Խայծը կուլ մի տվեք

Խայծը կուլ մի տվեք

Միանգամայն հասկանալի են նրանց հիասթափությունները, որոնք սրբազանի շարժումից օր առաջ հաջողություն, իշխանափոխություն էին ակնկալում եւ որոնք գիտակցում են, որ ամեն հաջորդ օրը կարող է մեզ վրա թանկ նստել: Հասկանալի են նաեւ քաղաքական գործիչների, նույն` սրբազանի հորդորները, որ պետք չէ շտապել, եւ այս իշխանության պարագայում միամտություն է հույս փայփայել, որ ժողովրդի դժգոհությունը տեսնելով` խղճի խայթ կունենան, կհիշեն իրենց խոստումները, կգիտակցեն, որ սպառել են վստահության քվեն, եւ խաղաղ կհեռանան: Բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ իշխանության մեջ եւ իշխանության կողքին ծվարածների հոխորտանքները, չարախնդոցը, թե այս անգամ էլ հաղթեցինք ժողովրդին. եղել ենք, կանք ու կլինենք: Չեմ հասկանում, որովհետեւ նրանք մեզնից տասնապատիկ, հարյուրապատիկ լավ գիտեն, թե ինչպես են մարդիկ համատարած մերժում իրենց, եւ ինչքան ավելի ու ավելի մեծ ջանքեր են պահանջվում «ջերմ ընդունելության» տեսարաններ բեմականացնելու եւ պայքարող ու իրենց մերժող մասսային հոգեբանորեն կոտրելու համար:

Սյունիք կատարած այցի մասին մի անծանոթ սյունեցի երիտասարդի նամակից մեջբերում անեմ. «Նիկոլի փիառի խայծն առաջինը կուլ են տալիս ընդդիմադիրները: Նիկոլը հրաշալի տիրապետում է տեխնոլոգիաներին: Նախ՝ Սյունիք է եկել ահռելի մեծ ոստիկանական ջոկատներով, որոնք մինչեւ իր գալը սրբել են ամբողջ շրջապատը: Իր հետ բերել է իր լրատվամիջոցները, որպեսզի «ջերմ փաթաթվելը» տեսանկարահանվի, իսկ ընդդիմադիրներն ակտիվ տարածեն: Սոցցանցերում շուռնուխցու ելույթն իրենք են տարածում, սակայն չեն նշում, որ ամենաբոցաշունչ ելույթ ունեցողն այն... ընտանիքի հայրն է, որի որդուն շուռնուխցիները ծեծելով են վտարել գյուղից, եւ նա գտնվում է Նիկոլի անձնական հովանու ներքո»: