Մշակույթի զարգացման հիմնադրա՞մ, թե՞ միանձնյա կառավարում
Կառավարությունն իր երեկվա նիստում՝ չզեկուցվող հարցերի շրջանակում, հաստատեց Մշակույթի զարգացման հիմնադրամ ստեղծելու նախագիծը, ինչպես նաեւ` հիմնադրամի կանոնադրությունը։
Ինչպես նկատեց ԿԳՄՍ նախարարը, «մշակութային ռեֆորմի» շրջանակներում են ընդունել այդ որոշումը՝ ստեղծել Մշակույթի զարգացման հիմնադրամ. «Դրա միջոցով մենք ոլորտում բարելավելու ենք նաեւ կառավարման համակարգը, մասնավորապես նախատեսում ենք, որ կունենանք միասնական վարչատնտեսական կառավարման մոդել՝ հիմնադրամի միջոցով, որն առաջին փուլում կիրականացնենք թանգարանների համար»։
Ի պատասխան Փաշինյանի դիտարկմանը, որ, փաստորեն, հիմնադրամը կառավարելու է հանրապետության եւ մասնավորապես նախարարության ենթակայության ներքո գտնվող բոլոր թանգարանները, Ժ․ Անդրեասյանը նկատել է․ «Այո, եւ մենք զուգահեռ տոմսային համակարգի աշխատանքներն ավարտում ենք, հունիսից արդեն կգործարկվի, եւ կարծում եմ՝ շատ մոտ ապագայում կտեսնենք էական տարբերություն, որը տեսանելի կլինի մեր թանգարանների կողմից իրականացվող ծառայությունների, որակի վրա, հատկապես մարքեթինգի տեսանկյունից»։
Հատկանշական է, որ թանգարանային ոլորտի մասնագետները, փորձագետներն այս առումով իրենց մտահոգություններն արդեն բարձրաձայնել են, մասնավորապես այն, որ բոլոր թանգարանները, որոնք պետք է կառավարվեն այդ հիմնադրամի կողմից, կունենան մեկ ընդհանուր տոմսային տնտեսություն, մեկ հաշվապահություն եւ մեկ ղեկավար մարմին, իսկ դա նշանակում է, որ լինելու է կենտրոնաձիգ ու միահեծան կառավարում, որի հետեւանքով թանգարանները զրկվելու են ինքնակառավարումից եւ ինքնուրույնությունից։ Ի դեպ, Մշակույթի զարգացման հիմնադրամ ստեղծելու կետը միայն վերջին պահին է ներառվել «Թանգարանների մասին» ՀՀ օրենքում, որն Ազգային ժողովի փետրվարի 28-ի նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց։ Մնում է հասկանալ, թե ինչով է պայմանավորված, եւ ում է ձեռնտու այս շտապողականությունը։
Կարծիքներ