին։ Հայաստանից բացի, նաեւ ԲՐԻԿՍ-ի երկրները, ԱՄԷ-ն, Թաիլանդը, Բահրեյնը, Լիբիան եւ այլն։ ԱԽՔ-ն, ըստ ուկրաինական մամուլի, հրաժարվել է նաեւ համաժողովի լիագումար երկրորդ նիստին նախատեսված ելույթից, թեեւ կառույցից մեկնաբանել են, որ ի սկզբանե ելույթ նախատեսված չի եղել։ Ստացվում է, որ Արմեն Գրիգորյանի մասնակցությունը համաժողովին եղել է, այսպես ասած, դիտորդի մակարդակում։ Եվ, փաստացի, Հայաստանում մոլեգնող հակառուսականության ֆոնին իշխանությունները, այդուհանդերձ, զգուշավոր են ու ընդդեմ Ռուսաստանի հասարակության էմոցիաների վրա ազդող հայտարարություններից բացի, գործնականում կտրուկ շարժումներ չեն անում։ Ո՞րն է, ի վերջո, արեւմտյան դրոշակով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնող իշխանությունների նպատակը։ Գուցե այն, ինչ հայտարարվում է, ընդամենը իմիտացիա՞ է։ Իսկ գուցե պարզապես փնթիության, անելիքը չիմանալու, չկողմնորոշվելու պատճառո՞վ է տեղի ունենում այս ամենը:

Երկրները, որոնք չմիացան եզրափակիչ կոմյունիկեին, Ռուսաստանի հետ ընդհանուր շահեր ունեն եւ, առնվազն, խուսափում են բաց առճակատումից։ Համաժողովի գլխավոր նպատակը, իհարկե, ցույց տալն է, որ աշխարհում ընդդեմ Ռուսաստանի միջազգային կոնսենսուս կա։ Մասնակցելով համաժողովին, բայց չմիանալով փաստաթղթին, Փաշինյանը հերթական անգամ փորձեց բոլորի կամքը կատարել՝ մի կողմից չմերժել Արեւմուտքին, այնտեղ ուղարկելով ԱԽՔ-ին, մյուս կողմից, չհատեց կարմիր գիծն ընդդեմ Ռուսաստանի։ Պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նկատում է՝ Ադրբեջանը, որը լայն ձեւաչափով է ներգրավված ուկրաինական օրակարգում՝ զենքի մատակարարումից մինչեւ դիվանագիտական աջակցություն եւ պրակտիկ այլ քայլեր, չի մասնակցել այդ համաժողովին, չնայած այն հանգամանքին, որ, օրինակ, Ուկրաինային հումանիտար աջակցություն ցուցաբերելու թեմայով  քննարկմանը մասնակցել է։ Պատճառն ակնհայտ է՝ Պուտինը բազմիցս նշել է, որ Ռուսաստանի վերաբերմունքը փոփոխության կենթարկվի, եթե որեւէ երկիր ընդունի այն մեծ օրակարգը, որն ուղղված է Ռուսաստանի դեմ։ Քաղաքագետը չի բացառում, որ Հայաստանի մասնակցության հարցը մայիսի 8-ին քննարկված լինի ՀՀ-ՌԴ երկկողմ ձեւաչափով՝ Փաշինյան-Պուտին մակարդակով։ 

«Սա շատ մեծ կարմիր գիծ է։ Այո, պետությունները, որոնք չեզոք են կամ կառուցողական, կարող են մասնակցել այդ համաժողովին եւ կարծիք արտահայտել, բայց Հայաստանը դեռ ֆորմալ առումով մնում է Ռուսաստանի դաշնակիցը, ուստի, բաց կերպով չէր կարող հատել այդ կարմիր գիծը, ինչը չարեց։ Փաշինյանը պարզապես փորձեց չմերժել իր արեւմտյան գործընկերներին, դրա համար ուղարկեցին Արմեն Գրիգորյանին, ով, փաստացի, պետական համակարգում պրոարեւմտյան պաշտոնյա է եւ ներգրավված է ԱՄՆ-ի հետ երկխոսության մեջ: Միեւնույն ժամանակ, Հայաստանն այնտեղ ներկա չէր ամենաբարձր մակարդակով եւ չստորագրեց հայտարարությունը»,- ասում է վերլուծաբանը։ 
Սերգեյ Մելքոնյանը շեշտում է՝ երբ խոսքը գնում է Հայաստան-ԱՄՆ երկխոսության մասին, դա մի բան է, երբ Ուկրաինայի մասին` բոլորովին այլ բան։ Այստեղ Հայաստանը շահ չունի, ավելին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Ուկրաինան բացահայտ աջակցում էր Ադրբեջանին, մյուս կողմում Ռուսաստանն է, որը կոնֆլիկտի մեջ է այդ երկրի հետ եւ ֆորմալ Հայաստանի դաշնակիցն է։

