Քանի դեռ կրկեսը պահելու փող կա, ներկայացումը շարունակվելու է

Քանի դեռ կրկեսը պահելու փող կա, ներկայացումը շարունակվելու է

Եվրաչինովնիկները Հայաստանի քաղաքական դաշտը բաժանել են պրոեվրոպականների եւ հակաեվրոպականների: Եվրամիություն-Հայաստանի քաղհասարակության հարթակի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրությունը պատմում է մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի զեկույցի ներկայացման մասին, որտեղ նշվում է, որ միջոցառմանը ներկա էին «պրոեվրոպական քաղաքական կուսակցությունների անդամներ»: Հաղորդագրությանը կից լուսանկարներից երեւում է, որ միջոցառմանը ներկա են «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, կուսակցության անդամ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, Ստյոպա Սաֆարյանն ու Հովսեփ Խուրշուդյանը, Ստեփան Գրիգորյանն ու ՔՊ մի շարք ներկայացուցիչներ: Միայն թե պարզ չէ՝ ՔՊ-ականներն ընկնում են «պրոեվրոպական կուսակցությա՞ն անդամներ», թե՞ «իշխանության օրենսդիր, գործադիր ճյուղերի ներկայացուցիչ» դասակարգման տակ, ովքեր նույնպես ներկա են եղել այս հիշարժան միջոցառմանը: Որքան կարողացա հասկանալ, միջոցառմանը որեւէ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ ներկա չի եղել` ԵՄ-ն աջակցում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, այնպես որ, այդ իշխանության դեմ պայքարող որեւէ կուսակցություն, հասարակական կազմակերպություն կամ անհատ չի կարող դիտարկվել պրոեվրոպական: ԵՄ-ն աջակցում եւ խրախուսում է գաղափարական դոգմատիզմը, միակարծությունը, ԵՄ-ն առաջնորդվում է «ով չի կիսում մեր տեսակետները, մեր թշնամին է» կարգախոսով: 

Ինչպե՞ս կարող է ԵՄ-ն պրոեվրոպական որակել, օրինակ, Հանրապետական կուսակցությանը, որի փոխնախագահ Արմեն Աշոտյանը փաշինյանական ռեժիմի կողմից ենթարկվում է քաղաքական հետապնդման եւ արդեն կես տարի գտնվում է անազատության մեջ: Ոչինչ, որ Հանրապետական կուսակցությունը Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ է, եւ համաեվրոպական այդ կուսակցությունն Աշոտյանին ճանաչել է քաղաքական հետապնդյալ` պահանջելով ազատ արձակել նրան: Սա՝ դեռեւս անցած տարվա նոյեմբերին, որից անցել է գրեթե չորս ամիս: ԵՄ-Հայաստան քաղաքացիական պլատֆորմը երբեք չի անդրադառնա քաղհասարակության ներկայացուցիչ Նարեկ Մալյանի ապօրինի կալանավորմանը, որովհետեւ Եվրամիության համար քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ են ոչ թե այն անձինք, ովքեր պայքարում են մարդկանց իրավունքների եւ ազատությունների համար, պայքարում են իշխանության կամայականության եւ անարդարության դրսեւորումների դեմ, այլ բացառապես իրենց կերակրատաշտից սնվող եւ իրենց հրահանգը կատարողները, որոնց վարքագիծը նմանվում է կրկեսի կենդանիներին, որոնց բերանն ամեն մի վարժություն անելուց առաջ կամ հետո պետք է  մի քաղցր բան դնես, որ կենդանին էլ շահագրգռված լինի իր համար ոչ բնական վարժություններ կատարելու:

