Կոնսոլիդացված ավտորիտարիզմ՝ թուրքական հովանու ներքո

Կոնսոլիդացված ավտորիտարիզմ՝ թուրքական հովանու ներքո

Կառավարությունում վերջին փոխատեղումները մի կողմից ընդգծում են Փաշինյանի կադրային պարկի ամբողջ սնանկությունը, մյուս կողմից՝ պատկերացում տալիս լուսանցքում հայտնված ինտելեկտուալների ամբողջ չիրացված ներուժի մասին։ Առնվազն պատերազմից հետո դժվար է ըմբռնել, թե այդ ինչ հաշվարկով եւ ինչպես են թերուս եւ կիսագրագետ անձանց բարձր պաշտոնների նշանակում, նախարար ու պատգամավոր դարձնում։ Նրանք տեսնում են, որ իրենց թիմակիցները, ինչպես Հայկ Մարությանն այս օրերին, հաճախ զոհաբերվում են մեկ անձի քմահաճույքներին, ավելին՝ թիմի ներքին քննարկումներում տարրական արժանապատվություն ու սեփական կարծիք չեն դրսեւորում եւ պատրաստ են պատիվը գետնով տալ՝ «սատանայի» հետ գործարքի գնալով։

Իհարկե, կան նաեւ Փաշինյանով անկեղծորեն հիացած թիմակիցներ, որոնց, թվում է, նույնիսկ Աստված դարձի բերել չի կարող, քանի որ իրենց առաջնորդի մասին խոսելիս կռապաշտ կամ հեթանոս են դառնում։ Ըստ մամուլի արտահոսքերի՝ կան ներքուստ դիմադրողներ եւս, որոնց ինքնուրույնության փորձերը սովորաբար անարդյունք են անցնում։ Նրանց բոլորի դեմ Փաշինյանը գործի է դրել պետական ահաբեկման մի հսկայական մեքենա։ Պարտությունից հետո, օրինակ, նա քրեական տարրերով սպառնում էր սեփական թիմակիցներին, քաղաքացիական բախումներ էր հրահրում։ Այդքան բանից հետո, սակայն, իշխող խորհրդարանական խմբակցությունը, պարզվում է, մեծագույն մասով մնաց նրա կողքին։

Ով հեռանում կամ հեռացվում է իշխող վարչախմբից, կարգվում է դավաճան կամ թշնամի, բայց մինչ այդ հասցնում է արատավորել սեփական անունն ու արժանապատվությունը։ Արթուր Վանեցյանից մինչեւ Հայկ Մարության եւ ապագա հեռացողներ՝ նույն ձեռագիրն է, նորություն չկա։ Բնականաբար, իշխանական վերնախավն ամբողջապես կրկնօրինակում է առաջնորդի վարքուբարքը, իսկ ներքին այլախոհության դրսեւորումները խեղդվում են բնի մեջ։

Ուշագրավ է, որ այս իշխանության հիմքերից մեկը Փաշինյանի կողմից այդքան քննադատված խոշոր օլիգարխիան է՝ իր բանդաներով, որոնց համար թերեւս միեւնույն է, թե ով է իշխանության, կարեւորը՝ իրենք ապահովության մեջ լինեն։ Պատգամավորի կարգավիճակում, օրինակ, Փաշինյանը մեղադրում էր Սամվել Ալեքսանյանին սպանության համար, այսօր այդ գործարարն իշխանության սիրելին է, կառավարության կողմից մշտապես հարկային արտոնություններ է ստանում, իսկ նրա քրեական հետապնդման մասին խոսք չկա։ Ստացվում է՝ Փաշինյանը կա՛մ ստում էր, կա՛մ հիմա է կաշառվում Ալեքսանյանից, երրորդ տարբերակ չկա։

Իշխանության սրտի մյուս մեծահարուստները եւս՝ Խաչատուր Սուքիասյանը, Գագիկ Ծառուկյանը, Արտակ Սարգսյանը (Սասի Արտակ), Վիգեն Բադալյանը (Վիվառոյի Վիգեն) եւ այլք, պարզապես վերաձեւել եւ մաս-մաս են արել հայաստանյան տնտեսությունն ու աստիճանաբար նախապատրաստվում են թուրքական կապիտալի մուտքին։ Դրա համար այս գործարարներից յուրաքանչյուրը, ըստ չհերքված տվյալների, նաեւ մեծածավալ ֆեյքերի ֆաբրիկաներ ունի, որոնք գործում են հօգուտ իշխանության։ Ի դեպ, պատերազմի մասին ստերի տարածման գործում այդ ֆաբրիկաների «մարտական մկրտությունը» դեռեւս մեկ տարի առաջ էր, երբ իբր առաջնագծից իջած եւ Փաշինյանին գովերգող, ընդդիմադիրների հասցեին էլ հայհոյախոսող զինվորների տեսանյութեր էին տարածում Հանրապետության հրապարակի մեծ էկրանից։

Թուրքերի հետ բիզնես-գործընկերության անդուլ քարոզին լծված օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը, օրինակ, կարո՞ղ է իր այդ թեզերը հիմնավորել՝ անհետ կորածների եւ գերիների մայրերի աչքերի մեջ նայելով։ Իշխանական թիվ մեկ մեծահարուստը կարո՞ղ է Եռաբլուրում առայսօր հուղարկավորվող տղաների բարեկամներին սփոփել՝ Հայաստան թուրքական կապիտալի սպասվող ներհոսքի մասին պիղծ խոստումներով։ Եթե այսչափ կորուստներից հետո թշնամու տնտեսական ինտերվենցիան այսքան հեշտորեն պիտի իրականանա, ուրեմն հատված է նաեւ ամենավերջին կարմիր գիծը։

Դավիթ Սարգսյան