Ինչո՞ւ վրացիները չպետք է ուզեն մեծացնել իրենց երկիրը` մեր հաշվին

Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ ՀՀ-Վրաստան այցելությունների ժամանակ Փաշինյանը քննարկում է նաեւ Հայաստան-Վրաստան սահմանազատման հարցը։ Ոմանք կարծում են, որ մեր պետության թուլանալու հանգամանքից փորձում են օգտվել նաեւ վրացիները, եւ այն հատվածներում, որտեղ մանրակրկիտ դեմարկացիա արված չէ, ինչ հնարավոր է՝ Հայաստանից ստանալ։ Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ամբողջովին հայաբնակ վրացական Ախկերփի գյուղի բնակիչներին, ովքեր հատկապես պետությունից կախվածություն ունեն, համոզում են նամակներ գրել, դիմել ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով իրենց տնօրինությանը հանձնել Լալվարի արոտավայրերն ու Խուճապի վանքը, որոնք սահմանակից են իրենց գյուղին։ Սամցխե-Ջավախքի «Մեդիա վերլուծական կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Էդուարդ Այվազյանն ասում է, որ նման տեղեկություններ վրացական մամուլում իրեն չեն հանդիպել։ «Եթե դեմարկացիա-դելիմիտացիա է տեղի ունենում, ես չեմ բացառում, որ երկու կողմից էլ սահմանների փոփոխություններ կարող են տեղի ունենալ։ Միեւնույն ժամանակ չեմ կարծում, որ Վրաստանի իշխանությունները փորձում են օգտվել առիթից, դա քիչ հավանական է, որ նման պահանջներ ուղղեն։ Գիտեք, որ մեկ ամիս առաջ ռազմավարական փոխըմբռնման հուշագիր է կնքվել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, որը շատ լուրջ ձեւով թույլ է տալու խորացնել պայմանները Հայաստանի եւ Վրաստանի միջեւ»,- ասում է Այվազյանը:
ԱԺ նախկին պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի նախկին անդամ Թեւան Պողոսյանը, սակայն, ուրիշ մանրամասներ է մեզ հայտնում: «Հայաստանն ու Վրաստանը շատ շուտվանից են նախաձեռնել սահմանազատման, սահմանագծման գործընթացները։ Մի մաս կա, որ շատ հեշտ է գլուխ բերվել, մի մասը` դժվար։ Բայց նույն Վրաստանն իր այդ նկրտումներով քաղաքականությունից երբեւէ հետ չի կանգնել։ Իսկ ինչո՞ւ պիտի հետ կանգնի։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանի բանակը դիտարկվում էր որպես տարածաշրջանի ամենահզոր բանակը, եւ վրացիները միշտ վախի տոնայնության մեջ էին խոսում՝ «բա որ հանկարծ Հայաստանը որոշի ու այս կողմի վրա էլ բանակն օգտագործի եւ այլն», մի քիչ ավելի զուսպ էին պահում իրենց, բայց, միեւնույն է` փորձեր անում էին։ Ամբողջ խնդիրն այն է, որ սահմանի (սովետական տարիներին գծված` Հ. Ա.) նկարագրությունները շատ խրթին էին, օրինակ, ասում է՝ «սահմանն անցնում է անտառի ճակատով»։ Հիմա, եթե անտառը մի քիչ կտրես, անտառի ճակատն էլ կփոխվի... Այդպիսի մոտեցումներ եղել են, վրացիները ժամանակին շատ են փորձել այդպիսի խնդիրներ բարձրացնել, ինչ-որ խորամանկ ձեւերով տարածքների, դաշտերի փոփոխության, որովհետեւ ցանկացած երկիր ուզում է ավելի մեծ լինել»։
Իսկ այժմ ի՞նչ է կատարվում:
