Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունը՝ Արցախի 44-օրյա պատերազմի մասին

Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունը՝ Արցախի 44-օրյա պատերազմի մասին

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարություն է ընդունել նոյեմբերի 8-ի՝ այսպես կոչված «44 օրյա պատերազմում տոնած հաղթանակի օրվա կապակցությամբ»։ Դրանում, մասնավորապես, ասված է․

«Ադրբեջանի նախագահ, հաղթանակած գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի գլխավորությամբ Ադրբեջանի Զինված ուժերի տոնած փառահեղ հաղթանակը 2020 թ․ սեպտեմբեր-նոյեմբերին տեղի ունեցած 44-օրյա Հայրենական պատերազմում, հանդիսանում են մեր երկրի պատմության ամենաբացառիկ և կարևոր իրադարձություններից մեկը։

Պատմական հաղթանակը, որը հանգեցրեց մարտի դաշտում Հայաստանի զինված ուժերի ջախջախիչ պարտությանը, շուրջ 30 տարի օկուպացված ադրբեջանական հողերի ազատագրմանը և մեր պետության տարածքային ամբողջականության վերականգնմանը, վկայում է այն մասին, որ մեր ժողովուրդը չի հաշտվել անարդարության հետ, որը երբեմն բացահայտ, երբեմն էլ թաքուն փորձում էին ստիպել մեզ ընդունել․ յուրաքանչյուրը ցույց տվեց իր պատրաստակամությունը՝ անձնուրաց պաշտպանելու ազգային կենսական շահերը։

Ռազմատենչ հայկական ազգայնականության կողմից վերջին երկու դարերի ընթացքում իրականացված բազմաթիվ էթնիկ զտումների վերջնական կասեցումը խթան հանդիսացավ ադրբեջանական պետականության պատմության մեջ զարգացման նոր շրջանի մեկնարկի համար։ Մեր ժողովուրդը, իր անպարտելի հրամանատարի և հեռատես ղեկավարի գլխավորությամբ մեծ հաղթանակի հասնելով, հաստատակամորեն հայտարարեց, որ ոչ ոք չի կարող իր հետ խոսել ուժի և ճնշման լեզվով։ Ցավոք, հաղթանակի ճանապարհը մեր ժողովրդին արժեցավ մեծ զոհեր և կորուստներ։ Տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ սպանվեցին, վիրավորվեցին և հաշմանդամ դարձան, իսկ զանգվածային էթնիկ զտումների արդյունքում մեր մեկ միլիոնից ավելի հայրենակիցներն ավելի քան 30 տարի ստիպված էին ապրել փախստակի և բռնի տեղահանվածի կարգավիճակով։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած գրեթե 4000 ադրբեջանցիների ճակատագիրը դեռևս անհայտ է։

Ղարաբաղյան թե՛ առաջին, թե՛ երկրորդ պատերազմների ժամանակ հակառակորդը, կոպտորեն խախտելով միջազգային կոնվենցիաների պահանջները, բազմաթիվ ռազմական հանցագործություններ է կատարել զինվորական անձնակազմի և խաղաղ բնակչության դեմ, այդ թվում՝ ցեղասպանության և պետական ահաբեկչության գործողություններ։ Օկուպացված տարածքում հայ վանդալները թալանել, ավերել ու այրել են մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը, առանձնակի դաժանությամբ ոչնչացրել մեր ազգային, մշակութային և պատմական ժառանգությունը։ Օկուպացված տարածաշրջանի 67 մզկիթներից 65-ի ավերումը, աղոթատեղիների պղծումը միայն այն բազմաթիվ փաստերից են, որոնք վկայում են մեր ժողովրդի ապրած ազգամիջյան ատելության և թշնամանքի դրսևորումների մասշտաբների մասին։

Ազատագրված տարածքում Հայաստանի ականային տեռորը դեռ շարունակվում է. 2020 թվականի նոյեմբերին ռազմական գործողությունների ավարտից հետո ականների պայթյունների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 260 ադրբեջանցի։ Սակայն թշնամու դաժանությունն ու վայրագությունները չէին կարող և չկարողացան կոտրել մեր ժողովրդի կամքը։ Ադրբեջանը նահատակների կյանքի ու արյան գնով ապահովեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Չմիավորման շարժման, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդարանի որոշումների կատարումը։ Իսլամական համագործակցության կազմակերպությունը և այլ միջազգային կազմակերպությունները վերականգնեցին պատմական արդարությունը և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների ուժը։

