Ռումբ՝ քաղաքացիների տակ․ քիմիական կորպուսների մեջտեղում 16 հարկանի շենք են կառուցում
ՀՀ ԳԱԱ-ի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի տնօրենն ու աշխատակիցներն ահազանգում են: 16 հարկանի շենք է կառուցվում չորս քիմիական մասնաշենքերի արանքում, սա ռումբ է քաղաքացիների տակ։ Շենքը կառուցվում է գիտահետազոտական կենտրոնին պատկանող ջրավազանի տարածքում։ Օտարված տարածքը 2014-ին ընդգրկվել է պատմամշակութային արժեք ունեցող կառույցների ցանկում: Տարիներ առաջ այն օտարվել է մասնավորին, որն էլ այս իշխանության օրոք այնտեղ 16 հարկանի շենք կառուցելու թույլտվություն է ստացել։
Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանն ու նրա աշխատակիցներն օրերս հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի մոտ, պահանջում էին հանդիպում քաղաքապետի հետ։ Նշում էին, որ տարիներ շարունակ պայքարել են էկոլոգիական նշանակություն ունեցող ջրավազանը պահելու համար, սակայն այդ պայքարն արդյունք չի տվել։ Թեպետ իշխանավորները խոստացել են ուսումնասիրել խնդիրը՝ մինչ շինթույլտվություն տալը, բայց կենտրոնի աշխատակիցները հանկարծ իմացել են, որ կառուցապատողն արդեն սկսել է շենքի հիմնարկեքը։ Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանը մեզ հետ զրույցում շեշտում է՝ կենտրոնին պատկանող ջրավազանի տարածքն ապօրինի է օրինականացվել։
«Ես զարմանում եմ, ինչպես կարող է քաղաքապետարանը, որ իբր պայքարում է ապօրինի շինությունների դեմ, կենտրոնի ջրավազանի տարածքում նման բարձրահարկ շենքի թույլտվություն տալ, կառուցել այնպիսի շենք, որն անհամատեղելի է մեր կենտրոնի գործունեության հետ։ Բազմիցս հանդիպել ենք տարբեր պետական կառույցների ղեկավարների եւ աշխատակիցների հետ, խոստացել են, որ քննարկումներ կանցկացվեն, սակայն ոչ մի պաշտոնյա մեր կենտրոն չայցելեց, որ խնդրին հիմնովին ծանոթանար»,- նշեց նա։ Գասպարյանի խոսքով՝ ակադեմիական քաղաք ստեղծելու մասին հայտարարություններից հետո կենտրոնի աշխատակիցներին ասել են, որ պետք է դուրս գան տարածքից։
«Մեր կենտրոնն այլ ինստիտուտների հետ միտք ունեն տեղափոխել այդ ակադեմիական քաղաք։ Մենք ասել ենք՝ կա՛մ մենք կտեղափոխվենք ակադեմիական քաղաք, հետո այդ շինարարությունը կկայանա, կա՛մ կսպասենք, մինչեւ մեր հարցերը կարգավորվեն։ Սակայն վերջերս հանկարծակի իմացանք, որ քաղաքապետարանը շինթույլտվություն է տվել շինարարության համար։ Հոսանքի լար են ուզում անցկացնել մեր կենտրոնի ենթակայանից, բացի այդ՝ նաեւ շինարարություն սկսելու պատրաստություն են տեսնում։ Ջրավազանը ժամանակին էկոլոգիական նշանակություն է ունեցել, մենք շատ հարցեր էինք կարգավորում այդ ջրավազանի միջոցով, այն գտնվում է մեր մասնաշենքերի կենտրոնում»,- ընդգծեց Գասպարյանը։
Գիտահետազոտական կենտրոնի լաբորատորիայի ղեկավար Հրաչիկ Գասպարյանն ահազանգում է՝ բազմաբնակարան շենքը կառուցվում է քիմիական 4 կորպուսների մեջտեղում, որտեղ քիմիական գազերի մեծ ծավալ կա։ Իշխանություններին հարցնում է՝ ո՞վ է պատասխանատվություն կրելու մարդկային կյանքերի համար։ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրինակն է բերում, ասում է՝ այս դեպքը չարյաց փոքրագույնն էր։
«Պետությունը հարվածում է մեր կենտրոնին։ Քաղաքապետարանի պաշտոնյաները չեն գալիս հիմնավորեն, թե ինչու են ուզում այդ վայրում շենք կառուցել։ Ինչ է, մենք վայրենինե՞ր ենք, չգիտե՞նք, որ գումար են ներդրել, բայց պիտի նաեւ շենք կառուցելու տեղի մասին մտածեն, շենքը կառուցվում է քիմիական կորպուսների մեջտեղը։ Բնակելի շենքը չի կարելի կառուցել քիմիական կենտրոններին այդքան մոտ, տարածքը պատված է քիմիական գազով։ Երեւանի պետական համալսարանի դեպքը ոչ մի բան է, եթե հանկարծ այդ տարածքում պայթյուն լինի, ո՞վ է պատասխան տալու մարդկային կյանքերի համար, հաստատ ո՛չ շինարարը, նա շենքը կառուցելու է՝ գնա»,- ասաց գիտնականը։
Գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցները քաղաքապետ Տիգրան Ավինյանին առաջարկում են՝ անձամբ գնալ եւ խոսել կենտրոնի աշխատակիցների հետ։ «Մանր-մունր չինովնիկների են ուղարկում հանդիպման, ովքեր հարցի լրջությունը չեն հասկանում, հեռանում են։ Թող գա քաղաքապետը, նրա տեղակալը։ Այս շենքի դիմաց պրոֆեսորներ են հավաքված, մեկը չի բարեհաճում գա։ Արդեն 15 տարի է՝ այս խնդիրը կա։ Եթե այդ շենքը կառուցվի, մենք այլեւս չենք աշխատի այնտեղ»,- ընդգծեց Գասպարյանը։ Գիտնականներից մեկը՝ Արմինեն, որ արդեն երկար ժամանակ աշխատում է գիտահետազոտական կենտրոնում, զարմանում է․ կենտրոնի տարածքները քանդվում են՝ բարձրահարկ շենքեր կառուցելու համար։
«Երեւանում ամեն քայլափոխի բարձրահարկ շենքեր են կառուցվում, իշխանությունը մտածում է միայն գումար վաստակելու մասին, առանց հետագա խնդիրներն արձանագրելու։ Գիտահետազոտական կառույցը եւ դրա կարեւորությունը չեն հասկանում։ Շատ երկրներ կերազեին՝ այս կենտրոնի նման հաստատություն ունենային։ Մեր երկրում տարիների ընթացքում մասնատվել է կառույցը, դրանց տեղում բարձրահարկ շենքեր են կառուցվել։ Ապօրինի օտարում կարող է լինել, բայց դրա համար շինթույլտվություն են տալիս, քաղաքապետարանը կարող է այդ շենքը վերադարձնել պետությանը, բայց, փաստորեն, ոչ միայն հետ չի վերցնում, այլեւ շինթույլտվություն է տալիս»,- ասաց նա։
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որ ակցիայի ժամանակ ավագանու նիստն էր վարում, չի հանդիպել գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցների հետ։ Նրա մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մեզ ասաց, որ խնդրին ծանոթ են, առաջիկայում կփորձեն հանդիպել շահագրգիռ կողմերի հետ՝ մի լուծում առաջարկելու նրանց։
Կարծիքներ