Թեւան Պողոսյանն ասում է. «Նույն վրացիները չե՞ն հասկանում, որ Հայաստանն ասում է` վայ, մենք պարտվել ենք Ադրբեջանին, բանակի վիճակն այսպիսին է, նաեւ ուժային գործողություններ այդ պարագայում չեն լինելու։ Հայաստանը միշտ ունեցել է կախվածություն Վրաստանից, որովհետեւ միակ ճանապարհն է եղել՝ ապրանքներ բերել-տանելու։ Հիմա այդ ճանապարհին ավելացել է նաեւ թույլ բանակի էլեմենտը։ Իսկ ինչո՞ւ պիտի վրացիներն իրենց քաղաքականությունը փոխեն։ Վստահ եմ, որ ինչ-որ գործընթացներ տեղի են ունենում։ Հիմա թե ուզում են, չեն ուզում, որտեղից են բերելու այդ քարտեզները, երբ որ 30 տարի այդտեղ անտառն այլեւս կտրված է, ու չես կարող ապացուցել` երեք ծառ ա՞յս կողմ էր, թե՞ ինչ… Ասենք, գետ է անցել, այնպիսի աշխարհագրական ձեւ է, որ շատ հեշտ կարողացել են որոշել սահմանը... բայց այն մասերը, որտեղ հարթ դաշտավայրային է կամ ինչ-որ հողային տարածքներում շարունակություն է ունեցել, ինչո՞ւ վրացիները պետք է չուզեն։ Մեր սիրուն աչքերի համա՞ր, մենք այդպես էլ դաս չքաղեցինք, որ աշխարհում որեւէ երկիր սիրուն աչքերով չի իր հարաբերությունները դասավորում՝ շահերով է դասավորում։ Հատկապես որ նույն Վրաստանի ամբողջ աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական արժեքն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի առճակատման մեջ միակն է դառնում` որպես կամրջող երեւույթ, տրանզիտային երկիր։ Դրա համար էլ իրենց պետք չէ, որ ինչ-որ գործընթացներ մեզ մոտ հանգիստ ու բարի ձեւով անցնեն»։
Ըստ Թեւան Պողոսյանի՝ Վրաստանին ձեռնտու է, որ Հայաստանը լինի կոնֆլիկտային գոտի, անդադար կոնֆլիկտներ լինեն, սահմանները փակ լինեն: «Բոլոր այս երեւույթների մեջ մենք պետք է հասկանանք, որ երբ ասում են, որ չորս հարեւան ունենք՝ դա նշանակում է նաեւ չորս շահեր, որոնք կարող են հակասել մեր շահերին, կարող են բախվել մեր շահերին, կարող են զուգահեռ գնալ, կարող են իրար օգնել, բայց դրա համար պետք է աշխատել»,- ասում է քաղաքագետը։ Այսինքն, մենք կարող է մի օր բախվենք այն իրողությանը, որ ՀՀ իշխանությունները հայտարարեն, որ Լոռին Վրաստանի տարա՞ծք է։ «Եթե թուրքերը չվերցնեն՝ գուցե։ Թուրքիան ինչի՞ պետք է այդ դեպքում կանգնի։ Թուրքիան նույն Վրաստանից Բաթումն իրենով արեց, ու այդպես շարունակվում է՝ Աջարիայով եւ այլն։ Իսկ ո՞վ ասաց, որ դա չէ իր նպատակը։ Թուրքական քարտեզները եթե նայեք, բոլոր բաները կան, այնպես չէ, որ թուրքերը վրացիների հանդեպ վախով են տածված, հայերի հանդեպ` այլ կամ վրացիներին հավասարը հավասարի պես են դիտարկում։ Իրենց համար բոլորն էլ ճորտային մոտեցումների մեջ են։ Փոքրերն իրար մեջ թող մի քիչ էլ վիճեն»։
Այսինքն՝ մեր վիճակն այնքան ողբալի է, որ նույնիսկ Վրաստանն է մեր հանդեպ էքսպանսիոն քաղաքականություն վարում։ «Միշտ է վարել, իսկ հիմա բանակ չունես, ինչի՞ն պետք է նայի։ Եթե դիմացինն այդքան թույլ է, ինչո՞ւ պետք է սպասի։ Ուզո՞ւմ եք դեմարկացիա՝ դե եկեք անենք, թող հանձնաժողովներն աշխատեն, մենք էլ այդ ժամանակահատվածում ինչ կհասցնենք, կվերցնենք։ Խոսում են վրաց-ադրբեջանական բարեկամության մասին, միշտ իրար կողմ են, չէ՞, եղել, բայց իրենք էլ նույն խնդիրն ունեն։ Ադրբեջանը նույնձեւ գնաց առաջ` վրացական եկեղեցին վերցրեց, Ադրբեջանի ատամը եթե վրացու վրա է կտրում, ինչի՞ պետք է դա չանի»։ Այսինքն՝ իրոք վաղը կարող են Լալվարի արոտավայրերը, Խուճապի վանքը… անցնել մեր «բարեկամ» վրացիներին, այդ դեպքում ի՞նչ է լինելու այդ բնակավայրերի բնակիչների հարցը։ «Հայաստանը փոքրանում է, մեր տարածքները փոքրանում են, մարդիկ կորցնում են հայրենիքը, հողը, գերեզմանները... Արցախը որ չկա, այն արոտավայրերը, որ Արցախում ենք կորցրել․․․»:
Կարծիքներ