Օրերս ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանձնակատար Ջոզեպ Բորելը հայտարարել էր, որ «արեւմտյան գերիշխանության դարաշրջանը վերջնականապես ավարտվել է»: Բորելը դա բացատրել էր իբրեւ թե Ռուսաստանի կողմից իրականացվող քայքայիչ քարոզչությամբ, որի արդյունքում Գլոբալ Հարավի երկրները հակադրվում են Գլոբալ Արեւմուտքին, այսինքն՝ դուրս են եկել Արեւմուտքի վերահսկողությունից, այլեւս չեն ուզում գաղութային կախվածության մեջ լինել, շահագործվել Արեւմուտքի կողմից: Բորելն ափսոսում է, որ իրենք կորցրել են իրենց նախկին վասալներին, որոնց աշխատանքը եւ հարստությունները շահագործելու հաշվին հարյուրամյակներ շարունակ ապահովում էին իրենց բարեկեցությունը եւ գերիշխանությունը: Բայց Բորելն ու մյուս եվրաչինովնիկներն իրենց համաշխարհային գերիշխանությունը կորցրել են ոչ թե ռուսական քարոզչության, այլ սեփական մեծամտության եւ արժեքային դեգրադացիայի արդյունքում: 

Արեւմուտքը կորցրել է իր գերիշխանությունը ոչ միայն տեխնոլոգիական, տնտեսական առումով, որ այլեւս ոչ թե Արեւելքից են գալիս Եվրոպա` տեխնոլոգիաներին ծանոթանալու եւ մասնագետների հետ շփվելու համար` տեսնելու եւ սովորելու, այլ ընդհակառակը՝ եվրոպացիներն են ստիպված գնալ Արեւելք՝ ինչ-որ բան սովորելու համար: Արեւելքից են ճարտարապետներ եւ շինարարներ հրավիրում` շենքեր կառուցելու համար, ողջ աշխարհը գնում է չինական մեքենաներ ու սարքավորումներ: Եվրոպացիներին այլեւս որեւէ մեկը չի դիտարկում անգամ որպես առաջադեմ հայացքների, արժեքների կրողներ, Եվրոպան դադարել է լինել գաղափարական, արժեքային որեւէ համակարգի կրողը: Ժողովրդավարության, մարդու ազատությունների եւ իրավունքների պաշտպանությունը դարձել է ֆիկցիա, որին չեն հավատում անգամ իրենք` եվրոպացիները, ուր մնաց, որ կարողանան ուրիշներին քարոզել այդ արժեքներն ու դրանց օգտակարությունը: Երբ արժեքներին փոխարինում են չոր շահը եւ հաշվարկը, բոլորն են սկսում դիմացինի հետ հարաբերվել սեփական շահերի հաշվարկով:

Կապիկներին կամ անգամ սողուններին կարելի է վարժեցնել եւ դրանց օգտագործել տարբեր կրկեսային համարներ ցուցադրելու համար՝ դրանից անձնական օգուտ ստանալով եւ մտածելով, որ դրանով ինչ-որ բարիք ես բերում քո կողմից վարժեցված կենդանիներին, քանի որ կերակրում ես նրանց: Բայց վարժեցված կենդանիների վրա իշխանությունը ոչ մեկին դեռ չի դարձրել անտառի տիրակալ, այդ կենդանիներն առանց արհեստական կերակրման ընդունակ չեն անգամ սեփական գոյությունն ապահովել, ուր մնաց՝ ինչ-որ օգուտ տան իրենց կերակրողներին: Երբ Գլոբալ Արեւմուտքի էլ ավելի թուլացման արդյունքում կրկեսը փակվի, սրանց սնած ու վարժեցրած կենդանիները մատնվելու են բախտի քմահաճույքին: Եվ ինչպես դա տեղի ունեցավ Աֆղանստանում, երբ Արեւմուտքի վարժեցրած արեւմտամետները կախվել էին ամերիկյան ինքնաթիռներից եւ խնդրում էին իրենց փրկել վայրի թալիբներից, նույնը կատարվելու է նաեւ հայկական պրոեվրոպականների հետ: Իսկ քանի դեռ կրկեսը պահելու փող կա, ներկայացումը շարունակվում է:

Ավետիս Բաբաջանյան