Այս փառահեղ Հաղթանակի հիմքում ընկած հիմնական գործոնը, որը մեր ժողովրդին ազատեց պարտության սինդրոմից և դարձրեց հաղթական ժողովուրդ, Ադրբեջանում վերջին 29 տարիների ընթացքում լայնախոհ, վստահելի և պատասխանատու քաղաքական ղեկավարության ֆենոմենն է։ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը շարունակեց մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի նախաձեռնած՝ ժամանակի պահանջներին համապատասխան ստեղծարարության և զարգացման ռազմավարությունը և Ադրբեջանը դարձրեց իր պատմության ամենահզոր պետությունը։ Ադրբեջանը համակողմանիորեն զարգանում է, ստեղծվել է երկրի քաղաքական, տնտեսական և ռազմական մեծ ներուժը, դաստիարակվել է երիտասարդ սերունդ, որը պատրաստ է ազատագրել հայրենի հողերը օկուպացիայից։ Մտածված ռազմական հայեցակարգի իրականացումը հնարավորություն տվեց ձևավորել ժամանակակից դարաշրջանի ամենաբարձր չափանիշներին համապատասխան զինված ուժեր։ Մեր զինվորների ու սպաների սխրանքը, ովքեր իրենց անպարտելի մարտական ոգու, անօրինակ խիզախության ու բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ թշնամուց մաքրեցին Շուշին ու մյուս քաղաքներն ու գյուղերը, հպարտություն է մեր ժողովրդի համար։ Այսօր մեր զինված ուժերը աչալուրջ հսկում են Ադրբեջանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ներքին և արտաքին քաղաքականությունը, ելնելով ժողովրդի շահերից և կարիքներից, հանգեցրել է հասարակության և պետության բոլոր ուժերի համախմբմանը` հասնելու ընդհանուր նպատակին։

Ադրբեջանականության իդեալներով ամրապնդված մեր ժողովրդի ազգային միասնությունը վերածվեց «երկաթե բռունցքի», որը մարտի դաշտում իջավ թշնամու վրա, դարձավ հաղթանակի կարեւոր գործոններից մեկը։ Այսպիսով, հայկական շովինիզմն ու ծավալապաշտությունը, որը թշնամական քաղաքականություն էր վարում ադրբեջանական ժողովրդի դեմ, ծանր պարտություն կրեց։

Եռակողմ հայտարարությունը, որը ստորագրվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին, սահմանել է հակամարտության ավարտը և Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքակիրթ միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական պարամետրերը։ Այսօր հաղթանակած ադրբեջանական ժողովուրդը Հայրենական պատերազմում ցուցաբերած իր սխրանքը ցույց է տալիս Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում՝ վերականգնողական և ստեղծարար լայնածավալ աշխատանքների միջոցով։ Նոր կյանք է սկսվում օկուպացիայի ժամանակ ավերված մեր հողերում։ Իրականացվում են մեծածավալ ծրագրեր՝ ուղղված ներքին տեղահանվածների հայրենի հողեր վերադարձին։ Քաղաքների ու գյուղերի հիմքերը դրվում են, նոր բնակավայրերն ընդունում են առաջին բնակիչներին։ Ստեղծվում են ենթակառուցվածքներ, շահագործման են հանձնվում արդյունաբերական ձեռնարկություններ, այլ օբյեկտներ, աշխուժանում է գյուղատնտեսությունը։ Կառուցվում են ճանապարհներ, կամուրջներ, թունելներ։ Այս տարածաշրջանում արդեն շահագործման են հանձնվել երկու միջազգային օդանավակայաններ, նախապատրաստական աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի բացման համար։ Այս ամենն էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի՝ որպես Արևելքի և Արևմուտքի միջև կապող տարանցիկ երկրի ներուժը։ Կասկածից վեր է, որ տարածաշրջանում գտնվող երկրների միջև տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնումը, նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը, տարածաշրջանը լոգիստիկ կենտրոնի վերածելը կնպաստեն Ադրբեջանի և հարևան երկրների տնտեսական զարգացմանը։

Վերոնշյալի կապակցությամբ Ադրբեջանի Միլի Մեջլիսը կոչ է անում հայկական կողմին ճիշտ գնահատել պատմական հնարավորություններն ու հանգամանքները և զերծ մնալ խաղաղ գործընթացը վտանգող գործողություններից։ Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսը կարծում է, որ խաղաղ բանակցությունների գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների և ստանձնած պարտավորությունների իրականացումը, հիմնված Ադրբեջանի առաջարկած 5 հիմնարար սկզբունքների վրա, կնպաստեն կողմերի միջև վստահության ամրապնդմանը և կարճ ժամանակահատվածում խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարող են հաստատվել միայն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միմյանց միջազգային սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման և հարգանքի հիման վրա։ Ադրբեջանի Հանրապետությունը շարունակելու է ձեռնարկել բոլոր միջոցները Հայրենական պատերազմում ձեռք բերված պատմական հաղթանակի ձեռքբերումները պաշտպանելու և մեր ժողովրդի ու պետության դեմ թշնամական նոր գործողությունները կանխելու համար»,-ասված է հայտարարության մեջ։