Համաժողովի նախօրեին Հայաստանում հակաՀԱՊԿ-ական կրքերը նորից թեժացան, իսկ համաժողովից դուրս ԱԽՔ-ն հանդիպեց ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, ինչպես հաղորդեցին` քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը։ Այս ամենը, սակայն, մեր զրուցակցի խոսքով, ամենեւին չի նշանակում, որ Արեւմուտքը եւ, մասնավորապես, Նահանգները, պատրաստ են Հայաստանին անվտանգության երաշխիքներ տալ։ 

«Մենք ունենք պաշտոնական հայտարարություն, որ պատրաստ ենք ԵՄ-ի հետ լինել այնքան մտերիմ, որքան ԵՄ-ն թույլ կտա, պատրաստ ենք մեր համագործակցության մակարդակը բարձրացնել ԱՄՆ-ի հետ՝ ռազմավարական երկխոսությունից մինչեւ ռազմավարական համագործակցություն, Ռուսաստանի ուղղությամբ նվազում է քաղաքական եւ դիվանագիտական երկխոսության մակարդակը, բայց եթե մի փոքր դուրս գանք Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունից, կտեսնենք, որ կա մի կարեւոր ֆակտոր՝ դա Թուրքիան է։ Եվ եթե վերլուծենք ՀՀ իշխանության քաղաքականությունը վերջին տարիներին, կտեսնենք, որ Թուրքիայի դեմ որեւէ քայլ, որեւէ հայտարարություն չի արվել, հակառակը՝ Փաշինյանը 30 տարի փակ սահմանով օգնություն ուղարկեց Թուրքիա, բայց շրջափակված Արցախին օգնության ձեւը չգտավ, մասնակցեց Էրդողանի երդմնակալությանը, հայտարարվեց, որ պատրաստ են բացել սահմանը․․․ Այս ամենը վկայում է, թե որն է ՀՀ իշխանությունների առաջնահերթությունը, ինչը չի բացառում պրոարեւմտյան լինելը, քանի որ բոլորը հասկանում են, որ Արեւմուտքը Հարավային Կովկասում Թուրքիան է։ Միեւնույն ժամանակ, Բրյուսելն ու Վաշինգտոնը Հայաստանին բացատրել են, որ պատրաստ չեն լինել անվտանգության պրովայդեր եւ անվտանգության երաշխավոր տալ մեզ թղթի վրա»,-բացատրում է Սերգեյ Մելքոնյանը։

Ըստ վերլուծաբանի՝ նույնը վերաբերում է տնտեսությանը։ Այստեղ եւս Արեւմուտքը պատրաստ չէ փոխարինել Ռուսաստանին, եւ իշխանությունները դա շատ լավ են հասկանում։ Ուկրաինայի հարցով համաժողովը մի ուշագրավ դրվագով էլ աչքի ընկավ. ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, խոսելով Ուկրաինային Պուտինի առաջադրած պայմանների մասին, հայտարարեց․ «Ագրեսորը չի կարող թելադրել հրադադարի պայմանները»։ Մինչդեռ եվրապաշտոնյան լուռ է, երբ ագրեսոր Ադրբեջանն է պայման թելադրում ու այս անգամ ոչ թե չճանաչված Արցախին, այլ ՄԱԿ-ի անդամ Հայաստանի Հանրապետությանը։ Բորելի հայտարարությունը, ինչպես մեր զրուցակիցն է ասում, երկակի ստանդարտ էլ չպետք է անվանել, որովհետեւ իրական քաղաքականության մեջ ստանդարտներ չկան` միակ ստանդարտը շահն է։  Հիմա՝ այս պահին, դա է թելադրում Արեւմուտքի շահը։  
«Այսօր ԵՄ շահից բխում է Ադրբեջանին չհամարել ագրեսոր, չտեսնել, որ այնտեղ մարդու իրավունքների խախտումներ կան, եւ, ընդհանրապես, դա ֆաշիստական երկիր է, քանի որ ազգությամբ հայ այլ երկրի քաղաքացի չի կարող գնալ Ադրբեջան եւ այլն։ Այդ երկրին ԵՄ-ն կոչում է վստահելի գործընկեր, իսկ Ուկրաինայի դեպքում ասում են՝ Ռուսաստանը հարձակվող կողմն է, նրա հետ չես կարող պայմանավորվել։ Նույն ԵՄ-ն Ուկրաինային ասում է՝ պայքարեք մինչեւ վերջ, իսկ Հայաստանին՝ հանձնեք, որ խաղաղություն լինի, ինչպես դա տեսանք Պրահայում, որտեղ ստորագրված փաստաթղթում ոչ մի բառ չկար Արցախում մարդու իրավունքների, հումանիտար հարցերի մասին»,- եզրափակում է վերլուծաբանը։

Մարիաննա Ղահրամանյան